Օգոստոսի 1․ որոշում, որ կառավարությունը ստիպված կլինի հետաձգել

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը երկու օր առաջ հիշեցրեց/զգուշացրեց, որ օգոստոսի 1-ից տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե գազաբալոնը տեղադրված կամ վկայագրված չէ լիցենզավորված կազմակերպության կողմից։

Այսօր էլ նախարարությունը ներկայացրել է Երևանում և մարզերում գազաբալոնների վկայագրման 23 լիցենզավորված կազմակերպության անուն և հասցե։

Հայաստանում ավելի քան 600 000 ավոտմեքենա կա։ Ըստ Ավտոապահովագրողների բյուրոյի՝ 2022-ի հունիսի դրությամբ 590 000-ից ավելի ավտոտրանսպորտային միջոց ունեցել է գործող ԱՊՊԱ պայմանագիր։

Տարբեր հաշվարկներով՝ այս մեքենաների 80 և ավելի տոկոսը աշխատում է գազով։ Այսինքն, մոտ 470 000 մեքենա։

Օգոստոստի 1-ին մնացել է 12 աշխատանքային օր կամ 480 ժամ կամ էլ 96 աշխատանքային ժամ (եթե հիմք ընդունենք 5-օրյա աշխատանքային ռեժիմը)։

Այսինքն, կոպիտ հաշվարկով 24-ժամյա աշխատանքի դեպքում ժամում 1000 մեքենա պետք է ստուգվի և վկայագիր ստանա։

Իսկ եթե հաշվարկենք աշխատանքային ժամերով, ապա ժամում մոտ 4900 մեքենա պետք է անցնի ստուգում։

Այս 23 կազմակերպություններից յուրաքանչյուրը 24-ժամյա ռեժիմով աշխատելու դեպքում միջինը օրական պետք է 20 434 մեքենա ստուգի և լիզենզավորի։

Սա ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՉԷ։

Եվ այս պահին հստակ կարելի է ասել հետևյալը․

  • Օգոստոստի 1-ի դրությամբ մեքենաների 10 տոկոսն էլ լիցենզավորված չի լինելու։
  • Լինելու է տրանսպորտի ուղեվարձի որոշակի ժամանակավոր թանկացում։
  • Լինելու է սոցիալական բողոք՝ տաքսիստների, վարորդների, ուղևորների և այլոց ։
  • Գազալցակայանները մեծամասամբ անտեսելու են օրենքը և շարունակելու են լիցքավորել մեքենաները։
  • Պետությունը չի ունենալու բավարար ռեսուրսներ և կամք ստուգումներ և վերահսկողություն իրականացնելու համար։
  • Կառավարությունը որոշելու է հետաձգել որոշման կիրարկումը։

Այս կառավարության խրոնիկ խնդիրներից մեկն այն է, որ ինչ-որ բան նախաձեռնում է, հետո տեսնում՝ ինչ կլինի, ու ըստ այդմ սկսում գործել։

Այդպես էր անասունների մորթը սպանդանոցներում պարտադիր իրականացնելու որոշումը, որի կիրարկումը վեց ամսով հետաձգվեց, իսկ փաստացի ոչ սպանդանոցային մորթը հանրապետությունում շարունակվում է։

Այդպես էր կորոնավիրուսի համավարակի ժամանակ, երբ որոշումներն ընդունվում էին՝ առանց պատշաճ իրազեկման արշավի ու վերահսկողության։

Ծխելը հանրային սննդի օբյեկտներում արգելելու որոշումը, որն ըստ էության չի գործում, նույնպես այդ շարքից է։

Սովորական անձնագրեր չտրամադրելու և բացառապես միայն կենսաչափական անձնագրեր տալու և արդյունքում որոշումը կատարել չկարողանալու որոշումը՝ ևս մեկ օրինակ։

Առհասարակ, հանրային և սոցիալական մեծ նշանակություն ունեցող որևէ փոփոխության կիրարկում նախապատրաստական երկար աշխատանք, ժամանակ և հանրային արշավ է պահանջում։

Հ․Գ․

Սրանք ներքին հարցեր են, որոնց կարող ենք հարմարվել կամ փոխել։ Մենք սովոր ենք համակերպվել։

Իսկ ի՞նչ անենք, եթե նույն մոտեցումն է արտաքին քաղաքական հարցերում ու Ղարաբաղի խնդրում։

Սպասենք, տեսնենք ինչ կլինի։ Հետո մի բան կանենք։

Մեկնաբանել