Փաշինյանն ու «Ռոսատոմի» տնօրենը քննարկել են Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հարցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի հետագա շահագործմանը, Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հնարավորություններին վերաբերող հարցեր:

«Վարչապետը նշել է, որ էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցությունն ունի հարուստ օրակարգ, իսկ «Ռոսատոմ»-ն ատոմային էներգետիկայի բնագավառում ՀՀ կառավարության հիմնական գործընկերն է: Գործադիրի ղեկավարը բարձր է գնահատել կորպորացիայի դերը ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման գործում և վստահություն հայտնել, որ փոխգործակցությունն առաջիկայում ևս արդյունավետ կլինի»,- ասված է հաղորդագրությունում։

«Ռոսատոմի» տնօրենը նշել է, որ կորպորացիան շահագրգիռ է առաջիկա տարիներին ևս արդյունավետ համագործակցել ՀՀ կառավարության հետ: