Արագածավանում միջադեպ եղել է, բայց գերի ու թուրք չկա

Հասմիկ Հովհաննիսյան, Անի Գրիգորյան, #CivilNetCheck

Արագածավանում հուլիսի 21-ի երեկոյան միջադեպ է տեղի ունեցել, սակայն այն որևէ աղերս չունի լրատվամիջոցներում ի սկզբանե տարածված տեղեկությունների հետ։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնեց Արագածավանի համայնքապետ Արթուր Հովսեփյանը։

«Հովիվներին առևանգելու, թուրքերի ներխուժման մասին տարածված տեղեկությունները ապատեղեկատվություն են։ Չգիտեմ՝ որտեղից է նման տեղեկություն տարածվել»,- Արագածավանում ՍիվիլՆեթին պատմել է համայնքի ղեկավարը։

Երեկ՝ հուլիսի 21-ին, 168.am լրատվական կայքը տագնապալից լուր էր հայտնել, թե իր տեղեկություններով՝ Թալինի Արագածավան գյուղ «երեք զինված թուրքեր են մտնել, ութ հովիվների՝ իրենց անասուններով գերի են վերցրել»։

Կայքը նաև հայտնել էր, թե ռուսական կողմի միջնորդությամբ հովիվներին և նրանց անասուններին արդեն բաց են թողել, սակայն զինված և հայերենին լավ տիրապետող թուրքերը դեռ գյուղում են։ Այս լուրը մեծ տարածում էր ստացել լրատվամիջոցներում։

Արագածոտնի մարզպետարանն անմիջապես հերքել էր տարածված տեղեկությունը՝ հայտնելով, որ «Արագածավան ոչ մի թուրք չի մտել, ոչ մի հովիվ գերի չէ»։

Հերքող հայտարարությամբ հուլիսի 22-ին հանդես եկավ նաև ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը։

ՍիվիլՆեթի լրագրողները հուլիսի 22-ին այցելել են Արագածավան՝ միջադեպի մանրամասները հասկանալու համար։

Համայնքապետը ներկայացնում է մանրամասները

Համայնքապետ Հովսեփյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց, որ միջադեպի հանգամանքներն արդեն ամբողջությամբ պարզվել են։

«Ներկայում ծիրանի բերքահավաքի եռուն սեզոնն է, մենք այստեղ քանի որ աշխատուժի խնդիր ունենք, հարակից գյուղերից օրավարձով աշխատողներ են գալիս։ Սահմանամերձ հատվածում գտնվող այգում աշխատող երեք երիտասարդներ, հավանաբար անչափահասներ, առանձնացել են ծնողներից, գնացել են սահմանի հատվածը, հետաքրքության համար փորձել են անցնել՝ հավանաբար չպատկերացնելով, որ այդտեղ ազդանշանային համակարգեր կան։ Եվ տագնապի միանալուց հետո այդ երիտասարդները հետ են գնացել այգին, որտեղից եկել էին»,- նշեց համայնքապետը՝ նշելով, որ տագնապը միանալուց հետո միանգամից ռուս սահմանապահներն արձագանքել ու եկել են այդ տարածք։

Ըստ Հովսեփյանի՝ տագնապի ազդանշանի միանալուց հետո ռուս սահմանապահները փակել են անցակետերը, որպեսզի հասկանան դեպքի մանրամասները։

Իսկ սահմանից այն կողմ կա խոշոր ներդրող՝ «Կովկաս Ագրոն», որում համայնքի բազմաթիվ բնակիչներ են աշխատում։ Բնակիչներն այնտեղ անցնում են անցագրերով։ Եվ դեպքը եղել է այն ժամին, երբ աշխատողները պետք է հետ գային անցակետով։

«Ու քանի որ անցակետերը փակվել է այդ ժամին, որ պետք է հետ գային, խուճապ է առաջացել, որ ուրեմն թուրքերն են եկել։ Նախիրն էլ քանի որ մնացել է այն կողմում, մտածել են՝ հովիվներին են գերի վերցրել։ Ու այդպես տեղեկությունը կայծակնային արագությամբ տարածվել է»,- հայտնեց համայնքապետը՝ հավելելով, որ Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունն այսօր աշխատանքներ են իրականացրել, հայտանբերվել են երիտասարդները, համեմատել ռուս սահմանապահների հետ նույնականացվել են։

Հատկանշական, որ բնակիչները երեկ անգամ Արտակարգ իրավիճաների նախարարություն են ահազանգել, որ անցակետը փակվել է և չեն կարողանում վերադառնան։

Բնակիչները ևս հերքում են

ՍիվիլՆեթի լրագրողները զրուցել են նաև համայնքի բնակիչների հետ, որոնք ևս հերքեցին տարածված լուրերը։ Նրանք նշում, որ եթե, օրինակ, հովիվ գերի ընկած լիներ, ապա իրենք անպայման տեղյակ կլինեին, քանի որ գյուղը փոքր է, բոլորը բոլորին ճանաչում են։ Գյուղում ներկայում իրավիճակը հանգիստ է, գյուղացիներն իրենց առօրյա աշխատանքով են զբաղված։

Մեկնաբանել