Արցախում 2021 թվականից հետո շահագործման է հանձնվել ավելի քան հազար բնակարան

2021-ից մինչև 2022-ի հուլիս ամիսն Արցախի կառավարությունը տրամադրել է ավելի քան 1 000 բնակարան՝ կառուցապատման, երկրորդային շուկայից ձեռքբերման, բնակֆոնդի վերանորոգման արդյունքում, այսպիսի տվյալներ է բերել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան տեսանյութում:

Տեսանյութը պատմում է 2020 թվականի պատերազմից հետո Արցախում իրականացվող բնակարանաշինության աշխատանքների մասին` նշելով, որ տրամադրված 1 000 բնակտարածքից 377–ը նորակառույց բնակարաններ են՝ հիմնականում Ստեփանակերտում։ Դրանք կառուցվել են Արցախի և Հայաստանի պետական միջոցների և Հայաստան համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Բնակարաններն ու բնակելի տները տրամադրվել են զոհված անձանց ընտանիքներին, տեղահանվածներին, 1-ին խմբի անժամկետ զինհաշմանդամություն ունեցողների, ՊԲ գործող և պահեստազորի զինծառայողներին, հինգ և ավելի զավակ ունեցող ընտանիքներին, փախստականի կարգավիճակ ստացած ընտանիքներին և ծնողազուրկ անձանց ընտանիքներին:

«2022 թվականին շահագործման կհանձնվի շուրջ 600 բնակարան և բնակելի տուն, որի շուրջ 90 տոկոսը՝ շրջաններում»,- տեսանյութում նշում է Արցախի բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը։

Նրա խոսքով՝ ներկա պահին Ստեփանակերտում մոտ 1 300 բնակարանի շինարարական աշխատանքներ են ընթանում, շրջաններում այդ թիվը հասնում է մոտ 1 500-ի: Եվս 1 000 բնակարանի, բնակելի տան նախագծանախահաշվարկային փաստաթղթերը պատրաստ են, ու առաջիկայում դրանց շինարարությունը կսկսվի:

«Հանրապետությունում բնակարանային հաշվառման հերթացուցակներում արդեն ունենք մոտ 8 500 ընտանիք: Կարծում եմ՝ այս շինարարական տեմպերով առաջիկա տարիներին հնարավոր կլինի նրանց հարցը լուծել»,- ընդգծում է Արմեն Մանգասարյանը: