Մեկնարկում է ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու գործընթացը

Հուլիսի 14-ին Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստի ընթացքում կքննարկվի ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու նախագիծը։

«Ազգային ժողովի պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» նախագիծը հրապարակվել է խորհրդարանի կայքում։

Ազգային ժողովի խորհուրդը, որի կազմում են ԱԺ նախագահը, նրա տեղակալները, խմբակցությունների և մշտական հանձնաժողովների ղեկավարները, Սահմանադրական դատարան է դիմելու ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության բոլոր և «Պատիվ ունեմ» խմբակցության չորս պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով։ Նախագծում ներառված չէ միայն «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Թագուհի Թովմասյանի անունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմությունը մայիսի 2-ից փակել էր Ֆրանսիայի հրապարակը։ Ընդդիմադիրները նստացույցին զուգահեռ անհնազանդության ակցիաներ, հանրահավաքներ էին իրականացնում Երևանում և մարզերում։ Ակցիաներին մասնակցում էին ինչպես «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչներ, այնպես էլ այլ խմբեր ու քաղաքացիներ։ Ընդդիմությունը նշում է, որ «Նիկոլ Փաշինյանը չունի Հայաստանը նոր զիջումների տանելու մանդատ և պետք է հրաժարական տա»։

Հունիսի 14-ին «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ «հավաքում են Ֆրանսիայի հրապարակի վրանները»։ Ընդդիմադիրները, Սաղաթելյանի խոսքով՝ որոշել են վերափոխման ենթարկել շարժման կառուցվածքը և բովանդակությունը՝ «շարժման ներուժը մեծացնելու, հարթակն ընդլայնելու» համար։

Ֆրանսիայի հրապարակը բացելուց հետո էլ ընդդիմադիրները չվերադարձան խորհրդարան, բայց նաև վայր չդրեցին մանդատները՝ «ամեն վայրկյան պատգամավորի մանդատը օգտագործելու» հիմնավորմամբ։

Ավելի վաղ՝ հուլիսի 1-ին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փակ, գաղտնի քվեարկությամբ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին ու Տնտեսական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին զրկել էր խորհրդարանում զբաղեցրած պաշտոններից։ Սաղաթելյանի ու Հակոբյանի պաշտոնանկության համար հիմք է եղել մեկ նստաշրջանի ընթացքում նրանց բացակայությունների մեծ թիվը։

Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից հետ կանչելուց հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հրաժարական էր ներկայացրել տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Ազգային ժողովում վարչական պաշտոնից հրաժարական էր տվել նաև «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։ Նա ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն էր։ Հրաժարականների մասին հայտարարել էին նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Թադևոս Ավետիսյանը և Արթուր Խաչատրյանը՝ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոններից։