Հրազդանի նախկին քաղաքապետն անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով

Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանն ու նրա հետ փոխկապակցված անձինք անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Այդ մասին տեղեկանում ենք «Ազդարար» հրապարակային ծանուցումների հարթակից։

Ապօրինի ծագման գույքի գործով անցնում են Դանիելյանի կինը՝ Զարիկ Գևորգյանն ու դուստրը՝ Արաքս Դանիելյանը։ Ըստ նրանց ուղղված ծանուցագրերի՝ դատախազությունում ուսումնասիրություն է անցկացվել, որի արդունքում կազմվել է ամփոփագիր, ինչի հիման վրա էլ նրանց պատկանող գույքը համարվել է բռնագանձման ենթակա։ Հուլիսի 15-ին նրանք կանչվել են դատախազություն՝ ուսումնասիրության վերաբերյալ բացատրություններ տալու նպատակով։

Դանիելյանը Հրազդանի քաղաքապետն էր 2002-2018 թվականներին, Հանրապետական կուսակցության անդամ է։ 2019-ին Դանիելյանը ձերբակալվել էր մի քրեական գործի շրջանակում, որը վերաբերում էր Հրազդանի համայնքապետարան մուտքագրված հողի հարկի ու գույքահարկի գումարներից յուրացումներ կատարելուն, որը հայտնաբերվել էր արտաքին աուդիտի արդունքում։

Շուրջ մեկ ամիս անց Դանիելյանը վերականգնել էր պատճառված վնասը՝ 102 միլիոն դրամի չափով, միևնույն ժամանակ չէր ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։