Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ` 8%

2012թ. օգոստոսի 7-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%: 2012թ. հուլիսին արձանագրվել է 1.5% գնանկում, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 2.3%` մոտենալով տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին: Խորհուրդն արձանագրել է, որ համաշխարհային պահանջարկի դանդաղ վերականգնման պայմաններում հիմնական ապրանքների միջազգային շուկաներում ակնկալվում են թույլ գնանկումային և կայունացման միտումներ: Սակայն նախանշվել է Ռուսաստանում, Ղազախստանում և ԱՄՆ-ում չոր եղանակի հետևանքով սպասվող բերքի կրճատման սպասումներով պայմանավորված հացահատիկային ապրանքների միջազգային շուկաներում հնարավոր գնաճային միջավայրի ձևավորման ռիսկը, ինչը կարող է էական լինել ՀՀ-ում գնաճային միջավայրի ընդլայնման առումով: Խորհուրդը ՀՀ տնտեսության հետագա զարգացումները գնահատել է թույլ գնաճային՝ պայմանավորված առկա ցածր գնաճային միջավայրի ու տնտեսության վարկավորման շարունակական բարձր աճի ազդեցությամբ մասնավոր սպառման աճի արագացող տեմպերով, ինչը հնարավոր է` շարունակվի նաև առաջիկա ամիսներին` հանգեցնելով համախառն պահանջարկի ավելացմանը և գնաճային ներուժի ձևավորմանը:

Հաշվի առնելով առաջիկայում գնաճի` 2012թ. երկրորդ եռամսյակում գյուղատնտեսական ապրանքների գների մեծ անկմամբ պայմանավորված ցածր մակարդակից բարձրացումը, ինչպես նաև գնաճային միջավայրի ընդլայնման վերոնշյալ ռիսկերը, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտել անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որի պարագայում 12-ամսյա գնաճը մեկ տարվա հորիզոնում կձևավորվի տատանումների թույլատրելի 4% +/- 1,5-տոկոսային կետ միջակայքում:

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ օգոստոսի 17-ին հրապարակվելիք մամլո հաղորդագրությունում (տոկոսադրույքի արձանագրություն):

Մեկնաբանել