Վարչապետի աշխատակազմը պարզաբանել է՝ ինչ հիմքով է արգելվել Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, արձագանքելով «Արմենպրես»-ի հարցին, պարզաբանել է, թե ինչ հիմքով է հուլիսի 13-ին արգելվել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն: Պարզաբանումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Հայտնում ենք, որ Ձեր կողմից նշված անձի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է՝ հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի «գ» և «զ» կետերը:

Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում:

Այդ մասին վկայող տվյալներ հրապարակվել են տարբեր լրատվամիջոցների կողմից, իսկ տեսանյութերն առկա են նաև համացանցում: Ոչ միայն Ձեր կողմից նշված անձի, այլև հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը ՀՀ արգելվել է: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունը որևէ վերապահում չունի խաղաղ ակցիաների որևէ մասնակցի նկատմամբ: Իսկ հարձակումների կազմակերպիչների և մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն՝ օրենքով սահմանված կարգով արգելվել է»։

***

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է այն հիմքերը, որոնք թույլ են տալիս մերժել օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը), ուժը կորցրած ճանաչել տրամադրված մուտքի վիզան կամ արգելել մուտքը Հայաստանի Հանրապետություն:

Մեկնաբանել