Բորելը ողջունել է Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը Թբիլիսիում

ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

«Ողջունում եմ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Թբիլիսիում։ Սա կարևոր քայլ է դեպի համապարփակ լուծում։ ԵՄ-ն լիովին աջակցում է խաղաղ, անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկասին։ Հարաբերությունները կարգավորմանը հնարավոր է հասնել միայն ուղիղ երկխոսության միջոցով»,- Թվիթերի իր էջում գրել է Բորելը։

Հուլիսի 16-ին Թբիլիսիում Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը, որ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը, ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան: