ԱՄՆ դեսպանատան՝ կամավորների մասին հայտարարությունը սխալ է մեկնաբանվել

Հովհաննես Նազարեթյան, #CivilNetCheck

Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ հուլիսի 11-ին տարածված հայտարարությունը՝ կամավորներ հավաքագրելու մասին, հյուպատոսական ծառայությունների առօրյա աշխատանքի մաս է։

«Ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանությունները պարբերաբար հավաքագրում են համայնքի հետ կապի կամավորների, որոնք օգնում են տեղեկությունների փոխանցման և այլ երկրում բնակվող կամ ճանապարհորդող ԱՄՆ քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցում»,- CivilNetCheck-ին հայտնում են ԱՄՆ դեսպատան մամուլի հետ կապերի բաժնից։

Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներում հուլիսի 19-ին և 20-ին «ԱՄՆ-ի դեսպանատունը մտահոգված է Հայաստանում իր քաղաքացիների անվտանգությամբ» վերնագրերով հոդվածներ են հրապարակվել, որոնցում հղում է արվում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կայքում հուլիսի 11-ին հրապարակված հայտարարությանը՝ կամավորներ հավաքագրելու մասին։

«Այսքանից հետո հարց է առաջանում․ ի՞նչ վտանգների մասին է ակնարկում ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում, ի՞նչ է հայտնի ԱՄՆ-ի դեսպանատանը, որ այսքան մտահոգված են իրենց քաղաքացիների անվտանգությամբ»,- գրում է news.am կայքը՝ ներկայացնելով հայտարարությունը։

Նույնաբովանդակ հոդվածներ գրել են news.am, auroranews.am, armlur.am, oragir.news կայքերը՝ մատնանշելով հայտարարության մեջ հնարավոր վտանգների մասին նախազգուշացումը։

Ինչ է ասվում հայտարարության մեջ

ԱՄՆ դեսպանատան «Զգուշացումներ և հաղորդագրություններ» բաժնում հուլիսի 11-ին հրապարակվել է «Հաղորդագրություն ԱՄՆ քաղաքացիներին» վերնագրով հայտարարություն՝ նշելով, որ ԱՄՆ դեսպանատունը փնտրում է Հայաստանում բնակվող ԱՄՆ քաղաքացիների, որոնք կամավոր կերպով դեսպանատանը կօգնեն հաղորդակցվել ԱՄՆ այլ քաղաքացիների հետ՝ նախապատրաստվելու աղետներին և նախազգուշացնել արտակարգ իրավիճակներին։

Արտակարգ իրավիճակների ժամանակ այդ կամավորները կարող են օգնել փնտրելու անհետ կորած ԱՄՆ քաղաքացիների կամ այցելել բանտում կամ հիվանդանոցում գտնվող ամերիկացիներին։

Ինչ է սա նշանակում

Նույնաբովանդակ հայտարարություններ կան տեղադրված տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանատների կայքերում՝ Մոնղոլիա, Չեխիա, Մյանմար, Ճապոնիա, Բուլղարիա, Հնդկաստան, Մեքսիկա, Պորտուգալիա, Լեհաստան, Ֆրանսիա և այլն։

Իսկ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան կայքում առկա է մանրամասն ուղեցույց՝ կամավորների ծրագրի մասին, որում նշված է, որ բոլոր ԱՄՆ դեսպանություններում և հյուպատոսություններում նախատեսվում է ունենալ ամերիկացի կամավորների ցանց։

Կամավորների ցանցի առաջնային գործառույթն է՝ օգնել ԱՄՆ դեսպանատներին և հյուպատոսություններին՝ տարածել տեղեկատվություն ԱՄՆ քաղաքացիների շրջանում, հատկապես այն երկրներում, որտեղ հաղորդակցության համակարգերը թերզարգացած են։ Ավելին, կամավորները կարող են կարևոր տեղեկատվություն հաղորդել ԱՄՆ դեսպանատանը կամ հյուպատոսարանին բնական աղետների, շենքերի փլուզումների կամ կրակոցների ժամանակ՝ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու համար։