Ծառուկյանի ֆեյքերը «Կենտրոն»-ի ռեպորտաժում՝ «յանուն․․․ որդւոյ»

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Հանրապետական սփռում ունեցող, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունը հուլիսի 16-ին հրապարակել է «Օգտատերերը հեգնանքով են արձագանքել Հատիսի գագաթին տեղի ունեցած բողոքի ակցիային» վերնագրով հատուկ ռեպորտաժ։

Ռեպորտաժում մեջբերվում են ֆեյսբուքյան իբրև շարքային օգտատերերի գրառումներ, որոնք ծաղրում և վիրավորական արտահայտություններ են հնչեցվում Հատիս լեռան գագաթին Հիսուսի արձանի տեղադրման «ապօրինությունների» դեմ բողոքի ակցիայի մասնակիցների մասին։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, պարզել է, որ ռեպորտաժում մեջբերված որպես իրական, անկախ օգտատերեր ներկայացվող ֆեյսբուքյան էջերը կեղծ են և փոխկապակցված են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ։

Ֆեյքերը գրում են, «Կենտրոն»-ը՝ տարածում

Ռեպորտաժում ցուցարարներին ծաղրող օգտահաշիվների վերջին բոլոր հրապարակումները վերաբերում են բացառապես Հիսուսի արձանի տեղադրմանը կամ դրա դեմ բողոքող ցուցարարներին։

Ուսումնասիրելով օգտահաշիվների ամբողջ ակտիվությունը, պարզ է դառնում նրանց ամբողջ գործունեությունն է նվիրված «Բարգավաճ Հայաստանին» և Գագիկ Ծառուկյանին։ Այսպես, 2020-ին նրանք գրառումներ են արել Գագիկ Ծառուկյանի կալանավորման, իսկ 2021-ին Ազգային Ժողովի և ՏԻՄ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը սատարելու վերաբերյալ։

Օգտահաշիվների կեղծ լինելը ապացուցվում է նաև օտարազգի այլ անձանցից «գողացված» լուսանկարներով։ Օրինակ՝ ռեպորտաժում մեջբերված Gurgen Sargsyan օգտատիրոջ լուսանկարում պատկերված անձը իրականում ռուսաստանբնակ Тенгиз Цулая-ն է։ Սա պարզում ենք՝ կեղծ օգտահաշվի լուսանկարը որոնողական համակարգում փնտրելով։

Երկու այլ մեջբերվող հեղինակները ևս կեղծ են։ Kara Kirakosyan-ի լուսանկարում իրականում վրացուհի Николь Датунашвили-ն է, իսկ Nina Margaryan անվամբ ֆեյքի նկարները պատկանում են վրացուհի Nino Xalibegashvil-ին։

Այս և նմանատիպ ֆեյքեր իրենց գործունեությունն են ծավալում Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում և լրատվականների հրապարակումների մեկնաբանություններում։ Օրինակ՝ ՍիվիլՆեթի՝ Ծառուկյանին վերաբերող հրապարակման մեկնաբանություններում նրան սատարող օգտահաշիվներն արդարացնում կամ գովաբանում են Ծառուկյանին։

Գագիկ Ծառուկյանին սատարող կեղծ օգտահաշիվները՝ Ծառուկյանանին վերաբերող ՍիվիլՆեթի հրապարակման մեկնաբանություններում։

Ֆեյքերի «առաջնորդը»

Ռեպորտաժում ցուցարաներին քննադատող չորրորդ և միակ իրական օգտատերը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ուսանողական խորհրդի՝ փաստացի երիտթևի ղեկավար Լիաննա Մանուկյանն է, որի ընկերների ցանկում են վերոնշված երկու ֆեյքերը։

Փաստերի ստուգման հարթակը 2018-ի դեկտեմբերին բացահայտել էր, որ Լիաննա Մանուկյանը նախընտրական շրջանում ղեկավարել է «Բարգավաճ Հայաստանի» օգտին քարոզչություն իրականացնող շուրջ 400 օգտահաշիվներից բաղկացած «ֆեյքերի բանակ»։ Fip.am-ը նաև պարզել էր, որ ֆեյքեր աշխատացնելու համար Մանուկյանի գլխավորած կազմակերպությունը վճարում էր ամսական շուրջ 100 000 դրամ։

Մանուկյանը հրահանգում է մեկնաբանել իր և Ծառուկյանի հրապարակումները. 2020-ի դեկտեմբեր․ աղբյուր՝ Fip.am

Ծառուկյանին և նրա կուսակցությանը ծառայող ավելի քան հարյուր ակտիվ ֆեյքեր ներկայում ակտիվ գործունեություն են ծավալում նաև Գագիկ Ծառուկյանի պաշտոնական էջում՝ հավանելով նրա հրապարակումները և դրանց տակ Լիաննա Մանուկյանի մեկնաբանությունները՝ ստեղծելով հանրային մեծ աջակցության պատրանք։

Այսպիսով, «Կենտրոն» հեռուստաընկերությունն իր ռեպորտաժում մեջբերել է օգտատերեր, որոնք իրականում ԲՀԿ-ի հետ փոխկապակցված կեղծ օգտահաշիվներ են։

Տես՝ ԿԳՄՍ-ն դիմել է ոստիկանություն՝ Հատիսում շինաշխատանքների հետ կապված

Մեկնաբանել