Ինչո՞ւ է կանաչում Սևանա լիճը, պարզաբանում է շրջակա միջավայրի նախարարությունը

Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է ներկայացրել Սևանա լճի կանաչելու վերաբերյալ, ինչպես նաև նշում է՝ ինչ քայլեր են ձեռնարկվում խնդրի լուծման ուղղությամբ։

Ըստ նախարարության՝ լճում ջրիմուռների ծաղկումը հիմնականում պայմանավորված է հետևյալ գործոններով․

-Ֆոսֆորի և ազոտի միացությունների մեծ քանակություն, որը ծառայում է որպես սննդանյութ,

-Ջրի բարձր ջերմաստիճան,

-Լույսի բավականին մեծ ինտենսիվություն,

-Լճի մակարդակի իջեցման հետևանքով Փոքր Սևանում հիպոլիմնիումի շերտի կրճատում, իսկ Մեծ Սևանում՝ վերացում։

«Հիպոլիմնիումի շերտի կրճատման և բացակայության հետևանքով հատակային շերտից տեղի է ունենում ֆոսֆորի ինտենսիվ անցում ջրաշերտ։ Սևանա լճում ֆոսֆորի կոնցենտրացիան շարունակում է աճել, որովհետեւ լիճը ծանրաբեռնված է մարդու գործունեության հետևանքով առաջացած կեղտաջրերով բերվող կենսանյութերով»,- ասված է պարզաբանման մեջ։

Նախարարությունից նշում են, որ կոմունալ-կենցաղային չմաքրված կեղտաջրերը, այդ թվում՝ ափամերձ հանգստյան գոտիների կեղտաջրերը, թափվում են լիճ։ Կեղտաջրերի մուտքը լիճ տեղի է ունենում նաև հետևյալ հիմնական աղբյուրներից՝ գյուղատնտեսություն և անասնապահություն, ջրածածկ բուսական տարածքներ, ցանցավանդակային ձկնաբուծություն, կոյուղատարին չմիացած սեպտիկ հորեր։

Կոյուղաջրերի կառավարման ուղղությամբ նախատեսվում է իրականացնել Գավառի մեխանիկական մաքրման կայանի վերազինում, ինչպես նաև Սևանա լճի ավազանի Վարդենիկ և Ծովինար բնակավայրերի կեղտաջրերի հեռացման և համատեղ մաքրման համակարգի ստեղծում։

«Ներկա պահին Սևանա լիճը գտնվում է ինտեսիվ ծաղկամն փուլում, լիճը ըստ տրոֆիկ վիճակի համապատասխանում է մեզոտրոֆիկ վիճակին։ Լճի ինտենսիվ ծաղկման հետևանքվ ֆոսֆատի կոնցենտրացիան նվազում է։ Հունիս ամսվա համեմատությամբ հուլիսի 15-ին ֆոսֆատ իոնի կոնցենտրացիան նվազել է մոտ 2 անգամ: Ինտեսիվորեն կենսազանգվածի կողմից ընթանում է ֆոսֆորի յուրացումը, և երբ ջրում ֆոսֆորի կոնցենտրացիան գրեթե հավասարվի զրոյի, պրոցեսը կավարտվի: Ըստ դիտարկումների, պրոցեսը կտևի 2-3 շաբաթ»,- ասված է հայտարարությունում։

Նախարարությունից հայտնում են, որ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և որպես դրա խաթարման հետևանքներից մեկի՝ կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ձեռնարկվում են հետևյալ միջոցառումները․

-Լճում սիգի արդյունագործական որսի կարգավորում,

-Ձկնապաշարի համալրում,

-Սևանի ջրավազանային կառավարման պլանի մշակում,

-Սևանա լճի ջրի նորմերի հաստատում,

-Սևանա լճի ափին ապօրինի և ապամոնտաժման ենթակա շենք-շինությունների ապամոնտաժում,

-Ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխատանքներ,

-Աղբահանության և աղբի տեղափոխման խնդրի կարգավորում։

Մեկնաբանել