Հյուսիսային պողոտայի և Կասկադի կառուցապատման գոտում ոչնչացվել է 19 հուշարձան․ Դատախազություն

Հյուսիսային պողոտայի և Կասկադի կառուցապատման ծրագրերի իրականացման գոտում առերևույթ ոչնչացվել է 19 պատմամշակութային հուշարձան, հայտնում է Գլխավոր դատախազությունը։

«Իրականացված ծավալուն ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2000թ․-ի հոկտեմբերի 25-ի և 2001թ.-ի հուլիսի 16-ի որոշումներով հաստատված Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի և Կասկադի կառուցապատման ծրագրերի իրականացման գոտում առկա է եղել պետական հաշվառման վերցված ԽՍՀՄ, հանրապետական կամ տեղական նշանակության պատմության և մշակույթի թվով 19 անշարժ հուշարձան՝ Պուշկին, Արամի, Աբովյան, Թումանյան, Տերյան, Հին Երևանցու փողոցների տարբեր հասցեներում: Դրանք ընդգրկված են եղել Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակներում, որոնցից մասնակիորեն պահպանվել է միայն Պուշկին փողոցի 25 հասցեում գտնվող հուշարձանը, իսկ մնացածը քանդվել են»,- ասված է հաղորդագրությունում։

«Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ»-ից ստացված տեղեկության համաձայն՝ նշված հուշարձանների մի մասի վերաբերյալ տեղեկություն առկա չէ, իսկ որոշ հուշարձանների վերաբերյալ առկա տեղեկությունը թերի են: Երևանի քաղաքապետարանի արխիվային նյութերում առկա են միայն 4 հուշարձանների քանդման թույլտվություններ, իսկ «Հայաստանի ազգային արխիվ»-ից ստացված տեղեկության համաձայն՝ հուշարձանների քանդման վերաբերյալ փաստաթղթեր Հայաստանի ազգային արխիվ չեն հանձնվել:

«Այսինքն, 2000-2010թթ. ընթացքում Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև մշակույթի նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից դրսևորվել է ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունք, ինչի արդյունքում չեն կատարվել կամ ոչ պատշաճ են կատարվել հուշարձանների պահպանման և հսկողության իրականացման գործառույթները: Արդյունքում, Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի և կասկադի կառուցապատման ծրագրերի իրականացման գոտում ամբողջությամբ քանդվել է 18 մշակութային հուշարձան, իսկ 1-ը պահպանվել է մասնակի: Ընդ որում՝ նշված հուշարձանների քանդման, վնասման վերաբերյալ նախապատրաստված նյութեր, հարուցված քրեական գործեր ևս չկան»,- նշված է հաղորագրության մեջ։

Դատախազությունից նշում են, որ ուսումնասիրության արդյունքները հանցագործության կատարման մասին հաղորդմամբ ուղարկվել են քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ, քանի որ «ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք պարունակում են արարքի կատարման պահին գործող օրենսդրությամբ նախատեսված առերևույթ հանցավոր արարքների հատկանիշների մասին տվյալներ»։