Թուրքիայի «Ժողովրդավարական հասարակություն համաժոովի» (DTK) համանախագահ Ահմեդ Թուրքը, Սիրիայի քրդերին շնորհավորելով «երկարատև պայքարից հետո հաղթանակի հասնելու» կապակցությամբ, ասել է. «Թող բոլորն իմանան, որ Քուրդիստանի չորս մասերը կմիավորվեն», հաղորդում է Դիճլէ լրատվական գործակալությունը:
«Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը Սիրիայի սահմանին մոտ Շենյուրթ ավանում մի շարք պաշտոնյաների ներկայությամբ Ահմեդ Թուրքը դիմել է Քամիշլո, Ամուդե, Աֆրին, Դերիքա, Հեմքո, Կոբանի Սիրիական շրջանների քրդերին՝ նաև ողջունելով և երկար կյանք մաղթելով քրդերի առաջնորդ Օջալանին:
Թուրքը նաև հայտարարել է, որ այս շրջանների՝ տարիներ շարունակ հալածանքների ու ճնշումների ենթարկված միջինարևելյան ժողովուրդների համար անկախության նոր ճանապարհ է բացվել:
«Էրդողանի վարած քաղաքականությունը քրդերի հանդեպ շատ դաժան է: Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ Էրդողանն ամեն անգամ առիթը բաց չի թողնում ասելու, որ Ասադն իր ժողովրդին ճնշված է պահում, մինչդեռ ինքն էլ քրդերի հանդեպ կեղծավոր քաղաքականություն վարելով՝ նրանց ճնշված է պահում», ասել է գործիչը:
Ահմեդ Թուրքի խոսքով՝ Աբդուլլահ Օջալանին ավելի քան մեկ տարի մեկուսարանում պահելով՝ Թուրքիան անմարդկային և անբարոյական վարվելակերպ է դրսևորում:
«Սա մեկուսացման ամենադաժան ու ֆաշիստական ձևն է», հավելել է Թուրքը: