Կառավարությունը 3,1 միլիարդ դրամի պայմանագիր կկնքի «Տոյոտա Երևան»-ի հետ՝ պարեկայինների մեքենաների համար

Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի և Կոտայքի մարզերում կստեղծվեն ոստիկանության պարեկային ծառայություններ՝ Երևանի, Լոռու ու Շիրակի մարզերի օրինակով։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հուլիսի 21-ի նիստի օրակարգում։

Չորս մարզերում պարեկային ծառայություն հիմնելու համար ոստիկանությունը նախատեսում է ձեռք բերել 175 ավտոմեքենա, ոստիկանությունը որոշել է, որ պետք է ձեռք բերի Toyota Fortuner մակնիշի մեքենաներ՝ ընդհանուր առմամբ 3,1 միլիարդ դրամ արժեքով։ Ավտոմեքենաները ձեռք են բերվելու «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ից, որի սեփականատերերն են Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը և գործարար Սամվել Մայրապետյանը։

Ըստ որոշման հիմնավորման՝ դեռ մայիսին հայտարարված ավտոմեքենաների գնման մրցույթը չէր կայացել, քանի որ մասնակիցներ չէին եղել, որից հետո ոստիկանությունը դիմել է հանրահայտ ավտոապրանքանիշերի հայաստանյան 5 պաշտոնական ներկայացուցիչների և միայն «Տոյոտա Երևան»-ն է, որ պատրաստ է եղել նշված բնութագրով ու նշված ժամկետներում մեքենաներ մատակարարել։Նախատեսվում է, որ դրանք պիտի մատակարարվեն մինչև նոյեմբերի 15-ը։

«Բանակցությունների արդյունքում ձեռք բերված փոխհամաձայնությամբ նախատեսվում է մատակարարել Toyota Fortuner մակնիշի 45 միավոր մեխանիկական և 130 միավոր ավտոմատ տուփով ավտոտրանսպորտային միջոց, համապատասխանաբար, ըստ տեսակների 15,9 միլիոն և 18,4 միլիոն դրամ գնման գներով»,- նշված է որոշման նախագծում։

Հարցի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ քանի որ կան զգայուն ձևակերպումներ ու զգայուն վերնագրեր, հարցը որոշեցին քննարկել զեկուցվող ընթացակարգով։ Նա հիշեցրեց, որ Շիրակում ու Լոռիում պարեկային ոստիկանության ներդրման ժամանակ շատ էին քննարկվում ավտոմեքենաների տեխնիկական բնութագրերը և այլն. «Շուկայում ավտոմեքենաների դեֆիցիտ կա, ու մենք հրավիրել ենք Հայաստանում գործող ընկերությունների ներկայացուցիչների, ասվել է, որ մեզ պետք են այս պարամետրերով մեքենաներ։ Մյուս ընկերությունները անձանագրել են, որ մեր առաջարկած ժամկետներում չեն կարող մատակարարել մեքենաներ։ Մեքենաներ կարող է բերել «Տոյոտա Երևան» ընկերությունը, բայց չի կարող բերել հենց այն մեքենաներից, որոնք բերվել են Լոռիում ու Շիրակում»,-ասաց Փաշինյանը՝ բացատրելով, որ կամ կառավարությունը պիտի կանգնեցներ պարեկային ծառայության զարգացումը մինչև ավտոմեքենաների շուկան կարգավորվեր, կամ շարունակելու էին պարեկային ծառայություններ ձևավորել․ իրենք ընտրել են երկրորդ տարբերակը։

Անցյալ տարի պարեկային ծառայություն հիմնվեց Երևանում, այս տարի՝ Գյումրիում, Վանաձորում։ Երևանում պարեկայինների համար ձեռք բերված մեքենաները «Շկոդա» մակնիշի էին, իսկ Շիրակում և Լոռիում՝ «Տոյոտա»։ Տարվա սկզբին «Տոյոտա Երևան»-ի հետ կնքվել էր ավելի քան 1,7 միլիարդի պայմանագիր՝ Շիրակի և Լոռու պարեկայինների մեքենաների մատակարարման համար։

Մեկնաբանել