Մուրադ Փափազյանը Հայաստանում ճանաչվել է անցանկալի անձ

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանին արգելվել է մուտք գործել Հայաստան, նա ՀՀ-ում ճանաչվել է անցանկալի անձ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ինքը՝ Մուրադ Փափազյանը։

«Ցավով եմ տեղեկացնում, որ անցած գիշեր ինձ արգելվել է մուտք գործել Հայաստան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով՝ Հայաստանում համարվում է անցանկալի անձ»,- գրել է նա։

Փափազյանի խոսքով՝ Երևան ժամանելուց հետո ոստիկանությունը նրան ուղեկցել է դեպի վերադարձի օդանավ։

«Գիտեի, որ Ադրբեջան և Թուրքիա մուտքս արգելված է և հիմա իմացա, որ արգելվել է մուտք գործել Փաշինյանի Հայաստան: Հայաստանի, հայության և Հայ Դատի համար 40 տարվա պայքարիցս հետո նման իրավիճակում հայտնվելը ուղղակի ցավ է պատճառում ինձ: Նիկոլ Փաշինյանի այս որոշումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ինքն իր ստանձնած պատասխանատվության բարձրության վրա չէ: Նա ուժեղ է իրեն զգում, երբ ոստիկաններից պահանջում է Հայ Դատի գործչի վտարել, բայց պատկերացնո՞ւմ եք այս փոքրիկ ղեկավարին Ալիևի և Էրդողանի առաջ։ Հայաստանի բնակիչները պետք է ուշ թե շուտ համոզվեն, որ պետք է ձերբազատվել այս ղեկավարությունից, որն ամեն ինչ անում է թուլացնելու Հայաստանը: Սփյուռքը նույնպես կհասկանա: Բայց արդեն ժամանակն է ասելու՝ կանգ առ»,- գրել է Փափազյանը: