Ռուսաստանն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը․ Զախարովա

Մոսկվան մշտապես աջակցում է Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ուզում եմ հիշեցնել, որ Ռուսաստանը մշտապես աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այն մեկնարկել է Մոսկվայում հունվարի 14-ին մեր անմիջական միջնորդությամբ»,- ասել է նա։

Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է հետագայում էլ «ուղեկցել» հայ-թուրքական երկխոսությունը։

Ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է տարածաշրջանի կայունության և տնտեսական բարգավաճման շահերից։

Ավելի վաղ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին իր աջակցությունն էր հայտնել ԱՄՆ պետքարտուղարությունը։

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարներն ընդգծել են հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է այս տարվա սկզբին։ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ին՝ Մոսկվայում։ Դրանից հետո բանագնացները ևս երեք հանդիպում են անցկացրել Վիեննայում։

Չնայած, որ առաջին երեք հանդիպումներից հետո կողմերը նշում էին՝ հանդիպումներն անցնում են կառուցողական մթնոլորտում, բայց որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվեցին միայն չորրորդ հանդիպմանը՝ հուլիսի 1-ին։

Մոտ 10 օր առաջ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը։

Բացի հատուկ ներկայացուցիչների բանակցություններից, մարտի 12-ին Անթալիայում կայացել է Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։

Մեկնաբանել