ԱԱԾ-ն անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող խումբ է բացահայտել

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ։

«Պարզվել է, որ մի խումբ անձինք` շահադիտական նպատակով, երկու և ավելի անձանց անօրինական միգրացիան կազմակերպելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով Երևան քաղաքում գործող տուրիստական գործակալության ղեկավար կազմի հետ, յուրաքանչյուր անձի հաշվարկով 20 000-26 000 ԱՄՆ դոլարի դիմաց կազմակերպել են ՀՀ մի շարք քաղաքացիների անօրինական մեկնումը օտարերկրյա պետություններ և Շենգենյան համաձայնության երկրներ՝ այդ նպատակով մեկնող անձանց անվամբ պատրաստելով աշխատանք ունենալու, աշխատավարձի չափի, այլ եկամուտների, անշարժ ու շարժական գույքերի վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, որոնք ներկայացվել են ՀՀ-ում և արտերկրում գտնվող իրավասու մարմիններին»,- ասված է հաղորդագրությունում։

Խուզարկություններով հանցավոր խմբի անդամների բնակարաններում և տուրիստական գործակալությունում հայտնաբերվել են կեղծ կնիքներ, դրոշմներ, փաստաթղթեր, փաստաթղթերի դատարկ ձևանմուշներ:

Խմբի անդամները անօրինական միգրացիայի կազմակերպելու համար ներկայացրել են նաև քաղաքացիների՝ Հայաստանում քաղաքական հետապնդումների ենթարկվելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ։

«Մասնավորապես, խմբի անդամները մի շարք անձանց տրամադրել են նախապես մշակված տեքստեր այն մասին, թե իբր ՀՀ-ում 2018-ից հետո գործող իշխանությունների կողմից քաղաքական ճնշումներ են սկսվել Հանրապետական կուսակցության անդամների և նրանց աջակիցների նկատմամբ, որի արդյունքում չեն դիմացել հալածանքներին, հետապնդումներին և հարկադրված լքել են հայրենիքը, ինչի կապակցությամբ հրահանգավորումներ են կատարել և հորդորել քաղաքացիներին՝ նույնությամբ չկրկնել տեքստի բովանդակությունը: Ավելին, խմբի անդամները նախապես մշակված տեքստերում հատուկ շեշտադրումներ են կատարել այն մասին, որ քաղաքական հայացքներով պայմանավորված՝ հիշյալ անձանց կյանքին ու ազատությանը վտանգ է սպառնում, նրանք կորցրել են իրենց բիզնեսը և այլ մտացածին կեղծ տեղեկություններ՝ հայցելով օտարերկրյա կառավարությանը՝ քաղաքական ապաստան տրամադրել իրենց»,- նշված է հաղորդագրության մեջ։

ԱԱԾ-ն հայտնում է, որ հանցավոր խմբի անդամներից 6-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցելու։ Նրանցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 1 անձի նկատմամբ կիրառվել է գրավ, իսկ 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: