Վրացական ընդդիմությունն առաջարկում է «երկիրն ազատել» օլիգարխներից

Բիձինա Իվանիշվիլին (ձախից) և Աննա Դոլիձեն:

Շոթա Կինչա, OC Media

Վրաստանի ընդդիմության առաջնորդ Աննա Դոլիձեն օրենքի նախագիծ է մշակել, որով առաջարկվում է Վրաստանը «ազատել օլիգարխներից»՝ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին պատկանող Cartu Group կոնգլոմերատի նախկին աշխատակիցներին արգելելով բարձրաստիճան պետական պաշտոններ զբաղեցնել։

Դոլիձեն, որը խորհրդարանում չներկայացված «Հանուն ժողովրդի» կուսակցության նախագահն է, պնդում է, որ պետական մարմիններում նման աշխատողների գերներկայացված լինելը վկայում է այն մասին, որ Իվանիշվիլիին անուղղակիորեն կառավարում է Վրաստանը։

Օլիգարխներից ազատվելու թեման եղել է քաղաքական քննարկումների կենտրոնում այն բանից հետո, երբ հունիսի 9-ին ԵՄ-ն Վրաստանին մերժեց թեկնածուի կարգավիճակ տրամադրել։ ԵՄ-ն հայտարարեց, որ Վրաստանը պետք է ձեռնարկի մի շարք բարեփոխումներ նախքան երկրի դիմումը կվերանայվի։ Բարեփոխումերի շարքում էր նաև «ապաօլիգարխացման» պարտավորությունը՝ վերացնելու մասնավոր շահերի չափազանց մեծ ազդեցությունը տնտեսական, քաղաքական և հասարակական կյանքում»:

Եվրախորհրդարանի ավելի վաղ ընդունած բանաձևում Իվանիշվիլիի վերաբերյալ ավելի հստակ ձևակերպումներ էին արված: Փաստաթղթում ասվում էր, որ նա «կործանարար դեր» է խաղում Վրաստանի քաղաքականության և տնտեսության մեջ։ Բանաձևը նույնիսկ ԵՄ-ին կոչ էր անում դիտարկել Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը:

Հունիսի 14-ին Թբիլիսիում ելույթ ունենալով Վրաստանի խորհրդարանի դիմաց՝ Դոլիձեն ապաօլիգարխացման հարցերով խորհրդարանական աշխատանքային խմբին կոչ է արել հավանություն տալ իր նախաձեռնությանը։

Հուլիսի 1-ին Իվանիշվիլիի հիմնադրած իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խոստացել է ստեղծել աշխատանքային խումբ, որը, ի պատասխան ԵՄ առաջարկություններին, մինչև դեկտեմբեր օլիգարխիայի դեմ օրենք կմշակի: Այնուամենայնիվ, կուսակցության առաջնորդները կտրականապես բացառել են, որ օրենքի նախագիծը կվերաբերի Իվանիշվիլիին, որը նրանց պնդմամբ, օլիգարխ չէ:

Քաղաքացիական հասարակության ձևավորման ոլորտում փորձ ունեցող Դոլիձեն մինչև 2016 թ․, երբ «Վրացական երազանքը» կազմալուծվեց որպես կոալիցիա, ավելի քան մեկ տարի պաշտոնավարել է որպես պաշտպանության փոխնախարար: Հետագայում նա դարձավ դատական համակարգում «կլանային» կառավարման ամենասուր քննադատներից մեկը և անցյալ տարի ստեղծեց «Հանուն ժողովրդի» կուսակցությունը: Վերջին հարցումների տվյալներով՝ Դոլիձեն դասվում է ամենահայտնի քաղաքական գործիչների շարքին։

«Վրացական երազանքի» «վերջին միջոցը»

Չնայած Իվանիշվիլին քաղաքականությունից պաշտոնապես հեռացել է, նրա բիզնես ձեռնարկությունների աշխատակիցները, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, շարունակում են ամենաբարձր պաշտոններ զբաղեցնել կառավարությունում:

Դոլիձեն OC Media-ին ասել է, որ «Իվանիշվիլիին իր ազդեցությունից զրկել» հնարավոր կլինի հիմնական իր անձի և իր ընկերության աշխատակիցների վրա կենտրոնանալու միջոցով:

Դոլիձեն ասել է, որ նրանք չեն կարող և նրանց չպետք է թույլ տրվի քաղաքական բարձր պաշտոններ զբաղեցնել Վրաստանում։

«Այստեղ ես նկատի ունեմ այն աշխատակիցներին, որոնք որոշակի ժամանակահատված աշխատել են նրա ընկերություններում։ Մենք կարող ենք պայմանավորվել այս ժամկետի շուրջ, բայց դա չի լինի վեց ամիս կամ մեկ տարի»,– ասել է նա:

Նա նշել է, որ ստեղծվելիք օրենքը կտարածվի «Վրացական երազանք»-ի ներկայիս կաբինետի մինչև վեց նախարարի վրա:

Աննա Դոլիձե, լուսանկարը՝ Շոթա Կինչայի/OC Media։

Անցյալ շաբաթ օրենսդրական իր նախաձեռնությունն սկսելուց ի վեր Դոլիձեն մի քանի անգամ ընդգծել է, որ Իվանիշվիլիի նախկին աշխատակիցների համար սահմանվող արգելքը չի սահմանափակի նրանց քաղաքական գործունեության իրավունքն առհասարակ, այլ միայն բարձր պաշտոններ զբաղեցնելու իրավունքը:

Վրաստանի օրենսդրությունը սահմանում է, որ «պետական-քաղաքական պաշտոնյա» են համարվում Վրաստանի նախագահը, Վրաստանի ինքնավար շրջանների ղեկավարները, խորհրդարանի անդամները, նախարարները և նրանց տեղակալները:

Դոլիձեն OC Media-ին ասել է, որ Վրաստանում օլիգարխներից ազատվելու համար ինքը հավասարապես կողջունի իրավական նախաձեռնություններ շատ ավելի լայն, ոչ անձնական շրջանակով, ինչպես վերջերս Ուկրաինայում ընդունված օրենքն է:

Թեև նա ասել է, որ վրացական իշխանությունները ներկայումս «ճակատային ամբողջական հարձակման են ենթարկում ԱՄՆ դեսպանատանը» և «պայքարում են, որպեսզի Իվանիշվիլիին քաղաքականությունից հեռացնելու գինը մեծացնեն», ճգնաժամից դուրս գալու նրանց միակ ելքը ի վերջո, կլինի իրավական լուծումը:

«Կարծում եմ, որ Իվանիշվիլիի ազդեցության դեմ պայքարելու հարցում «Վրացական երազանքը» կնախընտրի համաձայնել բոլոր տեսակի շրջանակային միջոցառումներին, քան առերեսվել նրա նկատմամբ միջազգային պատժամիջոցներ կիրառելու հեռանկարին: Կարծում եմ՝ դա կլինի նրանց վերջին միջոցը»,- ասել է նա:

Նա նաև խոստացել է քարոզարշավ իրականացնել՝ բարձրացնելու հանրային իրազեկվածությունը իր առաջարկի հիմքում ընկած հիմնավորման վերաբերյալ:

«Ոչ ֆորմալ կառավարման գաղափարը շատ լավ ուսումնասիրված է գրականության մեջ։ Այնուամենայնիվ, այստեղ սա լայնորեն հասանելի չէ հասարակական և քաղաքական խմբերին, ուստի այն, ինչ ես անում եմ այստեղ, բոլոր տեսակի հանրային քննարկումների մեջ ներգրավվելն է՝ փորձելով բացատրել, թե ինչպես է գործում ոչ ֆորմալ կառավարումը,- ասել է նա,- Կարծում եմ՝ որոշակի բացատրության կարիք կլինի»։

«Պետության գրավում»

Դոլիձեի խոսքով՝ իր առաջարկած սահմանափակումները կվերաբերեն վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեին, ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիին, խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Մատիկաշվիլիին և այլոց։

Բոլոր թվարկվածները նախկինում գործնական հարաբերություններ են ունեցել Իվանիշվիլիի հետ։

Իվանիշվիլիի ընկերությունների նախկին աշխատակիցների ցուցակը, որոնք նախկինում կամ այժմ պետական բարձր պաշտոններ են զբաղեցնում, շատ ավելի երկար է։

Ինչպես ենթակառուցվածքների ներկայիս նախարարը, այնպես էլ նրա նախորդները՝ Մայա Ցկիթիշվիլին և Նոդար Ջավախիշվիլին, նույն կերպ աշխատել են Cartu Group-ում: Նույնը վերաբերում է էկոնոմիկայի և ֆինանսների նախկին նախարար Իրակլի Քումսիշվիլիին (2016–2017 թթ․):

Իվանիշվիլիի նախկին աշխատակիցների թվում է նաև ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին, որը նախկինում ղեկավարում էր նրա անձնական թիկնազորը: Նմանատիպ պաշտոն է զբաղեցրել Անզոր Չուբինիձեն, որն այժմ ղեկավարում է Վրաստանի պետական պաշտպանության հատուկ ծառայությունը։ Բացի դրանից, Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին աշխատել է Իվանիշվիլիի մոտ մինչև իշխանության գալը։

Վրաստանի նախկին գլխավոր դատախազը (2018–2019) և այժմ ցկյանս գերագույն դատարանի դատավոր Շալվա Թադումաձեն նախկինում եղել է Իվանիշվիլիի անձնական փաստաբանը։

Բիձինա Իվանիշվիլին և Իրակլի Ղարիբաշվիլին, լուսանկարը՝ «Bidzina Ivanishvili for Georgia» ֆեյսբուքյան էջից։

Վրաստանն օլիգարխներից ազատելու մասին Դոլիձեի նախաձեռնության հրապարակումից ժամեր առաջ վարչապետը Facebook-ում ծավալուն հրապարակում էր արել, որում Բիձինա Իվանիշվիլիին հիշատակել էր 39 անգամ։

Գրառման մեջ Ղարիբաշվիլին պնդում էր, որ Բիձինա Իվանիշվիլիին «օլիգարխ» անվանելը վիրավորական է, միաժամանակ հավելելով, որ, այդուհանդերձ, 2012-ից ի վեր Իվանիշվիլիի նախկին աշխատակիցները կառավարական պաշտոններ զբաղեցրել են իրենց մասնագիտական արժանիքների համար:

«Երբ ինչ-որ մեկը մարդկանց ընտրում է ղեկավար պաշտոնների համար, բնականաբար, նա չի կարող օտարներին բերել, և առաջին հերթին հույսը դնում է նրանց վրա, ովքեր նրա հետ միասին են անցել ամենածանր ճակատամարտը և բարձր պրոֆեսիոնալիզմով են կատարել իրենց գործը»,- կարծիք էր հայտնել Ղարիբաշվիլին։

Երկուշաբթի Ղարիբաշվիլին իր ֆեյսբուքյան գրառման թարգմանված պատճենն ուղարկել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։

Բացի Cartu Group-ի նախկին աշխատակիցներից, պետական շատ կարևոր պաշտոններ են զբաղեցնում նաև Իվանիշվիլիի հեռուստաընկերության՝ GDS-ի նախկին աշխատակիցները։

GDS-ի նախկին աշխատակիցներից են ֆինանսների փոխնախարար և Եկամուտների ծառայության նախկին ղեկավար Միխեիլ Դունդուան, Մրցակցության գործակալության նախագահի առաջին տեղակալ Լևան Կալանդաձեն և հանրային ֆինանսավորմամբ գործող Վրաստանի հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի նախագահ և նախկին տնօրեն Վասիլ Մաղլափերիձեն:

«Վրաստանում պետության գրավման նշաններն ակնհայտ են իշխանության բոլոր երեք ճյուղերում»,- 2020-ի վերջին եզրակացրել էր «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան» հակակոռուպցիոն կենտրոնը։

«Բիձինա Իվանիշվիլին, առանց հանրային պատասխանատվության որևէ պաշտոն ունենալու, հաջողությամբ կարողացել է վրացական առանցքային պետական հաստատությունները, ներառյալ նրանք, որոնք օրենքով պետք է անկախ լինեն, ծառայեցնել իր մասնավոր բիզնես շահերին և անվտանգությանը»,- ասվում էր կազմակերպության հայտարարությունում։

Մեկնաբանել