44-օրյա պատերազմում զոհված սիսիանցի զինծառայաողները մինչև հիմա գերեզման չունեն

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված սիսիանցի տղաները մինչև այսօր չունեն գերեզման։ Նրանց համար կառուցվող պանթեոնը անշուք ու անբարեկարգ է։ Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանի խոսքով՝ հարցը մինչ այսօր լուծում չի ստացել, քանի որ ծնողների հետ համաձայնության չեն եկել։ Կառավարության կողմից տրամադրվելիք գումարով ծրագիրն իրագործելու համար նախապես հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել «Լիբրա-Ս» ՍՊԸ-ն:

Ընկերության և համայնքապետարանի միջև հուլիսի 7-ին կնքվել է պայմանագիր, համաձայն որի՝ 100 օրացույցային օրվա ընթացքում պետք է տեղադրվեն շիրմաքարերը, հայտնում է համայնքի պաշտոնակատարը և հավելում, որ 25 միլիոն 133 հազար դրամ համայնքի բյուջեից կտրամադրվի քաղաքային պանթեոնի բարեկարգման և սալիկապատման համար:

«Անկախ նրանից, թե ով է պաշտոնավարում, միևնույն է՝ չեմ հավատում, որ մարդկության պատմության մեջ կլինի մեկը, ով կմտածի շիրմաքարերի գումարը «լվանալու» մասին»,- ամփոփեց Հակոբջանյանը։

ՍիվիլՆեթը կապ հաստատեց նաև զոհվածների ծնողների հետ: Ծնողները հաստատեցին, որ իրենք տարաձայնություն են ունեցել շիրմաքարերի գույնի վերաբերյալ: «Մենք ուզում էինք սպիտակ գրանիտե շիրմաքար, բայց հետո պարզվեց, որ այն Սիսիան բնակավայրի եղանակային պայմաններին չի դիմանա և սաստիկ ցրտին հնարավոր է ճաքի: Այնուհետև մեր «նախաձեռնող խումբը» ուսումնասիրեց հարցը և որոշում կայացվեց տեղադրել սև հնդկական գրանիտ, որը մեր եղանակային պայմաններին կդիմանա: Գրանիտի այս տեսակը պլուս 50 և մինուս 50 ջերմաստիճանի պայմաններում չի վնասվում: Մեր որոշումից հետո փորձեցինք նորից հանդիպել համայնքապետին: Այս հարցը մինչ այսօր ձգձգվում է, ինչո՞ւ կարող են ասֆալտապատման ծրագրերը ժամանակին իրականացնել, բայց այս կարևոր հարցի վրաբերյալ հետևողական չլինեն, մեզ հեգնեն ու անտեսեն»,- վրդովված՝ պատմեցին զոհված հերոսների ծնողները։

Զոհված սպա Վրեժ Պողոսյանի հայրը` Սեյրան Պողոսյանն էլ փոխանցեց, որ օրեր առաջ այս հարցի շուրջ հանդիպել են մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին: «Մարզպետը մեզ խոստացավ, որ մեր որդիների շիրմաքարերը պատրաստ կլինեն սեպտեմբերի 27-ին: Դրանք կլինեն սև հնդկական գրանիտից, գունավոր նկարով, ծաղկամանով և խնկամանով, տարածքն էլ` բարեկարգ։ Մենք վստահում ենք մարզպետի խոսքին»,- ասում է Սեյրան Պողոսյանը:

Որոշ ծնողների էլ մտահոգում է այն, որ պանթեոնի կառուցման հարցում թույլ չտան անօրինական գործարքներ: Ըստ նրանց` համայնքապետարանը մրցույթը հայտարարել է հուլիսի 5-ին, որին մասնակցել ու շահել է ընդամենը մեկ կազմակերպություն:

«Այս ընկերությունը զբաղվում է թուղթ ու գրչի առք ու վաճառքով և մեզ վստահություն չի ներշնչում»,- ասում են նրանք:

Սիսիան համայնքի պանթեոնում պետք է տեղադրվի 67 շիրմաքար՝ յուրաքանչյուրը մոտ 1 մլն 150 հազար դրամ արժողությամբ։ Ապա կհայտարարվի նոր մրցույթ բետոնային և բարեկարգման աշխատանքների համար։

ՍիվիլՆեթ, Գորիս