Հայաստանի ղեկավարների «ատոմային խոստումներն» ու այդպես էլ չկառուցված նոր ատոմակայանը

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Կառավարությունը հուլիսի 12-ին հայտնեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ քննարկել է Հայաստանում նոր «ատոմային էլեկտրակայանի կառուցման հնարավորություններին վերաբերող հարցեր»։

Ավելի վաղ՝ 2021-ի նոյեմբերին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարել էր, որ կառավարությունը 2026-2027-ին նախատեսում է սկսել նոր ատոմակայան կառուցել։

«Դա նշանակում է, որ մինչև 2036 թվականը պետք է պատրաստվել և իրականացնել նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքները»,- ասել էր Սանոսյանը՝ հավելելով, որ կառուցման աշխատանքները կտևեն 7-8 տարի։

Ատոմային նոր էներգաբլոկի կառուցման քննարկումները և խոստումները ամենևին նոր չեն։ #CivilNetCheck-ը ուսումնասիրել և ներկայացնում է նախորդ երկու տասնամյակներում իշխանությունների՝ նոր ատոմակայան կառուցելու հայտարարությունները:

Նախապատմություն

Երկու էներգաբլոկից կազմված և ընդհանուր 815 ՄՎտ հզորությամբ Մեծամորի ատոմակայանը շահագործման է հանձնվել 1976-1980-ին։ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո ԽՍՀՄ կառավարության որոշմամբ 1989-ին ատոմակայանի աշխատանքը կանգնեցվեց։ Այն վերագործարկվեց 6,5 տարի անց՝ 1995-ի նոյեմբերին, սակայն արդեն միայն երկրորդ էներգաբլոկով՝ համաձայն 1993-ի ՀՀ գերագույն խորհրդի որոշման։ Առաջին էներգաբլոկը մինչ այժմ չի գործում:

Ռեակտորի՝ երեսուն տարվա շահագործման ժամկետ ունեցող 2-րդ էներգաբլոկի շահագործումը պլանային նորոգման աշխատանքներից հետո 2016-ին երկարաձգվեց մինչև 2026-ը՝ ամենամյա վերանորոգման և արդիականացման աշխատանքների ծրագրի շնորհիվ։

Մեծամորի ատոմակայանի կառուցումը

Ներկայում ատոմակայանը ապահովում է Հայաստանում սպառվող էլեկտրաէներգիայի մոտ 40 տոկոսը և երկրի էներգետիկ անվտանգության կարևորագույն օբյեկտներից է։ 2026-ին նախատեսում է ևս տասը տարով երկարացնել դրա շահագործումը։

Հայաստանի ղեկավարների խոստումները

Լևոն Տեր-Պետրոսյան (ՀՀ նախագահ, 1991-1997)

Նոր ատոմակայանի կառուցման ծրագրերը սկիզբ են առնում դեռ 1990-ականներից։ Ըստ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 2012-ին Մեծամորում ունեցած նախընտրական ելույթի՝ 1995-ից Հայաստանը շատ լուրջ բանակցություններ է վարել Ֆրանսիայի հետ նոր 1200 ՄՎտ հզորությամբ ատոմակայան կառուցելու համար։

Ըստ Տեր-Պետրոսյանի՝ պայմանավորվածություն էր ձեռք բերվել և անգամ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակն անձամբ իր վրա էր վերցրել ծրագրի իրականացումը և խոստացել Հայաստանում ստեղծել գերժամանակակից ատոմակայան։

«Նախագծման աշխատանքները պետք է ավարտվեին 97-ին, որից հետո սկսվեր կառուցման աշխատանքը: 98-ի փետրվարին ես դուրս եկա իմ պաշտոնից։ Եվ այս ծրագիրը մեռավ»,- նշել էր առաջին նախագահը։

Ռոբերտ Քոչարյան (ՀՀ նախագահ, 1998-2008)

Համացանցում առկա բաց աղբյուրների համաձայն՝ նոր ատոմակայանի բացման մասին առաջինը խոսել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ 2005-ի ապրիլին։ Այն ժամանակ նաս ասել էր, որ չի բացառում Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունը։ Երկու տարի անց՝ 2007-ին, Քոչարյանն ասել էր, որ 2008-2009-ին գործնական քայլեր կսկսվեն ատոմային էներգետիկայի ուղղությամբ:

«Մեզ համար ցանկալի կլիներ առկա ենթակառուցվածքների վրա նոր տեխնոլոգիաներով կառուցել նոր ատոմակայան, բայց խնդիրն այն է, թե դա ինչ ծախսեր կպահանջի և ինչ ազդեցություն կունենա նոր ատոմակայանի կառուցումը սակագնային քաղաքականության վրա»,- նշել էր Քոչարյանը:

2007-ին Քոչարյանի կառավարությունը հայտարարեց, որ նոր ատոմակայանի կառուցումը, նախնական հաշվարկներով, կարժենա 2 մլրդ դոլար և կտևի 4,5 տարի։

«Նոր ատոմակայանը, ենթադրաբար, կկառուցվի հնի հիմքի վրա 4,5 տարվա ընթացքում»,- ասել էր Էներգետիկայի այն ժամանակվա նախարար Արմեն Մովսիսյանը։ Ատոմակայանի կառուցման կառավարության մտադրությունը հաստատել էր նաև այն ժամանակ դեռ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը։

Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը

Սերժ Սարգսյան (ՀՀ նախագահ, 2008-2018)

2008-ի սեպտեմբերի 24-ին արդեն նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարեց, թե սկսում են նոր ու ժամանակակից ատոմակայան կառուցել։ Մեկ շաբաթ անց՝ արդեն Ազգային ժողովում Սարգսյանը հայտարարեց, թե առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանում կսկսվի նոր ատոմակայանի կառուցումը․

«Մենք սկսում ենք նոր ու ժամանակակից ատոմակայան կառուցել: Կառուցում ենք Միացյալ Նահանգների, Եվրոպայի և Ռուսաստանի անմիջական մասնակցությամբ»։

Տնտեսական ճգնաժամով զուգորդվող «առաջիկա ամիսներն» անցան, սակայն ատոմակայանի կառուցումը այդպես էլ չսկսվեց։ Սակայն շարունակում էր հայտարարել այլ մեծ նախագծերի՝ Համահայկական բանկի ստեղծման, նոր ատոմակայանի, Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման վճռականության մասին․

«Ես հասկանում եմ որոշ մարդկանց թերահավատությունը, որովհետև այս ծրագրերն աննախադեպ են Հայաստանի համար: Սրանք բազմամիլիարդանոց ծրագրեր են, բայց մենք կարողանալու ենք դրանք իրականացնել»։

Ավելին՝ մինչև 1200 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկների կառուցման մտադրության մասին կառավարությունը 2009-ի հունվարին անգամ օրենք հեղինակեց, իսկ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարականներ տվեց նոր բլոկի կառուցման համար միջազգային մրցույթ հայտարարել և պահուստային ֆոնդից միջոցներ հատկացնել։

Հաջորդ տարի՝ 2010-ի օգոստոսին, Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրվեց Հայաստանում ատոմային նոր էներգաբլոկներ կառուցելու համագործակցության համաձայնագիրը, ըստ որի՝ պետք է կառուցվեր 1060 ՄՎտ ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկներ։

Արդեն 2012-ի ապրիլի 11-ին նախագահ Սարգսյանը նախընտրական շրջանում Մեծամոր քաղաք այցի ժամանակ հայտարարեց, որ երկու տարուց՝ 2014-ին, կսկսվեն Մեծամորի ատոմակայանի նոր միջուկային էներգաբլոկի շինարարության հողային աշխատանքները։


Սերժ Սարգսյանը՝ Մեծամորում, 2012։

2014-ը եկավ, սակայն Սարգսյանի խոստացած հողային աշխատանքները չսկսվեցին։ Դրա փոխարեն 2014-ի հուլիսին էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ նոր ատոմակայանի կառուցումը կարժենա 4,5 մլրդ դոլար և կմեկնարկի 2018-ին։

Շուրջ մեկ տասնամյակ խոստումներից և հայտարարություններից հետո՝ 2017-ի հոկտեմբերին, Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե նոր ատոմային էներգաբլոկների շինարարությունը կիրականացվի 2027-ից հետո, չնայած դրանից ընդամենը երեք ամիս առաջ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հայտնել էր, թե նոր ԱԷԿ-ի կառուցումը կարող է սկսվել 2022-23 թվականներին։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին նախագահական կայքում տարատեսակ հանդիպումումների ժամանակ ատոմային նոր էներգաբլոկների ստեղծման մասին կա ավելի քան երկու տասնյակ հիշատակում, որոնք մեծամասամբ արվել են 2008-2014 թվականների ընթացքում։


Գործող կառավարության դիրքորոշումը

2019-ի դեկտեմբերի 10-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց (1,2,3), թե նոր ատոմակայան կառուցելու հարց չի քննարկվում, իսկ արդեն դեկտեմբերի 23-ին հայտնեց, թե կառավարությունը քննարկում է նոր, ավելի փոքր ատոմակայան կառուցելու հարցը։Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021-ի ապրիլին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասաց, թե ցանկանում է «քննարկել Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունը»։ Օրեր անց ռուս գործընկերների հետ ատոմակայան կառուցելու պլանների մասին հայտարարեց ՏԿԵ նախարար Պապիկյանը։

2021-ի օգոստոսին ընդունված 2021-26 թթ. կառավարության ծրագրում նշվում էր, որ «միջուկային նոր էներգաբլոկի կառուցման իրականացման ուղղությամբ մշակվելու են ծրագիր և ժամանակացույց՝ որպես Հայաստանում հիմնական ռազմավարական նպատակ»։ Նույն ծրագրով նախատեսվում է լրացուցիչ ներդրումներ անել Մեծամորի ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը 2026-ից հետո ևս տասը տարով երկարաձգելու նպատակով։

2021-ի հոկտեմբերին վարչապետ Փաշինյանը հայտնեց, թե «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության սեփականատերերից Ռոման Տրոցենկոյի հետ նոր պղնձաձուլարան ու ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ են գնում։ Ռոման Տրոցենկոն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խոշոր բաժնետեր է։

Ինչպես նշվեց, 2021-ի նոյեմբերին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ նախատեսվող ատոմակայանը պետք է սկսել կառուցել 2026-2027-ից, իսկ 2022-ի հունվարին «Ռոսատոմի» և Հայաստանի ԱԷԿ-ի ներկայացուցիչները հուշագիր էին ստորագրել Մեծամորի գործող ԱԷԿ-ի փոխարեն նոր էներգաբլոկ(ներ) կառուցելու համագործակցության մասին։

Արդեն այս տարվա ապրիլին ՏԿԵ նախարար Սանոսյանը հայտնեց, թե 2033-2034-ին կարող ենք ունենալ նոր էներգաբլոկը, իսկ փոխնախարար Հակոբ Վարդանյանը հայտնեց, որ նոր ատոմակայանի կառուցման նպատակով Երևանն ու Մոսկվան համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել։

Մեկնաբանել