Պարզվել է 2021-ի օգոստոսին երեք զինծառայողի սպանության դեպքի շարժառիթը․ ՔԿ

Քննչական կոմիտեն պարզել է 2021-ի օգոստոսի 19-ին երեք զինծառայողի սպանության դեպքի հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը: Նշված օրը զորամասերից մեկի մարտական դիրքի կացարանում հայտնաբերվել էին պարտադիր ժամկետային երեք զինծառայողների դիեր։

«Պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկը գումար է պարտք եղել դիրքի ավագին, որը վերջինս մի քանի օր անց պահանջել է, ինչին ծառայակիցը պատասխանել է, որ կարող է վերադարձնել մարտական հերթապահության ավարտից հետո: Որոշ ժամանակ անց դիրքի ավագը ծառայակցից պահանջել է մի քանի անգամ ավելի գումար, քան վերջինիս ունեցած պարտքն է եղել: Պարզվել է նաև, որ ավագը դիրքի կացարանում սեքսուալ բնույթի՝ համասեռական գործողություններ է կատարել նշված ծառայակցի նկատմամբ, ինչը տեսել է մեկ այլ ծառայակից և պատմել իր երկու համածառայակիցներին, ովքեր սկսել են ծաղրել: Տեղի ունեցածը չհանրայնացնելու և իր բարի համբավը չարատավորվելու մղումներից դրդված՝ դիրքի ավագը պարբերաբար սպառնացել է ծառայակցին, որ իրենց միջև տեղի ունեցածի վերաբերյալ կհայտնի վերջինիս ծնողներին, եթե նշված երեք ծառայակիցներին չսպանի»,- ասված է հաղորդագրությունում։

Զինծառայողը ստանձնելով արթուն հերթափոխի պարտականությունները, մտել է մարտական դիրքի կացարան և կրակոցներ արձակել քնած վիճակում գտնվող ծառայակիցների ուղղությամբ։

Ժամկետային զինծառայողը և դիրքի ավագը կալանավորված են։

«Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին»,- հայտնում է ՔԿ-ն։