Հայաստանը նոր գլխավոր շտաբի պետ ունի

Նախագահի հրամանագրով Էդվարդ Ասրյանը նշանակվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ հինգ տարի ժամկետով:

Ասրյանը 2021-ի մայիսի 21-ից սեպտեմբերի 27-ը զբաղեցրել է զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ – զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը: Դրանից առաջ նա գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետն էր:

Գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը պաշտոնից ազատվել էր 2022-ի փետրվարի 24-ին։ Այս ընթացքում ԳՇ պետի պարտականությունները ժամանակավոր կատարում էր գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը:

***

Ազգային ժողովը 2022-ի հուլիսի 7-ին փոփոխություններ էր կատարել «Պաշտպանության մասին» օրենքում, որի համաձայն՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ի պաշտոնե լինելու է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, որը, սակայն չի հանդիսանալու նախարարին փոխարինող պաշտոնատար անձ: Պաշտպանության նախարարին կարող է փոխարինել նրա քաղաքական տեղակալներից մեկը՝ վարչապետի որոշմամբ: