ԵՄ-ն Վրաստանի թեկնածության վերանայումը հետաձգում է մինչև 2023

Georgia EU Tbilisi

Շոթա Կինչա, OC Media

Եվրահանձնաժողովը որոշել է հետաձգել Վրաստանի անդամակցության հայտի վերանայումը մինչև հաջորդ տարի, որպեսզի երկրին բավարար ժամանակ տա բարեփոխումներն իրականացնելու ուղղությամբ աշխատանք տանելու համար։

Որոշման մասին հայտարարել է Եվրախորհրդարանում Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մայքլ Ռուպը՝ Վրաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի կատարման վերաբերյալ նիստի ժամանակ։

Երեկվա դրությամբ որպես նախնական ժամկետ էր դիտարկվում դեկտեմբերը։

Ռուփը բացատրել է, որ ժամկետի երկարաձգումը «վրացական քաղաքական համակարգին բավական ժամանակ կտա մանրակրկիտ աշխատելու համար» հունիսին ԵՄ-ի կողմից սահմանված առաջնահերթությունների վրա։

«Մենք, իհարկե, շատ շահագրգռված ենք, որ Վրաստանը քրտնաջան, խորը և մանրակրկիտ աշխատի [բարեփոխումների] այդ առաջնահերթությունների վրա։ Ուստի մենք, ուշադիր քննարկումից հետո, որոշեցինք, որ չպետք է շտապեցնենք վրացական քաղաքական վերնախավին երկիրը ապաբևեռացնելու իր փորձերում, որպեսզի կարողանան նստել նույն սեղանի շուրջ և մանրակրկիտ աշխատել բարեփոխումների վրա»,- նշել է Ռուպը։

Հունիսի 24-ին ԵՄ-ն հրաժարվեց Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրել՝ ներկայացնելով պայմանների ցանկ, որոնց Վրաստանը պետք է բավարարի՝ նախքան երկրի դիմումի վերանայումը:

Առաջարկությունների մեծ մասը վերաբերում են ինստիտուցիոնալ բարեփոխումներին՝ ի լրումն երկրում քաղաքական ապաբևեռացման կոչերին:

Հունիսին ԵՄ-ի որոշումը հաստատեց շատ վրացիների մտավախությունները, որ իրենց երկիրը հետ է մնում Մոլդովայից և Ուկրաինայից, որոնք երկուսն էլ հաջողությամբ ապահովեցին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակը:

Վրաստանի դիմումը չբավարարելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի հունիսի 17-ի հանձնարարականները, դրան հաջորդած ԵՄ որոշումը, Թբիլիսիում հունիսի 20-ին հակակառավարական զանգվածային ցույցի պատճառ դարձան։ Բողոքի այս ակցիան 2012-ից ի վեր «Վրացական երազանք» կուսակցության կառավարման ընթացքում տեղի ունեցած ամենամարդաշատ ցույցերից մեկն էր:

Թբիլիսիի խորհրդարանի մոտ hուլիսի 3-ի հակակառավարական բողոքի ակցիան, տեսարանը՝ անօդաչու թռչող սարքից, լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձե-ի/OC Media։

Այնուամենայնիվ, եվրոպամետ և հակակառավարական ցույցերը, որոնք առաջնորդում էր հասարակական մի շարք կազմակերպությունների միավորվող «Տուն դեպի Եվրոպա» հարթակը, հուլիսի 3-ին հայտնվեցին փակուղում, ցույցերն ամբողջությամբ մարեցին, քանզի կազմակերպիչները հետագա ծրագրեր չունեին:

Երկարատև անմիաբանություն

Վրացական քաղաքական դաշտում ամենամեծ տարաձայնությունը եղել է իշխող «Վրացական երազանքի» և «արմատական ընդդիմության» միջև, ինչպես նրանց անվանում են «Վրացական երազանքի» առաջնորդները։

«Արմատական ընդդիմությունը», ըստ իշխող կուսակցության առաջնորդների, միշտ ներառում է նախկինում իշխող «Միացյալ ազգային շարժում»-ը, որը երկրի ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունն է: «Լելո»-ն, «Աղմաշենեբելի ռազմավարություն»-ը և մի քանի այլ խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններ նույնպես հաճախ այս կատեգորիայի մեջ են մտնում:

Հուլիսի 1-ին, «Տուն դեպի Եվրոպա»-ի կողմից կառավարությանը ներկայացված հրաժարականի վերջնագրի վերջնաժամկետից երկու օր առաջ, «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ԵՄ 12 առաջարկությունները կատարելու ծրագիր ներկայացրեց:

Այնուամենայնիվ, «Վրացական երազանքի» առաջնորդները հայտարարել են, որ Վրաստանի «ապաօլիգարխացումը», որը ԵՄ-ի կողմից ներկայացված առաջարկներից մեկն է, չի վերաբերում իրենց հիմնադիր, նախկին վարչապետ և միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին:

Միևնույն ժամանակ, իշխող կուսակցության մինչև 10 անդամ, այդ թվում՝ երեք պատգամավոր, պաշտոնապես լքել են «Վրացական երազանք»-ը, որպեսզի կարողանան «ավելի անկեղծ խոսել», ինչպես իրենք են նշում, Վրաստանը Ռուսաստանի հետ պատերազմի մեջ ներգրավելու՝ տեղական և արտաքին ուժերի դավադրության մասին։ Նրանք այս դավադրության մասին ապացույցներ չեն ներկայացրել և փոխարենը կենտրոնացել են Վրաստանի ընդդիմության, ինչպես նաև արևմտյան երկրների դեմ մեղադրանքների ու քննադատության վրա:

Հուլիսի 14-ի դրությամբ խորհրդարանում որևէ կարևոր քվեարկություն տեղի չի ունեցել Վրաստանի ընտրական, իրավապահ կամ դատական համակարգերի բարեփոխման վերաբերյալ, չնայած ընդդիմադիր մի քանի փոքր կուսակցություններ աջակցում են «Վրացական երազանքին» և հայտարարել են օրենսդրության հարցերում համագործակցելու պատրաստակամության մասին:

Հուլիսի 13-ին «Վրացական երազանքը» նաև շատ արագ մերժեց «Միացյալ ազգային շարժման», «Լելո»-ի, «Աղմաշենեբելի ռազմավարություն» կուսակցությունների (նրանց է միացել նաև «Հանուն Վրաստանի» խումբը) կոչը՝ հուլիսի 18-ին խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրել, որպեսզի քվեարկության դրվեն բարեփոխումների մի շարք օրինագծեր, այդ թվում՝ Վրաստանի ընտրական համակարգի, դատական իշխանության վերաբերյալ, ինչպես նաև մի օրինագիծ, որով առաջարկվում է հակակոռուպցիոն անկախ գործակալություն ստեղծել։

Արտահերթ ամառային նստաշրջանը պետք է հրավիրի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Նա դեռևս չի արձագանքել այս առաջարկին։

Մեկնաբանել