Հեղափոխական կառավարության մոռացված խոստումները՝ չորս տարի անց

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Հայաստանում պարբերաբար հայտարարվում է սպասվող ներդրումների, նոր գործարանների և ձեռնարկությունների բացման մասին։ 2018-ից հետո էլ նման բազմաթիվ խոստումներ ու հայտարարություններ են եղել՝ ֆոտովոլտային էլեմենտների գործարանից մինչև կենցաղային տեխնիկայի արտադրություն և այլն։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, ուսումնասիրել և ներկայացնում է 2018-ի խորդարանական արտահերթ ընտրություններից առաջ արված այն խոստումները, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել կամ կիսատ են մնացել։

Անհայտ ռուս ներդրողը

2018-ի նոյեմբերին 30-ին այն ժամանակվա փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հանդիպել էր «Էկոտեխպրոմ» ընկերության տնօրենի հետ, և հայտարարել, որ ընկերությունը նախատեսում է 285-340 մլն դոլարի ներդրում իրականացնել։

Ստորագրված փոխըմբռնման հուշագրով ընկերությունը մտադրություն էր հայտնել 2019-2022 թթ. ընթացքում Հայաստանում երեք գործարանից կազմված արդյունաբերական համալիր կառուցել, որտեղ արտադրվելու էր կալցինացված սոդա, աղ և ապակի։

Խոստումից երեքուկես տարի անց ո՛չ արդյունաբերական համալիրի, ո՛չ ընկերության գործունեության մասին հրապարակային որևէ տեղեկություն առկա չէ։ #CivilNetCheck-ը կառավարություն հարցում էր ուղարկել հասկանալու, թե ինչու ներդրումը չի կատարվել։ Կառավարությունը պատասխանի համար 30-օրյա ժամկետ է պահանջել։

Հատկանշական է, որ ըստ ՌԴ իրավաբանական ռեգիստրների՝ «Էկոտեխպրոմ» ընկերությունն ունի ընդամենը 10 000 ռուբլի (մոտ 66 000 դրամ) կանոնադրական կապիտալ և գրանցված մեկ աշխատակից, որը, հավանաբար, հենց տնօրենն է։

Սևանի շաքարի և Մերձավանի կենցաղային տեխնիկայի (չ)բացված գործարանները

Նիկոլ Փաշինյանը 2018-ի նոյեմբերի 20-ին՝ կրկին արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում, լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր, թե առաջիկայում նախատեսվում է Սևանում շաքարի նոր գործարան բացել։ Ըստ Փաշինյանի՝ պետք է բացվեր նաև կենցաղային տեխնիկայի արտադրության գործարան։

«Ո՞վ կարող էր այդպիսի բան երևակայել յոթ ամիս առաջ, որ Հայաստանում կարող է, ասենք, շաքարի գործարան բացվել։ Չէր կարող լինել էդպիսի բան։ Առաջիկայում Հայաստանում նախատեսվում է բացել կենցաղային տեխնիկայի արտադրության գործարան»,- ասել էր Փաշինյանը։

Արդեն դեկտեմբերի 5-ին Փաշինյանը մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ մասնակցեց Մերձավանում կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի բացմանը

Կառավարության հաղորդագրությունում նշվում էր, որ «Այ Էմ Ջի գրուփ» ՓԲԸ-ն 4,5 մլն դոլար է ներդրել, և սկզբնական փուլում գործարանը կունենա 70-80 աշխատատեղ՝ տարեկան արտադրելով 126 000 միավոր կենցաղային տեխնիկա։ Ամիսներ անց արդեն՝ 2019-ի հունիսին, Փաշինյանը հայտարարում էր գործարանի կողմից «Ադամյան» անվամբ հայկական արտադրության հեռուստացույցների վաճառքի մասին։

Fip.am-ի լրագրողները այցելել էին էլեկտրատեխնիկայի խանութ և հայտնաբերել, որ հայկական ներկայացվող այս հեռուստացույցների հայկական ծագման մասին որևէ հիմնավորում չկա․ դրանց արտադրության երկիր նշված է եղել Չինաստանը, իսկ փաթեթավորման վրա՝ Հորդանանը։

#CivilNetCheck-ին «Էլդորադո» էլեկտրատեխնիկայի խանութների ցանցից հայտնեցին, որ իրենց վաճառքներում հայկական արտադրության որևէ հեռուստացույց չկա։

Ներկայում, ըստ Պետռեգիստրի, «Ինթերնեշնլ Մանուֆաքչրինգ Գրուպ» ընկերությունը (նույն ինքը՝ «Այ Էմ Ջի գրուփ») 2019-ից մոտ 2 մլն դրամի չկատարված հարկային պարտավորություն ունի:

Դատալեքս տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Պետական եկամուտների կոմիտեն դիմել էր Սնանկության դատարան ընկերությունը սնանկ ճանաչելու համար, և 2021-ին ապրիլին ընկերությունը ճանաչվել է սնանկ։

Սևանի շաքարի գործարանը, որն արտադրությունը դադարեցրել է 2009-ին և որի վերաբացման մասին Փաշինյանը հայտարարում էր իր բազմաթիվ նախընտրական հանդիպումների ժամանակ, այդպես էլ չի բացվել։

Չնայած էլեկտրոնային ռեգիստրներում «Սևանի շաքարի գործարան» ՓԲԸ-ի վրա չկան սահմանափակումներ և այն նշված է որպես գործող, սակայն #CivilNetCheck-ին Սևանի համայնքապետարանից հայտնեցին, որ շաքարի գործարանը ներկայում չի գործում։ Գործարանի հաշվապահական բաժնից հաստատեցին այս տեղեկությունը։ «Վերջին տարիներին հիմնականում չի աշխատել։ Վերագործարկել առաջիկայում չի նախատեսվում»,- հայտնեցին գործարանից։

Լիտվական Բելտեխնիկայի (չ)եղած ներդրումը

2018-ի նոյեմբերի 20-ին, ըստ կառավարություն հաղորդագրության, Փաշինյանը հանդիպել էր նաև գյուղտեխնիկայի արտադրությամբ զբաղվող լիտվական «Բելտեխնիկա» ընկերության ղեկավար Արմեն Հարությունյանին։

Նշվում էր, թե «Հայէլեկտրոմաշ» գործարանի հիմքի վրա ստեղծվելու է նոր գործարան, որում սկզբնական փուլում նախատեսվում է իրականացնել 5-7 մլն դոլարի ներդրում, հետագայում ևս 10-15 մլն դոլար։

Ըստ լիտվական ընկերությունների rekvizitai.vz.lt ռեգիստրի՝ «Beltechnika.lt» ընկերությունում 2018-2021 թթ. ունեցել է 2-4 աշխատող: Ընկերության զուտ շահույթը 2017-ին կազմել է 20 900 եվրո, 2018-ին՝ 887, 2019-ին՝ շուրջ 2 500 եվրո։ Իսկ 2020-ին ընկերությունը վնասով է աշխատել։


Կառավարության էջում այս հրապարակումից առաջ կամ հետո բաց աղբյուրներում «Բելտեխնիկա» ընկերության, դրա կողմից Հայաստանում հիմնված գործարանի կամ ներդրում կատարելու մասին որևէ տեղեկություն չկա։ #CivilNetCheck-ը զանգահարեց Լիտվայում գրանցված ընկերության գրասենյակ, որտեղ, սակայն, հայախոս զրուցակիցը ընկերության տնօրենի անունը լսելուց հետո հեռախոսը անմիջապես վայր դրեց և այլևս հեռախոսազանգերին չպատասխանեց։

Հայաստանի Պետռեգիստրում գրանցված է նույնանուն «Բելտեխնիկա» ընկերություն։ Այն հիմնվել է 2018-ի ապրիլին և ունի մեկ սեփականատեր՝ Էդուարդ Գևորգյան, որը նաև ընկերության տնօրենն է։ Ըստ ՊԵԿ-ի հարկ վճարողների փնտրման համակարգի՝ ընկերության գործունեությունն այժմ ժամանակավոր դադարեցված է։ Ավելին, ըստ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կայքի՝ ընկերությունը որևէ պարտադիր վճար չի կատարել, այսինքն՝ չունի գրանցված որևէ աշխատակից։ Մեզ, սակայն, չհաջողվեց նույնականացնել Հայաստանում գրանցված ընկերությունը լիտվականի հետ։

Այս ներդրումային ծրագրի ներկայիս կարգավիճակի մասին տեղեկություն հայտնելու համար կառավարությունը ևս 30-օրյա ժամկետ է խնդրել։

Ֆոտովոլտային էլեմենտների (չ)բացված գործարանը

2018-ի նոյեմբերի 29-ին նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ Փաշինյանը հայտնեց, թե «Ռեքոմ» ընկերությունը ֆոտովոլտային մարտկոցների գործարան կառուցելու համար կներդնի 100 մլն դոլար։

«Ես ինչի եմ վստահ, որ այդ ներդրումային ծրագիրը կիրականացվի, որովհետև գործարանի ամբողջ մեքենա-սարքավորումները արդեն ներկրված են և գտնվում են Հայաստանում»,- ասում էր Փաշինյանը։

Արդեն ընտրությունների նախօրեին՝ դեկտեմբերի 8-ին, կառարությունը հրապարակեց տեսանյութ, ըստ որի՝ «Ռեքոմ» ընկերության կողմից 49 մլրդ դրամ ներդրումով ստեղծվող գործարանը պետք է գործարկվեր մեկ տարվա ընթացքում և ունենար առվազն 600 աշխատատեղ։

Հատկանշական է, որ գործարանի սարքավորումները ամբողջությամբ արդեն ներկրված լինելու Փաշինյանի պնդումից ավելի քան մեկ շաբաթ անց Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը հայտնել էր, որ ընկերությունը սկսել է սարքավորումների ներկրումը Հայաստան։

Ներկայում, չնայած ՊԵԿ-ի հարկ վճարողների փնտրման համակարգում «Ռեքոմ Արմենիա» ՓԲԸ-ն նշվում է որպես գործող, սակայն ընկերությունը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վերջին վճարումը կատարել է 2021-ի նոյեմբերին։

Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը #CivilNetCheck-ին հայտնեց, որ գործարանը չի կառուցվել, քանի որ ներդրողները հրաժարվել են ներդրում անելու մտքից։

«Ներդրողները չշարունակեցին այդ պրոցեսը։ Պատճառները տարբեր էին՝ տարածքների հետ խնդիրներ կային, մի քիչ՝ իրենց ներդրումային ծրագրի հետ կապված կար»,- ասաց Եգանյանը։

Ծովազարդի (չ)բացված տեքստիլ ֆաբրիկան

2018-ի նոյեմբերի 29-ի հանդիպմանը Փաշինյանը նաև հայտարարել էր, թե Ուզբեկստանից վերադարձած հայ գործարարի կողմից Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում տեքստիլ գործարարան է ստեղծվելու՝ նախնական շրջանում 400-600 աշխատատեղերով։

Վարչապետի նշած գործարարը Գագիկ Խաչիկյանն է, որի գործունեությանը դեռ 2019-ին ՍիվիլՆեթը ծավալուն անդրադարձել էր։ ՍիվիլՆեթը պարզել էր, որ Խաչիկյանը մեղավոր էր ճանաչվել փաստաթղթեր կեղծելու, իրացնելու, օգտագործելու, ինչպես նաև պետական սահմանն ապօրինի հատելու հատկանիշներով։ Դատապարտվելուց և 600 000 դրամ տուգանվելուց երկու ամիս չանցած Խաչիկյանը կրկնել էր հանցանքը։

Գործարարին պատկանող «Ծովազարդի տեքստիլ Ֆաբրիկա» ՓԲԸ-ից դատարանը որոշել էր 508 000 դոլար բռնագանձել հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկի»՝ վարկային պարտավորությունը չկատարելու համար։ Այնուհետև 2010-ին դատարանը ֆաբրիկան ճանաչել է սնանկ։

#CivilNetCheck-ը կապ հաստատեց Ծովազարդի ղեկավար Արամայիս Ենգոյանի հետ։ Նա հայտնեց, որ գործարանը չի գործում, որևէ ներդրում չի արվել, իսկ համայնքում գտնվող ֆաբրիկայի տարածքը դատարանի նշանակած՝ ընկերության սնանկության գործերով կառավարիչը օտարել է նախորդ տարի։

Այսպիսով, Ազգային ժողովի 2018-ի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների նախընտրական փուլում ներկա իշխանությունների հայտարարած շատ ծրագրեր և ներդրումներ չեն իրականացել կամ մնացել են կիսատ։

Մեկնաբանել