Վարչապետն ընդունել է Եվրախորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի (AFET) նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հնարավորություններին:

«Կարևորվել է տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովումը, այդ ուղղությամբ երկխոսության շարունակականությունը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին, ինչի կապակցությամբ Դեյվիդ Մքալիսթերը նշել է, որ Եվրոպական խորհրդարանը ևս կարևորում է Ադրբեջանի կողմից նրանց վերադարձի ապահովումը և շարունակելու է ջանքերը այդ ուղղությամբ: Քննարկվել են նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանությանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Դեյվիդ Մքալիսթերը շեշտել են ԼՂ հակամարտության գոտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքի ապահովման անհրաժեշտությունն ու այդ նպատակով հետևողական աշխատանքի իրականացումը»,- ասված է հաղորդագրությունում։

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահը ողջունել է նաև Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները՝ հավելելով, որ Եվրոպական միությունը շարունակելու է օժանդակությունը ՀՀ կառավարությանը այդ ուղղությամբ:

Մեկնաբանել