Ոստիկանությունն այսուհետ ինքը կիրականացնի ճանապարհային երթևեկության անվտանգության պահպանման էլեկտրոնային համակարգերի կառավարումը, շահագործումը, տեխնիկական սպասարկումը, վարչական ակտերի նախագծերի կազմումը։ Խոսքը ճանապարհային տեսալուսանկարահանող սարքերի, արագաչափերի սպասարկման մասին է, որը վերջին տարիներին իրականացնում էր «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը։ Ծառայությունն իրականացնելու համար ստեղծվում է «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Այս որոշումն ընդգրկված է կառավարության հուլիսի 14-ի նիստի օրակարգում։ 2017-ից էլեկտրոնային այս համակարգերը հանձնվել էին «Սեքյուրիթի դրիմ»-ին՝ հավատարմագրային կառավարման նպատակով։ Պայմանագիրը ենթադրում էր, որ ոստիկանությունը փոխհատուցում է ընկերության կատարած ծախսերը, բացի այդ ՝ տեսալուսնկարահանման, արագաչափերի սարքերով արձանագրված խախտումների արդյունքում գոյացած տուգանքների 10 տոկոսը ևս փոխանցվում էր «Սեքյուրիթի դրիմ»-ին։ 2017-2021 թվականներին ընկերությանը տուգանքներից գոյացած գումարների 10 տոկոսն ուղղելու թիվն աճել է, ըստ որոշման հիմնավորման՝
2017-ին հաշվարկվել ու վճարվել է 497 միլիոն դրամ
2018-ին՝ 547 միլիոն դրամ
2019-ին՝ 583 միլիոն դրամ
2020-ին՝ 462,5 միլիոն դրամ
2021-ին՝ 715 միլիոն դրամ։
Բացի այս, «Սեքյուրիթի դրիմ»-ը, ըստ ոստիկանության ներկայացրած տվյալի, տարեկան ստացել է աշխատավարձերի փոխհատուցում 1,5 միլիադ դրամի չափով, ծրագրային ու տեխնիկական ապահովման փոխհատուցում՝ 825 միլիոն դրամի չափով և այլն։
Ոստիկանությունն այս տարվա ընթացքում էլեկտրոնային համակարգերը մասնավորին հավատարմագրային կառավարման հանձնելու մրցույթ է հայտարարել, սակայն հետագայում որոշում է կայացվել, որ տեսալուսանկարահանող սարքերի կառավարումը կիրականացնի նոր ստեղծվող պետական ոչ առևտրային կազմակերպությունը (ՊՈԱԿ)։ ՊՈԱԿ-ի պահպանման ծախսերը իրականացվելու է ոստիկանության յուրաքանչյուր տարվա բյուջեով։
«Գործառույթը, որ իրականացնում էր «Սեքյուրիթի դրիմ»-ը, վերցնում ենք ու իրականացնում ՊՈԱԿ-ի միջոցով։ Որոշման համար վերջին կաթիլը հանդիսացել է այն, որ մենք հավատարմագրային կառավարման մրցույթ ենք հայտարարել ու փորձել ենք մրցութային պայմաններով պաշտպանել հանրային շահը ու տեսել ենք, որ մրցութային օրենսդրությունը մանիպուլյացիաների առիթ է դարձել ու որոշել ենք թեման ֆունդամենտալ փակել»,- հարցի քննարկմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա համոզմունք հայտնեց, որ պետությունը կկարողանա կատարել համակարգերի սպասարկման գործունեությունը ու այլևս հարց չի առաջանա, թե պետությունը եկամտի որ մասը ում հետ պետք է բաժանի, ամբողջ եկամուտը բերվում է պետական տիրույթ. «Սեքյուրիթի դրիմ»-ի դարաշրջանն ավարտվում է»,- ազդարարեց Փաշինյանը։
Ակնկալվում է, որ ոստիկանության կողմից հիմնադրվող ՊՈԱԿ-ը ավելի ծավալուն գործունեության կանցնի՝ տեսախցիկներով հանցագործությունների բացահայտման ու նախականխման համար։ Ոստիկանապետ Վահե Ղազարյանն ասաց, որ ՊՈԱԿ-ը ծառայություն կմատուցի մինչև հունվարի 1-ը։
2018-ից հետո իրավապահները ստուգում էին «Սեքյուրիթի դրիմ»-ի գործունեությունը, Քննչական կոմիտեում 2018-ին հարուցվել էր քրեական գործ՝ շուրջ 1 միլիարդ դրամի հափշտակություն կատարելու հատկանիշներով։ Այս գործով անցնում էր մեկ այլ ընկերություն ևս՝ «Էլիպս»-ը։ «Սեքյուրիթի դրիմ»-ի բաժնետերերից Ալեքսան Զաքարյանը կալանավորվել էր, հետագայում սակայն ազատ արձակվել։ Նա սկսել էր մաս-մաս վերականգնել պատճառված վնասը։ «Սեքյուրիթի դրիմ»-ը կապվում էր Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի հետ, թեպետ վերջինս հերքել է իր առնչությունը ընկերության հետ, նման տվյալներ առկա չեն նաև ընկերության պաշտոնական փաստաթղթերում։