ԵՄ-ն Ադրբեջանի հետ նոր փաստաթուղթ է ստորագրում՝ ավելի շատ գազ ստանալու նպատակով

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյնը հուլիսի 19-ին մեկնել է Ադրբեջան՝ գազի մատակարարումներն ավելացնելու շուրջ նոր համաձայնություն ստորագրելու նպատակով։ Այդ մասին ԵՄ պաշտոնյան մի քանի գրառում է արել Թվիթերում։

«ԵՄ-ն անցնում է էներգիայի ավելի հուսալի մատակարարների։ Այսօր ես Ադրբեջանում եմ՝ նոր համաձայնություն ստորագրելու համար։ Մեր նպատակն է՝ մի քանի տարում կրկնապատկել Ադրբեջանից Եվրամիությանը մատակարարվող գազի ծավալները։ Ադրբեջանը լինելու է կարևոր գործընկեր՝ մեր մատակարարումների անվտանգության տեսանկյունից և կլիմայական չեզոքության մեր ճանապարհին»,- գրել է ԵՄ պաշտոնյան։

Ավելի ուշ մեկ այլ գրառմամբ Ուրսուլա ֆոն դեր Լեյնը Ադրբեջանի նախագահի հետ իր հանդիպումը գնահատել է որպես լավ հանդիպում, որին քննարկվել են էներգիային և երկու կողմերի միջև հարաբերություններին առնչվող հարցեր։

Հուլիսի 17-ին ազդարարելով ԵՄ պաշտոնյայի այցը Բաքու՝ Եվրահանձնաժողովը հայտնել էր․ «Քանի որ Ռուսաստանը էներգետիկ իր մատակարարումներն օգտագործում է որպես զենք, էներգետիկ ներկրումների բազմազանեցումը առաջնահերթություն է ԵՄ-ի համար»։

Եվրոպան ադրբեջանական գազ է ստանում 2020-ի դեկտեմբերից՝ Տրանսադրիատիկ գազատարով (TAP), որը «Շահ-Դենիզ 2» հանքավայրից դեպի Եվրոպա գազ փոխադրող «Հարավային գազային միջանցքի» մաս է կազմում։

TAP գազատարի տարողունակությունը տարեկան 10 մլրդ խորանարդ մետր է՝ ծավալի կրկնապատկման հնարավորությամբ։ Չնայած TAP-ի միջոցով Եվրոպային մատակարարվող գազի ծավալները էական են, սակայն չեն կարող փոխարինել Ռուսաստանից ներկրվող 155 մլրդ խմ գազը։

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Եվրոպան հայտարարում է Ռուսաստանից իր էներգետիկ կախվածությունը վերացնելու մտադրության մասին։

Ռուսաստանը մատակարարում է ԵՄ-ի բնական գազի 40 տոկոսը և նավթի 27 տոկոսը։ Դրա դիմաց ԵՄ-ն Ռուսաստանին վճարում է տարեկան 400 մլրդ եվրո։ Այժմ ԵՄ-ն հայտարարում է կանաչ էներգիայի անցնելու և այլ երկրների խողովակաշարերում ներդրումներ անելու մասին։

Մինչև 2023 թվականը Ռուսաստանից էներգետիկ կախվածության վերացումը նախատեսվում է իրականացնել երեք ուղղությամբ՝ էներգաարդյունավետության բարձրացում, վերականգնվող էներգիայի օգտագործման ընդլայնում և գազի ու նավթի ոչ ռուսական մատակարարների ապահովում։