Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրենը Հայաստանում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինին, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:

«Վարչապետը նշել է, որ պարոն Նարիշկինի այցը ևս մեկ լավ հնարավորություն է քննարկելու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային հարցերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս տարի նշվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի փոխգործակցությունը դարձնել առավել արդյունավետ ու ամուր: Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության փաստը, ինչը նպաստում է տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը»,- ասված է հաղորդագրությունում։

***

Հուլիսի 15-ին Հայաստան էր ժամանել նաև ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսը: Երևանում նրան ընդունել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նույն օրը Բըրնսը հանդիպում էր ունեցել նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։