Ռուս սահմանապահները ՌԴ քաղաքացուն թույլ չեն տվել Շվանիձորից գնալ Մեղրի

Օրերս Ռուսաստանի քաղաքացի Վալենտինա Գագարինան հայտնվել է մի իրավիճակում, երբ ռուս սահմանապահները նրան արգելել են Շվանիձորից գնալ Մեղրի։ Նա Մոսկվայից ռուսական պետհամարանիշներով մեքենայով եկել է Հայաստանի հարավ՝ Շվանիձոր գյուղ՝ այցելելու իր պապին և հարազատներին։

«Երբ եկա, առաջին օրը երկու հայկական ու մեկ ռուսական սահմանապահ ուղեկալներ անցա, միայն անձնագիրս ստուգեցին ու թողեցին ճանապարհը շարունակեմ։ Երկրորդ օրը թույլ տվեցին՝ Շվանիձորից Մեղրի գնամ ու հետ գամ՝ նորից առանց որևէ հարց տալու։ Երրորդ օրը, քանի որ Շվանիձորում խանութը փակվել էր, որոշել էինք գնալ Մեղրի ընթրելու։ Ես ու ռուս ընկերուհիս էինք, երեխաների հետ։ Շվանիձորից դուրս գալիս կա ռուսական սահմանապահ ուղեկալ, ռուս սահմանապահները մեզ կանգնեցրին ու թույլ չտվեցին շարունակել ճանապարհը՝ պատճառաբանելով, որ ղեկավարությունը հրաման է արձակել, որ Ռուսաստանի քաղաքացիներին ու ռուսական մեքենաներին թույլ չտան անցնել ուղեկալով»,- պատմեց ՍիվիլՆեթի զրուցակիցը։

Նա հետաքրքրվել է, թե ինչպես պետք է հասնի Մեղրի, ինչին ի պատասխան ռուս սահմանապահներն ասել են, որ կարող է Շիկահող-Կապան-Քաջարան ճանապարհով գնալ Մեղրի։

«Ես ասացի, որ այստեղից դեպի Մեղրի տասը րոպե տևող ճանապարհ է, իսկ դուք ինձ առաջարկում եք գնալ Կապանով, ընդ որում՝ վատ վիճակում գտնվող ճանապարհով, որին ես ընդհանրապես ծանոթ չեմ ու ավելի քան վեց ժամ պետք է գնամ»,- պատմեց Գագարինան։

Հասկանալով, որ խնդիրը չի լուծվում, կինը պահանջել է հենց ուղեկալի մոտ պատվիրել սնունդ, հակառակ դեպքում՝ ասել է, որ ոչ մի դեպքում չի լքի տարածքը, քանի դեռ ղեկավարությունը չի եկել։

«Ասացին, որ կփորձեն խնդիրը լուծել ու սկսեցին զանգել իրենց հրամանատարությանը, մոտ մեկ ժամ անց ինձ նման առաջարկ արեցին, որ թույլ կտան գնալ Մեղրի՝ պայմանով, որ անձը հաստատող փաստաթուղթ թողնենք իրենց մոտ, որպեսզի համոզված լինեն, որ հետ կգանք։ Քանի որ երեխաները հոգնել էին, ես անձնագիրս թողեցի, որպեսզի կարողանանք անցնել»,- ասաց Վալենտինա Գագարինան։

Մեղրի հասնելուն պես նա զանգահարել է ռուսական սահմանապահ զորակազմում նախկինում բարձր պաշտոն զբաղեցրած իր հարազատին՝ ներկայացրել խնդիրը։ Այդ անձն էլ ռուս սահմանապահների շրջանում իր ծանոթների միջոցով այնպես է արել, որ հաջորդ օրը իրենց թույլ տան անխոչընդոտ մեկնել Երևան։

Վալենտինան նաև նշեց, որ նախկինում ևս եկել է Շվանիձոր, բայց նման խնդրի երբեք չի բախվել։

ՍիվիլՆեթ, Գորիս