Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը կնոջ հետ համատեղ տուն է գնել ԱՄՆ-ում

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը կնոջ հետ համատեղ տուն է գնել Ամերիկայի Միացյալ նահանգների Մերիսվիլ քաղաքում: «Հետքը» ուսումնասիրել է պաշտոնյայի հայտարարագիրը, որի համաձայն՝ գործարքը կայացել է 2021-ի մայիսին, իսկ անշարժ գույքի արժեքը կազմել է 584 հազար 950 ԱՄՆ դոլար:

Բագրատ Բադալյանի եկամուտներն ավելացել են հատկապես պետական պաշտոններ զբաղեցնելու տարիներին: Մասնավորապես, նրան է պատկանում «Ճաննախագիծ ինստիտուտ» ընկերության 88,1%-ը: Այս ընկերությունն ակտիվ մասնակցություն ունի պետական գնումներում՝ հատկապես ճանապարհաշինության ոլորտում:

Բագրատ Բադալյանի՝ 2020-ի ապրիլի 16-ին «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի բաժնետեր դառնալուց հետո, պետական մարմինները և համայնքները ընկերության հետ կնքել են ընդհանուր 1 մլրդ 79 մլն 465 հազար դրամի պետական գնման պայմանագիր:

Համեմատության համար նշենք, որ մինչև ընկերությունում Բագրատ Բադալյանի բաժնետեր լինելը, 2019-ի հունվարի 1-ից մինչև 2020-ի ապրիլի 15-ը, «Ճաննախագիծ ինստիտուտ»-ի հետ կնքվել է պետական գնման ընդամենը մեկ պայմանագիր՝ 431 հազար դրամ պայմանագրային գնով: Իսկ 2018-ին՝ 3 պայմանագիր՝ 11 մլն 949 հազար դրամ ընդհանուր գնով:

Բարձր պաշտոններում Բագրատ Բադալյանի կարիերան սկսվել է 2018-ի իշխանափոխությունից հետո: 2018-ի հունիսին նշանակվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, իսկ մեկ տարի անց՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ: 2020-ի փետրվարին նշանակվել է այն ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական, ամիսներ անց՝ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար: Բագրատ Բադալյանը 2021-ի օգոստոսին նշանակվել է ՊԵԿ նախագահի խորհրդական, իսկ երկու ամիս անց՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

Հետաքննությունն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բագրատ Բադալյանի վերաբերյալ ՍիվիլՆեթի հրապարակումները՝ ստորև․

Մեկնաբանել