Ուկրաինայի հաղթանակի անհավանական տեսությունները․ վերլուծություն Foreign Affairs-ում

Ռուս-ուկրաինական պատերազմի և հակամարտության հնարավոր զարգացումների մասին Foreign Affairs հանդեսում վերլուծություն է հրապարակել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) քաղաքագիտության պրոֆեսոր Բարի Փոզենը (Barry R. Posen): «Ուկրաինայի հաղթանակի անհավանական տեսությունները։ Ռուսաստանի պարտության ֆանտազիան և դիվանագիտության անելիքը» վերնագրված հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։

Ռուսական ուժերի՝ Ուկրաինայում նոր տարածքներ գրավելու պայմաններում Ուկրաինայի նախագահն ու այդ երկրի դաշնակիցները կարծես թե միակարծիք են՝ պետք է պայքարել մինչև հաղթանակ և վերականգնել նախապատերազմյան ստատուս քվոն; Ռուսաստանը պետք է զրկվի փետրվարից ի վեր ձեռք բերած տարածքային նվաճումներից; Ուկրաինան չի ճանաչի ո՛չ Ղրիմի անեքսիան, ո՛չ էլ Դոնբասի անջատողական պետությունները և կշարունակի ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղին:

Ռուսաստանի համար նման ելքը ակնհայտ պարտություն կլինի։ Հաշվի առնելով այն հսկայական գինը, որ նա արդեն վճարել է, ինչպես նաև հավանականությունը, որ իր դեմ արևմտյան տնտեսական պատժամիջոցները մոտ ապագայում չեն չեղարկվելու՝ Մոսկվան այս պատերազմից որևէ օգուտ չի ստանա: Ընդհակառակը, սա նրան կտանի շարունակական ​​թուլացման կամ, ինչպես ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն է ասել, Ռուսաստանը «կթուլանա այն աստիճան, որ չի կարող անել այնպիսի բաներ, որ արեց Ուկրաինա ներխուժելով»:

Ուկրաինայի աջակիցները հաղթանակի երկու ճանապարհ են առաջարկում։ Առաջինն անցնում է Ուկրաինայով։ Արևմուտքի օգնությամբ, ըստ այդ փաստարկների, Ուկրաինան մարտի դաշտում կարող է հաղթել Ռուսաստանին՝ կա՛մ ուժասպառ անելով նրա ուժերը, կա՛մ խորամանկորեն մանևրելով (outmaneuver) նրան: Երկրորդ ճանապարհն անցնում է Մոսկվայով։ Ռազմի դաշտում ձեռքբերումների և տնտեսական ճնշման որոշակի համակցությամբ՝ Արևմուտքը կարող է դրդել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դադարեցնել պատերազմը կամ համոզել նրա շրջապատից որևէ մեկին տապալել նրան:

Սակայն հաղթանակի այս երկու տեսությունները երերուն հիմքերի վրա են: Ուկրաինայում ռուսական բանակը, հավանաբար, բավականաչափ ուժեղ է, որ պաշտպանի իր նվաճումների մեծ մասը: Ռուսաստանի տնտեսությունը բավականաչափ ինքնավար է, իսկ Պուտինի վերահսկողությունը բավականաչափ ամուր է, և նրան հնարավոր չէ ստիպել հրաժարվել այդ ձեռքբերումներից: Այսպիսով, ներկայիս ռազմավարության ամենահավանական արդյունքը ոչ թե Ուկրաինայի հաղթանակն է, այլ երկար, արյունալի և, ի վերջո, անվճռական պատերազմը: Ձգձգվող հակամարտությունը թանկ կարժենա ոչ միայն մարդկային կորուստների և տնտեսական վնասի, այլև հետագա էսկալացիայի, այդ թվում միջուկային զենքի հնարավոր կիրառման տեսանկյունից:

Ուկրաինայի առաջնորդները և աջակիցները խոսում են այնպես, կարծես հաղթանակը մոտ է: Բայց այդ տեսակետն ավելի շատ ֆանտազիա է թվում: Ուստի Ուկրաինան և Արևմուտքը պետք է վերանայեն իրենց հավակնությունները և պատերազմում հաղթելու ռազմավարությունից անցնեն ավելի իրատեսական մոտեցման՝ գտնելու դիվանագիտական ​​փոխզիջում, որը վերջ կդնի ռազմական գործողություններին:

Հաղթանակ մարտի դաշտում

Արևմուտքում շատերը պնդում են, որ պատերազմը կարելի է հաղթել գետնի վրա: Ըստ այդ սցենարի, Ուկրաինան կկործանի ռուսական բանակի մարտական ​​հզորությունը՝ հանգեցնելով ռուսական ուժերի նահանջի կամ փլուզման։ Պատերազմի սկզբում Ուկրաինայի աջակիցները պնդում էին, որ Ռուսաստանին կարելի է հաղթել նրան մաշեցնելու միջոցով: Պարզ մաթեմատիկան կարծես խոսում էր փլուզման եզրին կանգնած ռուսական բանակի մասին: Ապրիլին Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հաշվարկել էր, որ Ուկրաինայում 15 000 ռուս զինվորական է մահացել: Ենթադրելով, որ վիրավորների թիվը երեք անգամ մեծ էր, ինչը Երկրորդ աշխարահամարտի միջին փորձն էր, դա նշանակում էր, որ մոտավորապես 60 000 ռուսաստանցի շարքից դուրս է մնացել: Արևմուտքի նախնական գնահատականներով՝ Ուկրաինայում ռուսական ռազմաճակատի զորությունը 120 գումարտակներից կազմված մարտական խմբավորումն է՝ առավելագույնը 120 000 հոգի: Եթե ​​զոհերի այս գնահատականները ճիշտ լինեին, ռուսական մարտական ​​ստորաբաժանումների մեծ մասի հզորությունը պետք է նվազած լիներ 50 տոկոսից, ցուցանիշ, որը, փորձագետների կարծիքով, մարտական ​խմբավորումն առնվազն ժամանակավորապես անարդյունավետ կդարձներ:

Այս վաղ գնահատականներն այժմ չափից ավելի լավատեսական են թվում: Եթե դրանք ճշգրիտ լինեին, ապա ռուսական բանակը մինչ այժմ պետք է փլուզված լիներ։ Փոխարենը, այն դանդաղ, բայց կայուն ձեռքբերումներ է ունեցել Դոնբասում: Թեև հնարավոր է, որ մաշեցնելու տեսությունը մի օր կարող է ճիշտ դուրս գալ, բայց դա քիչ հավանական է թվում: Ռուսները, ըստ երևույթին, ավելի քիչ կորուստներ են կրել, քան շատերը կարծում էին, կամ, թերևս, գտել են իրենց ստորաբաժանումներից շատերը մարտական վիճակում պահելու միջոցները: Այսպես թե այնպես, նրանք ռեզերվներ են գտնում՝ չնայած պնդումներին, որ նոր զորակոչվածներին կամ հավաքագրված պահեստազորին ռազմաճակատ չեն ուղարկում։ Եթե նրանք հարկադրված լինեին, կարող էին հրաժարվել այդ մոտեցումից:

Թեև «մաշեցնելու միջոցով ​​փլուզելու» տեսությունն արդեն ապացուցել է ձախողումը մարտական ​​փորձություններում, հիմա շրջանառվում է այլ տարբերակ, թե ուկրաինացիները կարող են խորամանկել ռուսներին և կարող են նրանց հաղթել մեքենայացված պատերազմում՝ տանկերով, ուղեկցող հետևակով ու հրետանու միջոցով, ինչպես Իսրայելը հաղթեց արաբ թշնամիներին 1967-ի Վեցօրյա պատերազմում և 1973-ի Յոմ Կիպուրի պատերազմում: Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ուկրաինան չունեն մեքենայացված բավականաչափ մարտական ​​ստորաբաժանումներ՝ իրենց հսկայական ճակատները խիտ պաշտպանելու համար, ինչը սկզբունքորեն նշանակում է, որ կողմերից յուրաքանչյուրը պետք է խոցելի լինի արագ, ծանր հարվածող մեքենայացված հարձակումների համար: Մինչ այժմ, սակայն, թվում է, թե կողմերից ոչ մեկը չի դիմել նման մարտավարության: Ռուսաստանը, հնարավոր է, համարի, որ ի զորու չէ ուժեր կենտրոնացնել նման հարձակումների համար՝ առանց աննկատ մնալու արևմտյան հետախուզության կողմից, իսկ Ուկրաինան կարող է տուժել ռուսական հետախուզության նմանատիպ վերահսկողությունից: Ասել է թե՝ անկյունում հայտնված այնպիսի պաշտպանվող, ինչպիսին Ուկրաինան է, կարող է թշնամուն հրապուրել ճակատագիծը չափից ավելի ձգելու համար: Ռուսական ուժերը կարող են համարել, որ իրենց թևերն ու մատակարարման գծերը խոցելի են հակագրոհների համար, ինչը, ըստ երևույթին, փոքր մասշտաբով տեղի ունեցավ Կիևի շրջակայքում պատերազմի վաղ մարտերում:

Բայց ինչպես որ ռուսական բանակը հազիվ թե փլուզվի մաշեցնելու մարտավարությունից, նմանապես՝ այն դժվար թե պարտվի ուկրաինացիների մարտական խորամանկությունից: Ռուսները կարծես այժմ խելամիտ են Ուկրաինայում ձեռնարկած ավել վաղ գամբիտներից հետո: Չնայած շատ մանրամասներ հայտնի չեն, Խերսոնի շրջանում Ուկրաինայի վերջին հակագրոհներում, կարծես թե, առանձնապես անակնկալ կամ մանևր չկար: Դրանք ավելի շուտ նման էին դանդաղ, կոպիտ հարձակողական այն գործողություններին, որ ռուսներն իրենք էին ձեռնարկել Դոնբասում: Դժվար թե այս ձևը շատ փոխվի։ Թեև ուկրաինացիները, որ պաշտպանում են իրենց հայրենիքը, ավելի մոտիվացված են, քան ռուսները, սակայն հիմքեր չկան ենթադրելու, որ ինքնըստինքյան նրանք գերազանցում են մեքենայացված պատերազմին: Այդ գործում գերազանցությունը պահանջում է մեծ պլանավորում և վերապատրաստում: Այո՛, ուկրաինացիները օգուտ քաղել են Արևմուտքի խորհրդատվությունից, բայց ինքը՝ Արևմուտքը, կարող է դուրս մնալ նման գործողություններից, քանի որ մեքենայացված պատերազմ չի վարել 2003-ից ի վեր, երբ ԱՄՆ-ը ներխուժեց Իրաք: Իսկ 2014-ից ուկրաինացիներն իրենց ջանքերը կենտրոնացրել են Դոնբասում ամրացված գծերի պաշտպանության համար ուժեր նախապատրաստելու, այլ ոչ թե շարժական պատերազմի համար:

Ավելի կարևոր է, որ մեքենայացված պատերազմ վարելու երկրի կարողությունը փոխկապակցված է նրա սոցիալ-տնտեսական զարգացմանը: Ե՛վ տեխնիկական, և՛ կառավարչական հմտություններ են անհրաժեշտ՝ հազարավոր մեքենաներ և էլեկտրոնային սարքեր աշխատանքային վիճակում պահելու և իրական ժամանակում հեռահար, արագ շարժվող մարտական ​​ստորաբաժանումները համակարգելու համար: Ուկրաինան և Ռուսաստանը ունեն այդպիսի հմուտ բնակչություն, որտեղ կարող են ներգրավել իրենց զինվորներին, ուստի դժվար թե առաջինն առավելություն ունենա մեքենայացված պատերազմում:

Հնարավոր հակափաստարկն այն է, որ Արևմուտքը կարող է Ուկրաինային մատակարարել այնպիսի բարձրակարգ տեխնոլոգիա, որը Կիևին կօգնի թշնամուն հաղթել մաշեցնելու կամ շարժական պատերազմի միջոցով: Բայց այս տեսությունը նույնպես երևակայական է: Ռուսաստանը երեքը մեկի առավելություն ունի բնակչության և տնտեսական արդյունքի առումով՝ բաց, որ ամենաբարձր տեխնոլոգիական գործիքներն անգամ դժվարությամբ կփակեն: Արևմտյան առաջադեմ զենքերը, ինչպիսիք են Javelin-ը և NLAW հակատանկային կառավարվող հրթիռները, Ուկրաինային հավանաբար օգնել են բարձր գին կորզել ռուսներից:

Սակայն մինչ այժմ այս տեխնոլոգիան հիմնականում օգտագործվել է մարտավարական առավելություններ ստանալու համար, որոնք արդեն իսկ ունեին պաշտպանվողները՝ թաքնվելը, քողարկելը և հակառակորդի ուժերը բնական ու տեխնածին խոչընդոտների միջով ուղղորդելու ունակությունը: Շատ ավելի դժվար է առաջադեմ տեխնոլոգիաներն օգտագործել հարձակման անցնելու համար քանակական էական առավելություն ունեցող հակառակորդի դեմ, քանի որ դա պահանջում է հաղթահարել ինչպես թվական գերազանցությունը, այնպես էլ պաշտպանության մարտավարական առավելությունները: Ուկրաինայի դեպքում ակնհայտ չէ, թե ինչ հատուկ տեխնոլոգիա ունի Արևմուտքը, որն այնքան առավելություն կտա ուկրաինացի զինվորականներին ռուսական պաշտպանությունը ջարդելու համար:

Հասկանալու այն դժվարությունը, որին առերեսվում է Ուկրաինան, նայեք նացիստական ​​Գերմանիայի ձախողմանը Երկրորդ աշխարհամարտի վերջին խոշոր հարձակման՝ Բուլջի ճակատամարտում: 1944-ի դեկտեմբերին գերմանացիները դաշնակիցներին զարմացրին Արդենյան անտառում մեքենայացված և հետևակային դիվիզիաների կենտրոնացումով 50 մղոն երկարությամբ բարակ պաշտպանված ճակատի դեմ: Նրանք հույս ունեին կոտրել դաշնակիցների պաշտպանությունը Բելգիայում, բաժանել ամերիկյան և բրիտանական բանակները, գրավել կարևոր Անտվերպեն նավահանգիստը և կասեցնել դաշնակիցների հարձակման գործողությունները: Վերմախտը խաղադրույք էր արել, որ զրահատեխնիկայի պատերազմ վարելու իր հմտությունը, իր՝ տեղում ջանասիրությամբ հավաքած թվական գերազանությունը և զրահատեխնիկայի առաջադեմ տեխնոլոգիան կհաղթահարեն ԱՄՆ-ի և Բրիտանիայի համախառն առավելությունները կենդանի ուժի, հրետանու և օդուժի առումով: Թեև գերմանացիները կարողացան հասնել անակնկալի և մի քանի օր հաջողություն ունեցան, գործողությունը շուտով տապալվեց: Արևմտյան հրամանատարներն արագ հասկացան, թե ինչ է կատարվում և արդյունավետ օգտագործեցին իրենց նյութական գերազանցությունը՝ հետ մղելու առաջխաղացումը: Այսօր ոմանք կարծես առաջարկում են, որ ուկրաինացիները փորձեն գերմանացիների այդ ռազմավարությունը՝ նմանատիպ սահմանափակումները հաղթահարելու համար: Բայց չկա որևէ հիմնավոր պատճառ ենթադրելու, որ ուկրաինացիներն ավելի լավ կլինեն դրանում:

Հաղթելով Մոսկվայո՞ւմ

Եթե Կիևը չկարողանա հաղթել Ուկրաինայի մարտադաշտում, միգուցե կարող է հաղթանակի հասնել Մոսկվայում։ Սա՝ հաղթանակի մյուս հիմնական տեսությունը, ենթադրում է, որ ռազմի դաշտում մաշեցնելու մարտավարության և տնտեսական ճնշման համադրությունը կարող են Ռուսաստանին հարկադրել վերջ տալ պատերազմին և հրաժարվել ձեռքբերումներից: Մարտադաշտում մաշեցնելու այս մարտավարության դեպքում սպանված, վիրավորված և պատերազմից տուժած ռուս զինվորների ընտանիքների անդամները համախմբվում են Պուտինի դեմ, իսկ տնտեսական ճնշումը շարքային ռուսների կյանքն ավելի է բարդացնում: Պուտինը տեսնում է, որ իր ժողովրդականությունը նվազում է և սկսում է վախենալ, որ իր քաղաքական կարիերան շուտով կարող է ավարտվել, եթե չդադարեցնի պատերազմը: Մյուս կողմից, Պուտինը չի տեսնում, թե որքան արագ են մարտադաշտում մաշեցնելու մարտավարությունն ու տնտեսական դժվարությունը խաթարում իր հանրային աջակցությունը, բայց նրա շրջապատում մյուսները տեսնում են, և իրենց նեղ անձնական շահերից ելնելով՝ գահընկեց են անում և գուցե նույնիսկ պատժի են ենթարկում նրան: Գալով իշխանության՝ նրանք խաղաղություն են հայցում։ Ամեն դեպքում, Ռուսաստանն ընդունում է պարտությունը:

Սակայն Ուկրաինայի հաղթանակի տանող այս ճանապարհը ևս լի է խոչընդոտներով: Նախ, Պուտինը հետախուզության վետերան պրոֆեսիոնալ է, որը թերևս շատ բան գիտի դավադրությունների մասին, այդ թվում՝ ինչպես պաշտպանվել դրանցից: Սա ինքնին կասկածելի է դարձնում ռեժիմի փոփոխության ռազմավարությունը, եթե անգամ Մոսկվայում ոմանք պատրաստ էին վտանգել կյանքը՝ փորձելով դա անել: Մյուս կողմից, Ռուսաստանի տնտեսությանը նեղելը դժվար թե բավականաչափ զրկանքներ առաջացնի Պուտինի դեմ բովանդակալից քաղաքական ճնշում ստեղծելու համար: Արևմուտքը կարող է փոքր-ինչ վատթարացնել ռուսների կյանքը և կարող է ռուսական զենք արտադրողներին զրկել ներմուծվող էլեկտրոնային ենթաբաղադրիչներից: Այնուամենայնիվ, այս ձեռքբերումները քիչ հավանական են թվում Պուտինին կամ նրա իշխանությունը ցնցելու համար: Ռուսաստանը հսկայական և բազմամարդ երկիր է, որն ունի անծայրածիր վարելահողեր, էներգիայի առատ պաշարներ, բազմաթիվ այլ բնական ռեսուրսներ և մեծ՝ թեկուզ հնացած, արդյունաբերական բազա: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձեց և չհաջողեց խեղդել Իրանին՝ շատ ավելի փոքր և պակաս զարգացած, բայց նույնքան էներգետիկ անկախ երկրի: Դժվար է ակնկալել, որ նույն ռազմավարությունը կաշխատի Ռուսաստանի դեմ։

Զոհերի ազդեցությունը Պուտինի սեփական շահերի հաշվարկների վրա ավելի դժվար է գնահատել։ Կրկին, սակայն, թերահավատ լինելու հիմքեր կան, որ այս գործոնը նրան կդրդի նահանջել։ Մեծ տերությունները հաճախ տարիներ շարունակ պատերազմական մեծ կորուստներ են կրում՝ նույնիսկ աննշան պատճառներով: Միացյալ Նահանգների դեպքում դա Վիետնամն էր, Աֆղանստանը և Իրաքը։ Խորհրդային Միության դեպքում Աֆղանստանն էր: Մինչև փետրվարին Ռուսաստանի ներխուժումը, շատերն Արևմուտքում պնդում էին, թե ուկրաինացիները պարտիզանական ապստամբություն կազմակերպեն Ռուսաստանի դեմ: Հույսն այն էր, որ այդ հեռանկարն առաջին հերթին կզսպեր ռուսական հարձակումը կամ, եթե չկարողանար, ռուսական ուժերից այնպիսի թանկ գին կկորզեր, որ նրանք շուտով կհեռանային: Այս ռազմավարության խնդիրներից մեկն այն է, որ ապստամբներն իրենք մեծապես կտուժեին զավթիչներին բարձր գին պարտադրելու իրենց առաքելության համար: Ուկրաինացիները կարող է՝ պատրաստ լինեն ցավալի կորուստներ կրել Ռուսաստանի դեմ սովորական մաշեցնելու պատերազմում, սակայն պարզ չէ, որ նրանք կարող են այնքան ցավ պատճառել ռուսներին, որ հասնեն իրենց ուզած հաղթանակին:

Պարզ չէ նաև, թե ուկրաինացիները ինչքան երկար կարող են դիմանալ նման կորուստներին։ Նույնիսկ ամենահայրենասեր զինվորների համբերությունը կարող է սպառվել, եթե կռիվն ապարդյուն թվա: Եթե կորուստների աճը պահանջում է, որ Ուկրաինան նվազ պատրաստված զորքեր նետի անհույս մարտի, ապա աջակցությունը մաշեցման անժամկետ պատերազմին ավելի կնվազի: Միևնույն ժամանակ, ռուսները, ըստ ամենայնի, ավելի ցավադիմացկուն կլինեն: Պուտինն այնքան է վերահսկել իր պատերազմի մասին ներքին պատմույթը, որ Ռուսաստանի շատ քաղաքացիներ այդ կռիվը դիտարկում են այնպես, ինչպես նա է անում՝ որպես ազգային անվտանգության համար վճռորոշ ճակատամարտ: Իսկ Ռուսաստանն ավելի շատ մարդ ունի, քան Ուկրաինան։

Բանակցային սեղանը

Ոչ ոք չի կարող վստահաբար ասել, որ ռուսական բանակին չի կարելի այնքան ուժգին կամ այնքան խելամիտ հարվածել, որ հանգեցնի նրա փլուզմանը, կամ որ Ռուսաստանին չի կարելի ցավեցնել այնքան, որ Պուտինը հանձնվի: Բայց սրանք խիստ անհավանական են: Ներկայում ամենահավանական արդյունքը ամիսներ կամ տարիներ տեւած մարտերից հետո փակուղային իրավիճակն է ընթացիկ մարտական առաջնա​​գծերի երկայնքով:

Ռուսական առաջխաղացումը Ուկրաինան պետք է կարողանա կասեցնել՝ շնորհիվ իր բարձր մոտիվացված ուժի, Արևմուտքի աջակցության և իր պաշտպանության մարտավարական առավելությունների։ Այդուհանդերձ, Ռուսաստանը զորքերի թվակազմի գերակայություն ունի, և դա պետք է որ թույլ տա նրան խափանել իր գրավածը վերադարձնելու ուկրաինական հակագրոհները: Արևմտյան պատժամիջոցները կզայրացնեն Ռուսաստանի բնակչությանը և կխոչընդոտեն տնտեսական զարգացումը, սակայն էներգիայի և հումքի ինքնաբավությունը թույլ չի տա, որ այդ պատժամիջոցները Ռուսաստանում ավելիին հանգեցնեն: Մինչդեռ Արևմուտքում պատժամիջոցների կողմնակի վնասից անհանգստացած բնակչությունը կարող է կորցնել պատերազմի հետ կապված համբերությունը: Ուկրաինային արևմտյան աջակցությունը կարող է նվազ առատաձեռն դառնալ։ Այս գործոնները միասին վերցրած մատնանշում են մեկ արդյունք՝ մարտադաշտում ոչ-ոքի:

Ամիսներ ու տարիներ անց Ռուսաստանն ու Ուկրաինան երկուսն էլ շատ տուժած կլինեն՝ հասնելու ոչ շատ ավելիի, քան յուրաքանչյուրն արդեն հասել է. Ռուսաստանը՝ տարածքային սահմանափակ և պյուռոսյան օգուտներ, Ուկրաինան՝ ուժեղ, անկախ և ինքնիշխան կառավարություն, որը վերահսկում է նախապատերազմյան իր տարածքի մեծ մասը։ Այդ դեպքում, ինչ-որ պահի երկու երկրները, հավանաբար, նպատակահարմար կգտնեն բանակցել: Երկուսն էլ կգիտակցեն, որ դրանք պետք է լինեն ճշմարիտ բանակցություններ, որոնցում յուրաքանչյուրը պետք է հրաժարվի ինչ-որ արժեքավոր բանից:

Եթե դա ամենահավանական վերջնարդյունքն է, ապա արևմտյան երկրների համար անիմաստ է ավելի շատ զենք և փող ներդնել պատերազմում, որն ամեն շաբաթ ավելի շատ մահերի ու ավերածությունների է հանգեցնում: Ուկրաինայի դաշնակիցները պետք է շարունակեն տրամադրել այն ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են երկրին ռուսական հետագա հարձակումներից պաշտպանվելու համար, բայց նրանք չպետք է խրախուսեն նրան ռեսուրսներ ծախսել հակահարձակումների վրա, որոնք, հավանաբար, ապարդյուն կլինեն: Ավելի շուտ, Արևմուտքը հիմա պետք է շարժվի դեպի բանակցությունների սեղան:

Անշուշտ, դիվանագիտությունը փորձարկում կլիներ անորոշ արդյունքներով։ Բայց շարունակական մարտերը ևս անհրաժեշտ են հաղթանակի ուկրաինական և արևմտյան տեսությունները ստուգելու համար: Երկու փորձառությունների տարբերությունն այն է, որ դիվանագիտությունը էժան է։ Բացի ժամանակից, ավիատոմսերից և սուրճից, դրա ծախսերը միայն քաղաքական են։ Օրինակ՝ մասնակիցները կարող են կազմակերպել բանակցությունների մանրամասների արտահոսքեր՝ այս կամ այն ճամբարը վարկաբեկելու, կոնկրետ առաջարկը ոչնչացնելու և քաղաքական հակասություն առաջացնելու նպատակով: Այնուամենայնիվ, քաղաքական նման ծախքերը ոչինչ են պատերազմի շարունակական ծախսերի համեմատ:

Իսկ այդ ծախսերը հեշտությամբ կարող են աճել: Ուկրաինայում պատերազմը կարող է սրվել՝ կողմերից որևէ մեկի ավելի կործանարար հարձակումներով: Ռուսական և ՆԱՏՕ-ի ռազմական ստորաբաժանումները գործում են մոտակա ծովում և օդում, ու հնարավոր են դժբախտ պատահարներ։ Մյուս երկրները, ինչպիսիք են Բելառուսը և Մոլդովան, կարող են ներքաշվել պատերազմի մեջ, ինչը վտանգ է ներկայացնում ՆԱՏՕ-ի հարևան երկրների համար: Առավել սարսափելի է, որ Ռուսաստանն ունի հզոր և բազմազան միջուկային ուժեր, և Ուկրաինայում նրա ջանքերի մոտալուտ ձախողումը կարող է Պուտինին գայթակղել օգտագործելու դրանք:

Անկասկած, պատերազմի բանակցային լուծման հասնել դժվար կլինի, սակայն կարգավորման ուրվագծերն արդեն տեսանելի են: Կողմերից յուրաքանչյուրը պետք է գնա ցավալի զիջումների։ Ուկրաինան պետք է զիջի զգալի տարածք և դա անի գրավոր։ Ռուսաստանը պետք է հրաժարվի մարտադաշտում ունեցած իր ձեռքբերումներից և հրաժարվի ապագա տարածքային պահանջներից: Ռուսաստանի ապագա հարձակումը կանխելու համար Ուկրաինային, անշուշտ, պետք կգան ԱՄՆ-ի և Եվրոպայի ռազմական աջակցության ամուր երաշխիքներ, ինչպես նաև շարունակական ռազմական օգնություն (բայց հիմնականում պաշտպանական, ոչ թե հարձակողական զենքերի տեսքով):

Ռուսաստանը պետք է ընդունի նման պայմանավորվածությունների օրինականությունը: Արևմուտքը պետք է համաձայնի մեղմել Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցներից շատերը: ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը պետք է սկսեն բանակցությունների նոր փաթեթ՝ սահմանափակելու իրենց սահմանների երկայնքով ռազմական տեղակայման և փոխգործակցության ինտենսիվությունը: ԱՄՆ ղեկավարությունը էական դեր կունենա դիվանագիտական լուծման համար։ Քանի որ Միացյալ Նահանգները Ուկրաինայի հիմնական աջակիցն է և Ռուսաստանի դեմ Արևմուտքի տնտեսական ճնշման արշավի կազմակերպիչը, նա ունի ամենամեծ լծակները երկու կողմերի վրա:

Բնականաբար, ավելի հեշտ է այս սկզբունքները թվարկելը, քան դրանք համաձայնագրի իրագործելի դրույթների մեջ ամրագրելը: Բայց հենց դա է պատճառը, որ բանակցությունները պետք է սկսել հնարավորինս շուտ: Հաղթանակի ուկրաինական և արևմտյան տեսությունները կառուցվել են թույլ դատողությունների վրա։ Լավագույն դեպքում դրանք թանկարժեք ճանապարհ են դեպի ցավալի փակուղի, որը ուկրաինական մեծ տարածքներ է թողնում Ռուսաստանի ձեռքում: Եթե սա լավագույնն է, ինչին կարելի է հուսալ լրացուցիչ ամիսներ կամ տարիներ շարունակվող կռիվներից հետո, ապա մնում է միայն մեկ պատասխանատու բան անել՝ որոնել պատերազմի դիվանագիտական ավարտը հենց հիմա:

Թարգմանությունը՝ Կարեն Հարությունյանի

Մեկնաբանել