Բեռլինի և Կիևի միջև սրվել է լարվածությունը «Հյուսիսային հոսք» գազատարի շուրջ

բեռլին ուկրաինայի դրոշ Բեռլին․ Բրանդենբուրգյան դարպասները լուսավորված են Ուկրաինայի դրոշի գույներով։

Ռուսական գազի մատակարարումներից Գերմանիայի կախվածությունը սրել է Բեռլինի և Կիևի միջև լարվածությունը։ Թեմային անդրադարձել է էներգետիկ ոլորտի հետազոտություններով զբաղվող ֆրանսիական Petrostrategies ընկերության World Energy Weekly հանդեսը (հուլիսի 18-ի համար)։

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Բեռլինի և Կիևի միջև հրապարակային բանավոր առճակատումը «Հյուսիսային հոսք 1» գազատարի շուրջ գնդակը վերադարձրել է Ռուսաստանի դաշտ: Գերմանիան իսկապես նպատակ ուներ ստիպել Ռուսաստանին պարզաբանել իր քաղաքական մտադրությունները գազի մատակարարումների հետ կապված։ Հունիսի 16-ին Մոսկվան 60 տոկոսով նվազեցրեց մատակարարումները «Հյուսիսային հոսք 1» գազատարով՝ պատճառաբանելով, որ Կանադան, հետևելով արևմտյան պատժամիջոցներին, հրաժարվում է թույլ տալ Siemens-ին մատակարարել «Հյուսիսային հոսք 1»-ի տուրբինը, որը վերանորոգվել էր գերմանական ընկերության կանադական արտադրամասերում: Որպեսզի ռուսները տուրբինի բացակայությունը չօգտագործեն որպես պատրվակ իրենց մատակարարումները նվազեցնելու համար՝ Բեռլինն Օտտավային խնդրեց չեղարկել Siemens-ի տուրբինները չմատակարարելու որոշումը: Մյուս կողմից, Կիևը կոչ արեց կանադացիներին ամուր մնալ պատժամիջոցների կիրառման հարցում՝ պնդելով, որ Մոսկվան կարող է ավելի շատ գազ արտահանել Ուկրաինայի կամ Յամալի խողովակաշարի միջոցով Լեհաստանով, եթե ցանկանում է պահպանել մատակարարումները:

«Հյուսիսային հոսք 1» գազատարը շահագործող «Գազպրոմ» ընկերությունը հայտարարել է, որ հուլիսի 11-ից 21-ն ամբողջությամբ կդադարեցնի դրա շահագործումը «ամենամյա սովորական տեխնիկական աշխատանքների համար»: Ճշմարտության պահը կգա հուլիսի 22-ին, երբ բացահայտվեն ռուսների իրական մտադրությունները:

Տեխնիկապես ուկրաինացիները ճիշտ են իրենց խողովակաշարերի՝ անհրաժեշտության դեպքում ավելի շատ ռուսական գազ Եվրոպա տեղափոխելու հնարավորությունների մասով: Իրավական առումով ռուսները ճիշտ են պնդում՝ պայմանագրերում նշվում է, որ «Հյուսիսային հոսք 1»-ը Եվրոպայում վաճառվող գազի պայմանագրային փոխանցման վեկտորն է: Համենայնդեպս, դա, հավանաբար, ամրագրված է նրանց պայմանագրերով, մինչդեռ այդ համաձայնագրերի ոգին պետք է թույլ տար ծավալների մատակարարման ուղեփոխում իրականացնել։

Սակայն հարցն ունի նաև քաղաքական կողմ։ Ռուսները կարող են հարցնել՝ որքան գազ պետք է մատակարարվի մյուս գազատարներով: Իսկ ի՞նչ կպատահի, եթե վաղը մել այլ «Հյուսիսային հոսքի» տուրբին խափանվի, ապա՝ մեկ ուրիշը: Քանի որ մի բան հանգեցնում է մյուսին, արդյոք գազատարի ամբողջ հզորությունը (տարեկան 55 մլրդ խմ) պե՞տք է փոխանցվի Ուկրաինայի տարածքով: Ռուսները կարող են նաև մտածել, որ արևմտյան երկրները փորձում են իրենց ստիպել նորից կախված լինել ուկրաինական տարանցիկ երթուղուց, ինչից նրանք փորձում էին խուսափել՝ կառուցելով «Հյուսիսային հոսք 1», ապա՝ «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարերը:

Գերմանիան, հավանաբար, չի ցանկանում, որ ռուսական գազի իր ամբողջ ներկրումն անցնի Ուկրաինայով

Ուկրաինայում պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակում խնդիրն այն է, որ Գերմանիան՝ ինքը, հավանաբար, չի ցանկանում, որ ռուսական գազի իր ամբողջ ներկրումն անցնի Ուկրաինայի տարածքով, քանի որ շարունակվող հակամարտությունը էական ֆիզիկական ռիսկեր է պարունակում այդ երկրի գազատարների համար։ Դրան գումարվում է նաև այն, որ Գերմանիայի և Ուկրաինայի քաղաքական հարաբերությունները հեռու են գերազանց լինելուց։ Կիևը քննադատել է Բեռլինին զինտեխնիկա ուղարկելու հարցում շատ խղճուկ լինելու համար։ Գերմանիայում Ուկրաինայի դեսպանը (որը նոր է փոխվել) մի քանի անգամ կանցլեր Օլաֆ Շոլցի հասցեին անպատեհ արտահայտություններ է թույլ տվել: Ուկրաինան մտահոգությամբ է դիտարկում գերմանական ռուսամետ կուսակցությունների զորացումը, ինչպիսիք են Die Linke-ն և AfD-ն, հատկապես՝ արևելյան Գերմանիայում: Թեև գերմանացիները ուկրաինացիներին հորդորել են չբացառել պատերազմին բանակցային լուծում գտնելու բոլոր հնարավորությունները, սակայն դժգոհում են, որ իրենց խորհուրդները հիմնականում անտեսում են։

Հենց այս պատկերում պետք է հասկանալ «Հյուսիսային հոսք 1» գազատարի տուրբինի խնդիրը: Երբ ռուսները դա օգտագործեցին որպես պատրվակ իրենց առաքումները նվազեցնելու համար, Բեռլինն անմիջապես Կանադային խնդրեց հանել պատժամիջոցը Siemens-ի համար: Պատժամիջոցները չշրջանցելու համար կանադացիներին բավականաչափ հնարավորություն տալու համար Բեռլինն առաջարկեց, որ Siemens-ը տուրբինը նախ կբերի Գերմանիա, և նոր միայն սարքավորումները կուղարկվեն Ռուսաստան։ Օտտավան դրան համաձայնեց։

Հուլիսի 9-ին Կանադայի բնական պաշարների նախարար Ջոնաթան Ուիլքինսոնը հայտարարել էր, որ իրենք Siemens Canada-ին սահմանափակ ժամանակով չեղարկելի թույլտվություն կտրամադրեն, որը թույլ կտա վերանորոգված «Հյուսիսային հոսք 1»-ի տուրբինները տանել Գերմանիա, ինչը կնպաստի հուսալի և մատչելի էներգիա ստանալու Եվրոպայի կարողությանը, քանի որ նրանք շարունակում են հեռանալ ռուսական նավթից և գազից: «Բնական գազի անհրաժեշտ մատակարարման բացակայության դեպքում Գերմանիայի տնտեսությունը զգալի դժվարություններ կունենա, իսկ իրենք՝ գերմանացիները, ձմռան մոտենալուն պես տները ջեռուցելու վտանգի առաջ կկանգնեն»,- ասել է Կանադայի նախարարը:

Միաժամանակ, Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ։ «Այս նոր պատժամիջոցները կվերաբերեն ցամաքային և խողովակաշարային տրանսպորտին, մետաղների և տրանսպորտի, համակարգչային, էլեկտրոնային և էլեկտրական սարքավորումների, ինչպես նաև մեքենաների արտադրությանը»,- ասել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Պրետին:

Հաջորդ օրը՝ հուլիսի 10-ին, Գերմանիայի կառավարությունը շնորհակալություն հայտնեց Կանադային Siemens-ի համար արգելքը չեղարկելու համար։ «Մենք ողջունում ենք մեր կանադացի ընկերների և դաշնակիցների որոշումը»,- ասվում էր կանցլերի հայտարարությունում։

Այնուամենայնիվ, Օտտավան առայժմ տվել է միայն քաղաքական համաձայնություն։ Ըստ Siemens-ի՝ իրենք ակտիվ աշխատում են հետագա հաստատումները ստանալու համար:

Լիա Ավագյան