Վրաստանում դատավորը ԱՄՆ դեսպանատանը մեղադրում է գործերին միջամտելու մեջ 

Լաշա Չխիկվաձե

Շոտա Կինչա, OC Media

Վրաստանում «Մտավարի» հեռուստաալիքի տնօրեն Նիկա Գվարամիային դատապարտած դատավորը ԱՄՆ-ին մեղադրել է երկրի դատական ​​համակարգի վրա ճնշում գործադրելու մեջ՝ հաստատելով այն պնդումները, որ ԱՄՆ-ը չեղարկել է ճանաչողական այցի հրավերը նրա վիճահարույց որոշումից հետո։

Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Լաշա Չխիկվաձեն մայիսին Գվարամիային երեքուկես տարվա ազատազրկման է դատապարտել «Ռուսթավի 2» հեռուստաալիքիի ֆինանսները սխալ տնօրինելու համար։ Վճիռը լայնորեն քննադատել են տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները՝ որպես իրավականորեն չհիմնավորված և քաղաքական դրդապատճառներ ունեցող:

Վրաստանի իշխանություններին ուղղված ԵՄ-ի վերջին կոչը՝ երաշխավորելու, որ «լրատվամիջոցների սեփականատերերի դեմ հարուցված քրեական դատավարությունները համապատասխանեն ամենաբարձր իրավական չափանիշներին», ընկալվում էր, որ եթե ոչ ամբողջապես, ապա առնվազն մասամբ վերաբերում է Գվարամիայի գործին, հատկապես, որ կոչը հիմնվում էր Եվրոպական հանձնաժողովի՝ դատավաճիռը բացահայտ դատապարտող ավելի վաղ հնչեցված կարծիքի վրա։

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի տարածած հայտարարության մեջ դատավոր Չխիկվաձեն պնդում է, որ Վրաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Քևին Բերկը հարցաքննել է իրեն Գվարամիային դատապարտելու վերաբերյալ:

«Նա [Բերկը] ինձ ասաց, որ դեսպանին հետաքրքրում էր, թե ինչու ես մեղադրական դատավճիռ կայացրի և հատկապես ինչու ընտրեցի բանտարկությունը որպես պատիժ: Իմ գնահատմամբ՝ սա կոնկրետ դեպքի վերաբերյալ զեկուցելու հայց էր։ Նա նաև ասաց, որ իմ մասնակցությունը վեց օր անց նախատեսված այցին (վեց այլ դատավորների հետ) ցանկալի չէր լինի, և որ ես հեռացվել եմ ցանկից»:

Չխիկվաձեն այս ենթադրյալ փոխանակումը, ինչպես նաև Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Միխայել Գահլերի վերջին հայտարարությունը որակել է որպես արտաքին ճնշում Վրաստանի դատական ​​համակարգի վրա:

Հուլիսի 13-ին՝ հաջորդ շաբաթ նախատեսված Գվարամիայի գործով վերաքննիչ լսումների նախաշեմին, Գահլերը հույս է հայտնել, որ դատարանը «կօգտագործի պարոն Գվարամիային արդարացնելու հնարավորությունը, որպեսզի շտկի նախկին սխալները և վերականգնի ազատ մամուլի ուժեղ ձայնը»։

Չխիկվաձեն նաև ասել է, որ «քաղաքական որոշ ուժեր» նույնպես իրեն սպառնում են պատժամիջոցներով։

Վրացի դատավորը կոչ է արել «քաղաքական կուսակցություններին, դիվանագիտական ​​կորպուսին և միջազգային ու Վրաստանում գործող ոչ կառավարական խմբերին» ձեռնպահ մնալ դատական ​​համակարգի վրա ճնշում գործադրելուց։

Ավելի ուշ՝ ուրբաթ, Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը հերքել է դատարանի վրա ճնշում գործադրելու պնդումը:

«Ցանկացած ենթադրություն, որ ԱՄՆ-ն այստեղ միջամտում է դատական ​​գործընթացին, պարզապես ճիշտ չէ»,- ասել է նա:

Չխիկվաձեի՝ ԱՄՆ ճանաչողական այցի ցանկից հեռացնելու մասին առաջին անգամ հայտնել է ընդդիմադիր «Ֆորմուլա» հեռուստաալիքը մայիսի 20-ին՝ Գվարամիայի դատավճռից չորս օր անց:

Նույն օրը ավելի ուշ իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն Վրաստանում ԱՄՆ դեսպանատանը կոչ արեց հերքել, որ նրան հեռացրել են ցանկից։

Կոբախիձեն ընդդիմադիր հեռուստաալիքներին մեղադրել է ԱՄՆ-ին զրպարտելու մեջ՝ հայտարարելով, որ նրանք քաղաքական շարժառիթներով ապօրինի խտրականություն են դրսևորել վրացի դատավորի նկատմամբ։

ԱՄՆ դեսպանատունը հակիրճ արձագանքել է Կոբախիձեի կոչին՝ նշելով, որ Վրաստանի դատական ​​համակարգին օգնելու իրենց ծրագրերն իրականացվել են «անկուսակցական, ապաքաղաքական» ձևով, և որ իրենք «վստահ են»՝ այդ ջանքերը համապատասխանում են ինչպես Վրաստանի, այնպես էլ ԱՄՆ օրենքներին։

Վերջին տարիներին տեղական դիտորդները և արևմտյան երկրներն ավելի հաճախ են քննադատում Վրաստանի իշխող կուսակցության և ազդեցիկ դատավորների ցանցի միջև ենթադրյալ դաշինքը:

Մեկնաբանել