Samsung-ի ղեկավարներից մեկն ընդունել է iPhone-ի կատարելությունը

Samsung ընկերության բջջային կապի ղեկավար Ջեյ Քեյ Շինը ճանաչել է Apple-ի գերակայությունը սեփական ընկերության սմարթֆոնների նկատմամբ, հաղորդում է All Things Digital կայքը՝ վկայակոչելով Samsung-ի ներքին նամակագրությունը, որը հրապարակվել է ԱՄՆ դատարանում Samsung-ի և Apple-ի միջև արտոնագրային գործի քննության շրջանակում:

Խոսքը 2010թ. Samsung-ի անձնակազմի առաջ Շինի ելույթից հատվածներ պարունակող նամակի մասին է: Ջեյ Քեյ Շինը, մասնավորապես, նշել է, որ iPhone-ն ու Samsung-ի ապրանքները հարմարավետության տեսանկյունից «տարբեր են, ինչպես երկինքն ու երկիրը»: Շինն այս իրավիճակը բնութագրել է որպես իր ընկերության «դիզայներական ճգնաժամ»:

Արտոնագրային վերջին վեճը Apple-ի և Samsung-ի միջև լայնածավալ հակամարտության հերթական փուլն է: 2011թ. Apple-ը բջջային սարքավորումների շուկայում իր գլխավոր մրցակցին մեղադրել էր իր iPhone սմարթֆոնի և iPad պլանշետի դիզայնն ու տեխնոլոգիաները կրկնօրինակելու մեջ: Հարավկորեական ընկերությունը հանդես էր եկել պատասխան հայցով՝ Apple-ին մեղադրելով անլար կապի մի շարք տեխնոլոգիաների ապօրինի օգտագործման մեջ: Կողմերն աշխարհի տարբեր երկրների դատարաններում բազմաթիվ դիմահար հայցեր են փոխանակել:

ԱՄՆ դատարան ներկայացրած հայցով Apple-ը Samsung-ից 2,5 մլրդ դոլար է պահանջում՝ որպես արտոնագրերի խախտման դիմաց փոխհատուցում:

Մեկնաբանել