Հայաստանը շարունակում է առերեսվել Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին․ Միրզոյան

Հայաստանը շարունակում ենք առերեսվել Ադրբեջանի ռազմատենչ և առավելապաշտական հայտարարություններին, այս մասին Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի հայտարարության ժամանակ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Ցավով պետք է արձանագրեմ, որ հակառակ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին՝ մենք շարունակում ենք առերեսվել Ադրբեջանի ռազմատենչ և առավելապաշտական հայտարարություններին, որոնք ուղղված են տարածաշրջանային կայունության և խաղաղության խաթարմանը։ Ավելին, խախտելով միջազգային հումանիտար իրավունքի նորմերն ու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունները, Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց՝ նրանց օգտագործելով որպես քաղաքական շահարկումների գործիք»,- ասել է Միրզոյանը։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ լեհ գործընկերոջ հետ հանդիպմանը անդրադարձ է եղել ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությանը, որտեղ այժմ նախագահում է Լեհաստանը։ Արարատ Միրզոյանը Լեհաստանի արտգործնախարարին ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների շուրջ։ Նա ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործում:

«Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը մեր սկզբունքն ու ռազմավարությունն է, և հուսով ենք, որ ԵԱՀԿ-ն՝ ԵԱՀԿ գործող նախագահի ինստիտուտի հետ միասին, կօգտագործի իր գործիքակազմում առկա մեխանիզմները` կառուցողական մթնոլորտի ապահովման ու համապարփակ խաղաղության համար պայմաններ ստեղծելու համար»,- նշել է Միրզոյանը։