Ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու օրակարգով Ազգային ժողովի խորհրդի` հուլիսի 22-ի արտահերթ նիստը չի կայացել։ Այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը։
ԱԺ խորհրդի արտահերթ նիստում ժամը 10:30-ին համապատասխան թվով խորհրդի անդամներ չեն գրանցվել: Ըստ օրենքի՝ եթե խորհրդի գրանցված անդամների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով խորհրդի անդամների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան երկու ժամ: Մինչև ժամը 12:30-ը քվորում չի ապահովվել և ԱԺ խորհրդի արտահերթ նիստը համարվել է չկայացած:
Ազգային ժողովի խորհուրդը հուլիսի 14-ին արտահերթ նիստ էր նախաձեռնել՝ քննարկելու ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու նախագիծը։ ԱԺ խորհուրդը, որի կազմում են ԱԺ նախագահը, նրա տեղակալները, խմբակցությունների և մշտական հանձնաժողովների ղեկավարները, նախատեսում էր ՍԴ դիմել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության բոլոր և «Պատիվ ունեմ» խմբակցության չորս պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նիստից հետո հայտարարել էր՝ քանի որ այն պատգամավորները, որոնց վերաբերում էր քննարկումը, չէին ներկայացել, ըստ կանոնակարգի, քննարկումը տեղափոխվում է 1 շաբաթ անց:
Ռուբինյանը հունիսի 14-ի նիստից հետո լրագրողներին տեղեկացրել էր նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշման մասին․ «Նշյալ պատգամավորներին մանդատից զրկելու վերաբերյալ ՍԴ միջնորդությամբ չենք դիմելու»:
«Մեր քաղաքական հավատամքի մեջ է մտնում նաև հարգանքը առ ժողովրդի տված քվեն: Մենք հարգում ենք ողջ ժողովրդի տված քվեն, ժողովուրդն իր քվեով ձևավորվել է մեծամասնություն և փոքրամասնություն: Մենք հարգում ենք այդ քվեն, և կարծում ենք, որ ընդդիմության այս պահելաձևը, վարվելակերպը և փիլիսոփայությունն առաջին հերթին հենց իրենց ընտրողների համար պետք է խնդիր լինի: Կարծում եմ՝ մեր ժողովրդի այն հատվածը, որը քվե է տվել իրենց, համապատասխան հետևություններ կանի հաջորդ ընտրությունների ընթացքում»,- ասել էր Ռուբեն Ռուբինյանը:
***
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմությունը մայիսի 2-ից փակել էր Ֆրանսիայի հրապարակը։ Ընդդիմադիրները նստացույցին զուգահեռ անհնազանդության ակցիաներ, հանրահավաքներ էին իրականացնում Երևանում և մարզերում։ Ակցիաներին մասնակցում էին ինչպես «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչներ, այնպես էլ այլ խմբեր ու քաղաքացիներ։ Ընդդիմությունը նշում է, որ «Նիկոլ Փաշինյանը չունի Հայաստանը նոր զիջումների տանելու մանդատ և պետք է հրաժարական տա»։
Հունիսի 14-ին «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ «հավաքում են Ֆրանսիայի հրապարակի վրանները»։ Ընդդիմադիրները, Սաղաթելյանի խոսքով՝ որոշել են վերափոխման ենթարկել շարժման կառուցվածքը և բովանդակությունը՝ «շարժման ներուժը մեծացնելու, հարթակն ընդլայնելու» համար։
Ֆրանսիայի հրապարակը բացելուց հետո էլ ընդդիմադիրները չվերադարձան խորհրդարան, բայց նաև վայր չդրեցին մանդատները՝ «ամեն վայրկյան պատգամավորի մանդատը օգտագործելու» հիմնավորմամբ։
Ավելի վաղ՝ հուլիսի 1-ին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փակ, գաղտնի քվեարկությամբ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին ու Տնտեսական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին զրկել էր խորհրդարանում զբաղեցրած պաշտոններից։ Սաղաթելյանի ու Հակոբյանի պաշտոնանկության համար հիմք է եղել մեկ նստաշրջանի ընթացքում նրանց բացակայությունների մեծ թիվը։