ՍիվիլՆեթի դեմ հայցով դատական նիստին հարցաքննվեց հայցվորը՝ Ստեփան Մոսինյանը

Դատավոր Սուրեն Բաղդասարյանը

ՍիվիլՆեթ առցանց հեռուստատեսության ու ՍիվիլՆեթի Լոռու մարզի թղթակից Լարիսա Փարեմուզյանի դեմ «Ալավերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ստեփան Մոսինյանի հայցով հուլիսի 11-ին դատարանում հարցաքննվեց հենց ինքը՝ հայցվոր Մոսինյանը։ Նիստի ընթացքում Մոսինյանին հարց տվեց Լարիսա Փարեմուզյանը՝ հիշեցնելով, որ 2022-ի հունվարի 19-ին ՍիվիլՆեթում հրապարակված՝ «​​Ալավերդի․ բժշկական կենտրոնի վիրաբույժի անփութությունն ու տնօրենի բիզնես շահերը» հոդվածում ահազանգ կար ԲԿ-ում մահացած հիվանդի ախտորոշման հետ կապված։ Նա հետաքրքրվեց, թե արդյոք Մոսինյանին այդ մասին հայտնել էին։ Ստեփան Մոսինյանը հրաժարվեց պատասխանել այս հարցին։

Մոսինյանի հայցի համար հիմք էին հանդիսացել 2022-ի հունվարի 19-ին ՍիվիլՆեթում հրապարակված՝ «​​Ալավերդի․ բժշկական կենտրոնի վիրաբույժի անփութությունն ու տնօրենի բիզնես շահերը» վերտառությամբ և մարտի 14-ի՝ «Ալավերդու ԲԿ-ի տնօրենը՝ «մահվան» բիզնեսի մենաշնորհատեր» վերտառությամբ հոդվածները։ Առաջին հոդվածում ՍիվիլՆեթի լրագրողը խոսել է բժշկական անփութության պատճառով մահացած պացիենտի մասին, իսկ երկրորդում գրել, որ Ստեփան Մոսինյանը Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում 2008-ից թելադրող դիրք է գրավում դագաղի բիզնեսում: Բացի այդ, բացահայտել էր, որ Մոսինյանն իր կնոջ՝ Ծովինար Գրիգորյանի անունով գրանցել է «Գրիմոս Գրուպ» ընկերությունը, որը նույն բժշկական կենտրոնում դեղատուն ունի, ինչպես նաև զբաղվում է դիակների տեղափոխմամբ դիահերձարան՝ կրկին Մոսինյանի հետ փոխկապակցված սգո սրահից։

Նիստի հենց սկզբին Ստեփան Մոսինյանը պնդեց, որ տեսախցիկներն իրեն չնկարահանեն, դատարանը նրա միջնորդությունը բավարարեց։ Նախնական դատական այս նիստին քննարկվում էր հայցի մի մասի նկատմամբ հայցային վաղեմության կիրառման և այդ հիմքով կարճելու հարցը։

Խնդիրն այն է, որ Քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ իրավունքի պաշտպանության հայց կարող է ներկայացվել դատարան՝ վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում: Մոսինյանին կանչել էին դատարան՝ պարզելու, թե 2022-ի հունվարի 19-ին հրապարակված հոդվածի մասին երբ է տեղեկացել։

Ձախից՝ ՍիվիլՆեթի ներկայացուցիչ Լիլիթ Հարությունյանը, կենտրոնում՝ ՍիվիլՆեթի թղթակից Լարիսա Փարեմուզյանը

Նախքան Մոսինյանի հարցաքննությունը սկսելը ՍիվիլՆեթի ներկայացուցիչ Լիլիթ Հարությունյանը հարց բարձրացրեց հայցվորի ներկայացուցիչներից մեկի վերաբերյալ, նրանք երկուսն էին դահլիճում՝ փաստաբան Ենոք Ազարյանը և բժշկական կենտրոնի իրավաբանը։ Փաստաբանը փորձեց հասկանալ, թե Ալավերդի ԲԿ-ի իրավաբանը ինչ կարգավիճակով է Մոսինյանին ներկայացնում․ ի վերջո, հայցը ներկայացրել-բերել է ոչ թե Ալավերդի ԲԿ-ի տնօրեն Մոսինյանը, այլ ֆիզիկական անձ Մոսինյանը։

«Այս դեպքում մենք ոչ թե Ալավերդի ԲԿ-ի՝ որպես սուբյեկտի հարցին ենք անդրադառնում, այլ հենց պարոն Մոսինյանի անձին։ Ուզում եմ հասկանալ՝ Քաղաքացիական օրենսգրքի ո՞ր դրույթին եք հղում կատարել, երբ լիազորագիր եք ներկայացրել»,- հետաքրքրվեց փաստաբանը։ Ի պատասխան՝ ԲԿ-ի իրավաբանը սկսեց պատմել, որ ինքը հիվանդանոցի ակունքներում է կանգնած, փաստաբանի արտոնագիր չունի, պարզապես ԲԿ-ի աշխատակիցն է, սակայն չնշեց որևէ իրավական հիմք՝ իր լիազորագրի վերաբերյալ։

Ըստ դատավոր Սուրեն Բաղդասարյանի՝ քանի որ հոդվածը վերաբերում է ԲԿ-ին ու տնօրենին, դրա համար էլ ինքը թույլատրել է ինչպես Մոսինյանի փաստաբանին, այնպես էլ ԲԿ-ի իրավաբանին ներկա լինել դատարանում։

«Տնօրենը պարզապես ընկերության լիազոր ներկայացուցիչն է, իր հերթին ՓԲԸ-ն կարող է ունենալ իրավաբան, որը հանդես է գալիս ընկերության, ոչ թե տնօրենի անունից։ Թե՛ տնօրենը, թե՛ իրավաբանն իրավունք ունեն հանդես գալ ընկերության անունից, բայց իրավաբանն այս պարագայում Քաղաքացիական օրենսգրքով պարզապես տնօրենի՝ որպես առանձին ներկայացուցիչ չի կարող հանդես գալ»,- ասաց Լիլիթ Հարությունյանը՝ հավելելով, որ իրավաբանի լիազորագիրը ոչ թե Մոսինյանի, այլ ԲԿ-ի անունից հանդես գալու համար է, սակայն ԲԿ-ն որպես իրավաբանական անձ գործով կողմ չէ։

Դատավորը արձանագրեց, որ բացթողում կա հայցադիմումում, քանի որ հայցվոր նշված է միայն Ստեփան Մոսինյանը, սակայն միաժամանակ թույլատրեց, որ Ալավերդի ԲԿ-ի իրավաբանը հանդես գա դատարանում։

Այնուհետև սկսվեց Մոսինյանի հարցաքննությունը։ Դատարանում նա հայտնեց, որ այդ հոդվածի մասին տեղեկացել է մարտի 16-17-ի ժամանակահատվածում՝ փոխտնօրենից։ Նա խոստովանեց, որ «բավականին էմոցիոնալ է ու էմոցիոնալ քննարկում էլ ունեցել փոխտնօրենի հետ»։

«Նա ինձ պատասխանեց, որ աչքալուսանք չէ։ Ես նույն րոպեին կապվել եմ լրատվության ծառայության պատասխանատուի հետ, նույն հարցը տվել եմ ու նույն պատասխանը ստացել եմ, գրեթե նույն պատասխանը ստացել եմ, որ աչքալուսանք չի»,- ասաց Մոսինյանը։

Ի դեպ, դատարանում նա շարունակում էր էմոցիոնալ մնալ, ընդհատում էր պատասխանող կողմին, հարցերի վերաբերյալ մեկնաբանություններ անում։ Ուշագրավ էր, որ ՍիվիլՆեթի ներկայացուցչի հարցի ժամանակ Մոսինյանն ընդհատեց նրան՝ առանց լսելու ամբողջական հարցադրումը, այնուհետև միջամտեց նրա փաստաբան Ենոք Ազարյանը՝ գնահատողական դատողություններ կատարելով մյուս կողմի հարցի վերաբերյալ, սակայն դատավոր Բաղդասարյանը ոչ միայն չընդհատեց Մոսինյանի փաստաբանին, այլև ՍիվիլՆեթի փաստաբանին հորդորեց տալ «կոնկրետ հարցեր՝ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք չտալու համար»։

Դատարանում մեկ այլ վեճ ծավալվեց փաստաբան Ազարյանի ու պատասխանողների միջև․ մասնավորապես, խոսք գնաց այն մասին, որ հայցվորի ներկայացուցիչը առարկություններից մեկում հղում է արել Զանգվածային լրատվության մասին օրենքին։ Ազարյանը կրկին ընդհատեց՝ հայտարարելով, որ ԶԼՄ-ների մասին օրենքին հղում չի արել, «ԶԼՄ-ների մասին օրենքը լրիվ հիմար բան է ասում», և ինքը նշել է Քաղաքացիական օրենսգրքի մասին։

Գևորգ Թոսունյան, Ալավերդի