Ֆրանսիան ողջունել է Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը Թբիլիսիում

Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև Թբիլիսիում կայացած հանդիպումը:

«Մենք վճռական ենք աջակցելու Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը։ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների շարունակությանը՝ նպաստելու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը»,- ասված է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարարությունում։

Ավելի վաղ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ողջունել էին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

***

Հուլիսի 16-ին Թբիլիսիում Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը, որ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը, ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան:

Մեկնաբանել