Պուտինն ու Էրդողանը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 19-ին Թեհրանում կայացած երկկողմ հանդիպմանը՝ ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև ղարաբաղյան հիմնախնդիրը։

«Շատ հարցեր կան սիրիական կարգավորման վերաբերյալ։ Երկկողմ հեռանկարային խոշոր նախագծերն առաջ են գնում, զարգանում են։ Իհարկե, մեր տեսադաշտում է նաև մեկ այլ կարևոր հարց՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը»,- ասել է Պուտինը, փոխանցում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ռուսաստանի նախագահը նաև հայտնել է, որ վերջերս Կասպից ծովի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ։

***

Հուլիսի 19-ին, Թեհրանում կայացել է Աստանայի գործընթացի (սիրիական կարգավորման աջակցության գործընթաց) երաշխավոր պետությունների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ղեկավարների եռակողմ հանդիպումը։ Երկրների ղեկավարները նաև երկկողմ ձևաչափերով հանդիպումներ են կանցկացրել։