Վրաստան․ ձերբակալված անվտանգության նախկին ղեկավարը սպառնում է «մերկացնել» կառավարությանը

Շոթա Կինչա, OC Media

Թբիլիսիի քաղաքային դատարանը երկուշաբթի Սոսո Գոգաշվիլիին նախնական կալանք է նշանակել՝ ուրբաթ գիշեր իրավապահ մարմինների՝ նրա տուն կատարած խուզարկությունից երեք օր անց:

Դատախազությունը նրան մեղադրանք է առաջադրել պաշտոնեական լիազորությունները գերազանցելու, իր դիրքն օգտագործելով անձնական տվյալներ ձեռք բերելու, պահպանելու և տարածելու, ինչպես նաև ապօրինի հրազեն ձեռք բերելու և պահելու համար։ Եթե ​​մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է մինչև յոթ տարվա ազատազրկում:

Դատախազությունը պնդում է, որ ապօրինի ձեռք բերված անձնական տեղեկություններն ու պետական ​​գաղտնիքները նրա տնից վերցրել են նրան բերման ենթարկելուց հետո: Հավելյալ տեղեկություն առգրավված փաստաթղթերի մասին չի հաղորդվել:

Գոգաշվիլին պնդել է, որ սպաները հրազեն են տեղադրել իր տան խուզարկության ժամանակ, և որ ինքը վնասվածքներ է ստացել ձերբակալության ժամանակ։ Այս կապակցությանմբ Հատուկ քննչական ծառայությունը հետաքննություն է սկսել:

Գոգաշվիլիի փաստաբան Ռամազ Չինչալաձեն ասել է, որ սպաները ստիպել են իրեն պահել հրազենը՝ ձեռքերը մեջքին կապած, որպեսզի դրանք կապեն իր մատնահետքերի և ԴՆԹ ապացույցների հետ։

Գոգաշվիլին Վրաստանի Պետական անվտանգության ծառայության հիմնադիրներից է՝ որպես անկախ գործակալության, և եղել է դրա առաջին փոխտնօրենը 2014-ին՝ ներքին գործերի նախարարությունից դրա առանձնացումից մի քանի ամիս անց: Նա 2019-ի սեպտեմբերից Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի տեղակալն էր:

Ձերբակալության թայմինգը

Գոգաշվիլին ներգրավված է եղել մի շարք կառավարական սկանդալներում, այդ թվում՝ Թբիլիսիից ադրբեջանցի այլախոհ Աֆղան Մուխթարլիի առևանգման և եկեղեցում թունավորման դավադրության մեջ:

Հաղորդվում է, որ նա ներգրավված է եղել նաև Վրաստանի Պանկիսի կիրճում վիճահարույց հատուկ գործողությունում, որի ընթացքում գնդակահարվել էր տեղացի 17-ամյա Թեմիրլան Մաչալիկաշվիլին:

Պետական անվտանգության ծառայության տնօրենի նախկին տեղակալը 2020-ին դարձավ կառավարության բուռն քննադատը։

Այնուամենայնիվ, կառավարության քննադատ մի քանի իրավապաշտպան կազմակերպություններ և ընդդիմությունը, որոնք պնդում էին, որ Մաչալիկաշվիլիի կողմից հրազենի կիրառումը համարժեք չի հետաքննվել, քննադատել են Գոգաշվիլիի ձերբակալության ժամկետը և ենթադրյալ պատճառը:

Շատերը նշում են, որ Գոգաշվիլին ձերբակալվել է մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ սպառնացել էր բացահայտել 2021-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կեղծելու «սխեման»:

Ձերբակալությունից հետո Գոգաշվիլին իր ներկայացուցիչների միջոցով երդվել է օրերի ընթացքում սկսել իշխանությունների դեմ կոմպրոմատների հրապարակումը։ Նա պնդել է, որ այդ նյութերը «ապահով ձեռքերում են»։

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիան, որը 2017-ին իշխանություններին կոչ էր արել հետաքննել Գոգաշվիլիին հնարավոր անօրինական եկամուտների համար, նրա ձերբակալությունը քաղաքական հաշվեհարդար է անվանել։

Նախկին պաշտոնյայի ձերբակալությունից մի քանի օր առաջ՝ հուլիսի 13-ին, կառավարամետ հեռուստատեսային գործիչ Գիա «Ուծնոբի» Գաչեչիլաձեն հեռարձակել էր «Մտավարի» հեռուստատեսության աշխատակիցների քննարկման ձայնագրությունը, որտեղ լրագրողները նշում էին, որ Գոգաշվիլին եղել է ընտրողների մանիպուլյացիայի մասին իրենց տեղեկատվության աղբյուրը 2021-ի ընտրություններում։

Վերջին տարիներին Պետական անվտանգության ծառայությունը ներքաշվել է մի քանի անօրինական գաղտնալսման սկանդալների մեջ, որոնցից ամենամեծը 2021-ի ամռանը վրացական լրատվամիջոցներին հասու դարձած ապօրինի գաղտնալսման ձայնագրություններն են:

Անվտանգության աշխատակիցների միջև խոսակցությունների ձայնագրություններում նրանցից մեկը, կարծես, Գոգաշվիլիին նշում է որպես մարդու, որը «վերցրել է տեսանյութերը, որոնք իրենք չենք կարողանում գտնել»։