Թբիլիսիում արտգործնախարարների հանդիպման հիմնական արդյունքն ու Ալիևի սպառնալիքները

Հուլիսի 16-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Սա առաջին դեպքն է, երբ Վրաստանի մայրաքաղաքում նման բարձր մակարդակով հայ-ադրբեջանական բանակցություններ են անցկացվում:

Արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունեցել վերջին ամիսների ընթացքում տարբեր միջնորդական առաքելությունների նախաձեռնած բանակցային գործընթացների լճացման ֆոնին: Այդ առումով հատկանշական է, որ հանդիպումը կայացել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի՝ տարածաշրջան կատարած այցից հետո: Ակնհայտ է, որ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել հենց Կլաարի միջնորդությամբ:

Հանդիպման արդյունքում կողմերը հանդես են եկել հայտարարություններով, որոնց մեջ կրկնել են իրենց դիրքորոշումները հայ-ադրբեջանական տարբեր օրակարգերի մի շարք ակտուալ հարցերի վերաբերյալ:

Հանդիպման վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ ուշադրության է արժանի այն հատվածը, որտեղ նշվում է եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների լիակատար կատարման և Լեռնային Ղարաբաղից հայկական ուժերի դուսրբերման անհրաժեշտության մասին: Այդ հատվածում, մասնավորապես, նշվում է. «Նախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ հիմնվելով հետկոնֆլիկտային իրողությունների վրա, որոնք ի հայտ են եկել երկու պետությունների միջև զինված հակամարտության հանգուցալուծումից հետո, բոլոր ջանքերը պետք է ուղղվեն դեպի Հայաստանի ու Ադրբեջանի միջև բարիդրացիական միջպետական հարաբերությունների կառուցումը: Այս համատեքստում ընդգծվել է Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի առաջնորդների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության բոլոր կետերի իրականացումը, մասնավորապես, հայկական զինված ուժերի դուրսբերումը Ադրբեջանի տարածքից»:

Հատկանշական է, որ այս թեմայով վերջին օրերին հերթական անգամ մեկնաբանություններ է արել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ալիևը հուլիսի 15-ին հայտարարել է, որ Հայաստանը նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ պարտավորություն է ստանձնել դուրս բերել հայկական զինված ուժերը Լեռնային Ղարաբաղից, սակայն այդ հարցը մինչ այսօր լուծված չէ: Ադրբեջանի նախագահը մեկ այլ հետաքրքրական հայտարարություն է արել: Նա նշել է, որ Ադրբեջանը այս հարցը բարձրացրել է նաև Ռուսաստանի զինվորական ղեկավարության առաջ: Ըստ Ալիևի՝ ամիսներ առաջ Ադրբեջան այցելած ՌԴ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը խոստացել էր, որ հայկական զինվորականները դուրս կգան Լեռնային Ղարաբաղից: Նա հավելել է, որ արդեն հուլիսի կեսն է, բայց այդ հարցը դեռ լուծում չի ստացել:

Ադրբեջանի նախագահի հիշատակած բարձրաստիճան զինվորականը հավանաբար ՌԴ զինված ուժերի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ Ալեքսեյ Կիմն է, որը նաև համակարգում է ռուսական բանակի խաղաղապահ գործունեությունը։ Կիմը Բաքու էր ժամանել մարտի 22-ին և հանդիպումներ ունեցել ադրբեջանցի իր մի շարք գործընկերների հետ: Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վալիևի հետ Կիմի հանդիպումից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որի մեջ, մասնավորապես, նշվում էր. «Կողմերը հանգամանալից քննարկել են Ադրբեջանի տարածքից հայկական ապօրինի զինված խմբավորումների դուրսբերման գործընթացը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 4-րդ կետի համաձայն»:

Դժվար է պատկերացնել, որ ռուսաստանցի բարձրաստիճան զինվորականը կարող էր Բաքվում Պաշտպանության բանակի զինաթափման խոստումներ տալ: Դա այս փուլում չի բխում Մոսկվայի շահերից: Ամենայն հավանականությամբ, Ալեքսեյ Կիմը այդ հանդիպման ընթացքում հայտնել էր ադրբեջանական կողմին, որ 2022 թվականի ամռանը զորացրվելու է Հայաստանի Հանրապետությունից Արցախ զորակոչված ժամկետային զինծառայողների վերջին խումբը: Այդ առումով Ալիևը վստահաբար նենգափոխում է ռուսական կողմի հետ տեղի ունեցած քննարկման բովանդակությունը:

Հատկանշական է, որ Ալիևը այս հարցի հետ կապված սպառնալիքներ է հնչեցրել հայկական կողմի նկատմամբ: Նա, մասնավորապես, նշել է, որ եթե Հայաստանը չի ցանկանում իր զորքերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղից, ապա պետք է այդ մասին բաց տեքստով հայտարարի, որպեսզի Բաքուն իմանա իր անելիքը: Այս հարցի վերաբերյալ վերջին օրերին արտահայտվել են նաև Ադրբեջանի հայտնի արևմտյան լոբբիստները: Այսպես, պրոադրբեջանական հայացքներով հայտնի ամերիկացի վերլուծաբան Լյուք Քոֆին թվիթերյան իր էջում գրառում է կատարել այս թեմայով և ակնարկել, որ Բաքուն ակտիվ քայլերի է դիմելու, եթե Ռուսաստանը չստիպի Հայաստանին դուրս բերել իր զորքերը Լեռնային Ղարաբաղից:

Բաքվից եկող այս բոլոր ազդակները պետք է լինեն հայկական կողմի ուշադրության կենտրոնում: Չի բացառվում, որ բանակցային գործընթացի որոշակի լճացման ֆոնին Ադրբեջանը կարող է հերթական անգամ սադրանքների գնալ և ապակայունացնել իրավիճակը հակամարտության գոտում:

Թբիլիսիում տեղի ունեցած հանդիպումից երկու օր անց՝ հուլիսի 18-ին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա օգոստոսին Մոսկվայում: Փոխվարչապետի գրասենյակից, սակայն, նշել են, որ հանդիպման հստակ օրվա վերաբերյալ դեռևս վերջնական պայմանավորվածություն չկա:

Հիշեցնենք, որ սահմանային հանձնաժողովների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել մայիսի 24-ին: Այդ հանդիպումից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել հաջորդ հանդիպումը անցկացնել Մոսկվայում, որը սակայն այդպես էլ տեղի չունեցավ: Օգոստոսին Մոսկվայում հանդիպում անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածությունը ամենայն հավանականությամբ ձեռք է բերվել հենց Թբիլիսիում արտգործնախարարների հանդիպման ընթացքում, ինչն էլ կարելի այդ հանդիպման հիմնական արդյունքը համարել: Այնուամենայնիվ, չի բացառվում, որ այդ հանդիպումը կրկին կարող է տեղի չունենալ, քանի որ այս գործընթացում ևս կողմերի միջև շարունակում են լուրջ տարաձայնություններ գոյություն ունենալ:

Մեկնաբանել