Մինչև հուլիսի 21-ը Հայաստանում ջեմային ալիքի ազդեցությունը պահպանվելու է․ Գագիկ Սուրենյան

Մինչև հուլիսի 21-ը Հայաստանում ջեմային ալիքի ազդեցությունը պահպանվելու է։ Ջերմաստիճանը Երևանում և Արարատյան դաշտում կտատանվի 38-40 աստիճանի սահմաններում, իսկ լեռնային մարզերում՝ 30-33 աստիճանի սահմաններում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, կայացած ասուլիսին հայտարարեց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նրա խոսքով՝ հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Գագիկ Սուրենյանը նաև խորհուրդ է տալիս ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է։

«Հուլիսի 22-ից հետո արդեն այդ ջերմային ալիքն աստիճանաբար նահանջելու է դեպի հարավ՝ իր տեղը զիջելով Սև ծովից եկող համեմատաբար սառը օդային հոսանքներին։ Ըստ կանխատեսումների՝ հուլիսի 22-25-ը ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը մոտ 4-5 աստիճանով կնվազի և ցերեկային ժամերին Արարատյան դաշտում և մայրաքաղաքում կգրանցվի մինչև 34-35 աստիճան ջերմություն»,- ասաց Սուրենյանը։

Մեկնաբանել