Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևանների հանդեպ․ Ալեն Սիմոնյան

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 20-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Կատրին Գյորինգ-Էքքարդտի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը։

«Գերմանիան ԵՄ երկրների շարքում Հայաստանի խոշորագույն առևտրատնտեսական գործընկերն է: Մենք նաև բարձր ենք գնահատում Գերմանիայի օժանդակությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգին»,- նշել է Սիմոնյանը:

Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել են հետպատերազմյան իրավիճակին, տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն առնչվող հարցեր․ «ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով և ջանքեր է գործադրում թե՛ տարածաշրջանային ենթակառուցվածքների և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, թե՛ սահմանազատման և սահմանային անվտանգության ուղղությամբ: Նա շեշտել է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևանների հանդեպ»,- նշում են ԱԺ-ից։

Բունդեսթագի փոխնախագահ հայտնել է, որ «աչալրջորեն հետևում են» տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին։ Նրա համոզմամբ՝ հակամարտությունների լուծման արդյունավետ ուղին խաղաղ բանակցություններն են:

Մեկնաբանել