Ընդդիմությունը սեպտեմբերին կգնա խորհրդարան․ Իշխան Սաղաթելյան

Ընդդիմությունը սեպտեմբերին կգնա խորհրդարան, բայց՝ իր օրակարգով: Այս հարցում դիրքորոշման փոփոխություն չկա․ «Երկիր Մեդիա»-ին հայտնել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Երկրում կա խորհրդարանական ճգնաժամ, քաղաքական ճգնաժամ, և եթե հերթական ապօրինի ու հակասահմանադրական ճանապարհով փորձեն ընդդիմությանը զրկել մանդատներից, երկրում կլինի նաև լիարժեք սահմանադրական ճգնաժամ»,- ասաց Սաղաթելյանը։

Նա խորհրդարանական աշխատանքների բոյկոտն արդարացված է համարում։ Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ շարժման շնորհիվ է, որ Արցախի հարցում իշխանության հռետորաբանությունը փոխվել է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմությունը մայիսի 2-ից փակել էր Ֆրանսիայի հրապարակը։ Ընդդիմադիրները նշում էին, որ «Նիկոլ Փաշինյանը չունի Հայաստանը նոր զիջումների տանելու մանդատ և պետք է հրաժարական տա»։ Հունիսի 14-ին «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ «հավաքում են Ֆրանսիայի հրապարակի վրանները»։

Ֆրանսիայի հրապարակը բացելուց հետո էլ ընդդիմադիրները չէին վերադառնում խորհրդարան։

Ազգային ժողովի խորհուրդը հուլիսի 14-ին արտահերթ նիստ էր նախաձեռնել՝ քննարկելու ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու նախագիծը։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նիստից հետո լրագրողներին ասել էր․ «Նշյալ պատգամավորներին մանդատից զրկելու վերաբերյալ ՍԴ միջնորդությամբ չենք դիմելու»:

«Մեր քաղաքական հավատամքի մեջ է մտնում նաև հարգանքը առ ժողովրդի տված քվեն: Մենք հարգում ենք ողջ ժողովրդի տված քվեն, ժողովուրդն իր քվեով ձևավորվել է մեծամասնություն և փոքրամասնություն: Կարծում եմ՝ մեր ժողովրդի այն հատվածը, որը քվե է տվել իրենց, համապատասխան հետևություններ կանի հաջորդ ընտրությունների ընթացքում»,- հայտարարել էր Ռուբինյանը:

Հուլիսի 1-ին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փակ, գաղտնի քվեարկությամբ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին ու Տնտեսական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին զրկել էր խորհրդարանում զբաղեցրած պաշտոններից։ Սաղաթելյանի ու Հակոբյանի պաշտոնանկության համար հիմք է եղել մեկ նստաշրջանի ընթացքում նրանց բացակայությունների մեծ թիվը։

Մեկնաբանել