Հայաստանի հետ սկսված գործընթացը եռակողմ է, ասել է Թուրքիայի արտգործնախարարը

Մենք Հայաստանի հետ երկկողմ ձևաչափով գործընթաց ենք սկսել, սակայն պետք չէ մոռանալ, որ այն իրականում եռակողմ է, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն թուրքական TRT Haber հեռուստաընկերության հետ հարցազրույցում։ «Մենք ամեն մի քայլ Ադրբեջանի հետ ենք համապատասխանեցնում՝ կուզի Հայաստանը, թե ոչ, իրականությունը դա է: Մենք մի ժողովուրդ, երկու պետություն ենք»,- ասել է նա։

Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հուլիսի 11-ին կայացած առաջին հեռախոսազրույցին՝ Չավուշօղլուն նշել է, որ Էրդողանը Փաշինյանին ներկայացրել է իր տեսակետները: «Թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը Հարավային Կովկասում խաղաղություն են ցանկանում: Ղարաբաղյան պատերազմից հետո ինչպես մեր, այնպես էլ Ադրբեջանի առաջարկներն ու հայտարարությունները հայտնի են»,- ասել է նա:

Թուրքիան և Հայաստանը 2021-ի դեկտեմբերին հարաբերությունները կարգավորելու համար հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, որոնք արդեն չորս հանդիպում են անցկացրել։ Չավուշօղլուն հատուկ ներկայացուցիչների նշանակումը համարել է «վստահության բարձրացմանը միտված քայլ» և նշել, թե «որպես մեծ պետություն մեր այդ ժեստը նորմալ է»:

Նա անդրադարձել է նաև Ռուսաստանի և Եվրամիության միջնորդությամբ Ադրբեջանի ու Հայաստանի միջև հանդիպումներին՝ նշելով, որ դրանց շրջանակում որոշ համաձայնություններ են ձեռք բերվել․ «Դրանցից մեկն առնչվում է ընդհանուր սահմանային հանձնաժողովի ստեղծմանը, որը վերաբերում է սահմանների ճշգրտմանը: Երկրորդը խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու մասին է։ Երրորդը տարածաշրջանային նախագծերի իրականացումն է, որը ներառում է նաև Զանգեզուրի միջանցքը»:

«Քանի որ «Միջին միջանցքը» մեծ կարևորություն է ստացել ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով, մի շարք հանդիպումներ են եղել Ադրբեջանի ու Միջին Ասիայի պետություններից Ուզբեկստանի, Ղազախստանի ներկայացուցիչների հետ, քանի որ այն կրիտիկական նշանակություն ունի առևտրի համար: Այդ իսկ պատճառով այդ նախագծերի իրականացումը շատ կարևոր է»,- ասել է նա:

«[…] երբ հասնում ենք առարկայական խնդիրներին, Հայաստանից կոնկրետ քայլեր չենք տեսնում: Դրանք վերաբերում են Զանգեզուրի միջանցքին, համապարփակ խաղաղության պայմանագրին և այլ նախագծերի»,- ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ այդ հարցերում Հայաստանի իշխանություններից դրական քայլերի են սպասում։

Մենք Հայաստանի հետ երկկողմ ձևաչափով գործընթաց ենք սկսել, սակայն պետք չէ մոռանալ, որ այն իրականում եռակողմ ձևաչափ է: Մենք ամեն մի քայլ Ադրբեջանի հետ ենք համապատասխանեցնում՝ կուզի Հայաստանը, թե ոչ, իրականությունը դա է: Մենք մի ժողովուրդ, երկու պետություն ենք: Վերջին իրողությունից անկախ՝ եթե խոսում ենք տարածաշրջանում խաղաղության մասին, ապա տարածաշրջանի ամեն պետություն պետք է քայլ անի, և այդ համատեքստում Հայաստանից ևս առարկայական քայլերի ենք սպասում՝ լինի Զանգեզուրի հարցը, լինի համապարփակ խաղաղության պայմանագիրը, թե մեզ հետ կապված հարցեր: Մենք ու Ադրբեջանը խաղաղություն ու կայունություն ենք ցանկանում, և դա Հայաստանն էլ պետք է ցույց տա»,- ասել է Չավուշօղլուն:

Մեկնաբանել