Ադրբեջանի «բարի» և «չար» «ոստիկանները» կեղծ երկընտրանք են ստեղծում ղարաբաղյան համատեքստում

shushi checkpoint

Ադրբեջանի իշխանությունները վերջին շրջանում փորձում են վերլուծական մակարդակում վերահսկողություն հաստատել Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ խոսույթների նկատմամբ: Ադրբեջանական կամ պրոադրբեջանական տարբեր փորձագետներ պարբերաբար միջազգային հարթակներում հանդես են գալիս հոդվածներով, որտեղ առաջ են քաշում Արցախի հիմնահարցի վերաբերյալ իրենց տեսլականները:

Այդ տեսլականները հիմնականում կարելի է բաժանել երկու խմբի: Առաջին մոտեցման կողմնակիցները հայտարարում են այն, ինչ այժմ հանդիսանում է նաև Ադրբեջանի պաշտոնական գիծը և վերջին շրջանում բազմիցս հնչեցվել է Իլհամ Ալիևի կողմից: Ըստ այս մոտեցման՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը որևէ հատուկ կարգավիճակ չպիտի ունենա Ադրբեջանի կազմում: Այս գծի հիմնական թեզը այն է, որ Ադրբեջանը բազմազգ և բազմադավան պետություն է, որի բոլոր քաղաքացիների իրավունքները պաշտպանված են: ԻսԿ Լեռնային Ղարաբաղի հայերը իրենց քանակով նույնիսկ ամենամեծ փոքրամասնությունը չեն: Սա Բաքվի ամենամաքսիմալիստական մոտեցումն է, որը ակտիվորեն քարոզվում է նաև միջազգային վերլուծական պարբերականների էջերում:

Այսպես, հուլիսի 11-ին թուրք քաղաքագետ Հական Յավուզը հայտնի «Միջազգային հարաբերություններ» պարբերականում հեղինակել է «Ինչու ինքնավարությունը կենսունակ լուծում չէ Ղարբաղում» վերտառությամբ հոդված: Հոդվածի մեջ թուրք փորձագետը նշում է, որ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղին տարածքային ու էթնիկ ինքնավարության տրամադրման դեպքում Ադրբեջանը մշտապես կանգնած է լինելու ապակայունացման վտանգի առաջ: Յավուզը մի շարք քարոզչական թեզեր է առաջ քաշում իր դիրքորոշումը հիմնավորելու համար: Նա, մասնավորապես, ցիտում է ադրբեջանցի քաղաքագետ Արազ Ասլանլիի խոսքերը.

«Ինքնավարություն չպիտի լինի երկու պատճառով: Առաջինը այն է, որ հայերը օգտագործելու են ինքնավարությունը նոր պատերազմի պատրաստվելու համար: Երկրորդը` Ղարաբաղի հայերը բնակչության 0,5 տոկոսից էլ քիչ են: Եվ ո՞վ կվճարի այդ առանձին քաղաքական ինստիտուտների ծախսերը: Հայաստանի Հանրապետությունը մոտ 20 միլիոն դոլար էր ամեն տարի ուղղում ԼՂԻՄ-ի այդ ինստիտուտների գործունեությունը ապահովելու համար: Բաքուն չի անելու և չպիտի անի դա»:

Արցախի ապագայի վերաբերյալ ադրբեջանական փորձագետների կողմից տարածվող երկրորդ հիմնական պատումը այն է, որ Լեռնային Ղարաբաղը կարող է ունենալ ինչ-որ սահմանափակ ինքնավարություն, որը սակայն չի ենթադրում անվտանգային լուրջ երաշխիքներ կամ քաղաքական իշխանության ապակենտրոնացում:

Վերջին շրջանում այս մոտեցումը ներկայացնող ամենաակնառու հոդվածը հրապարակել է ադրբեջանցի փորձագետ Քամալ Մաքիլի-Ալիևը: Մաքիլի Ալիևը Commonspace հարթակում հեղինակել է «Ինքնավարությունը տարբերակներից է, որի միջոցով հայ-ադրբեջանական հարաբերությունների որոշ խնդիրներ կարող են լուծվել» վերտառությամբ հոդված: Այս հոդվածում ադրբեջանցի փորձագետը առաջարկում է կիրառել Ալանդյան կղզիների մոդելը:

Նա, մասնավորապես նշում է, որ Լեռնային Ղարաբաղում ալանդյան մոդելից կարելի է փոխառել այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են լեզվական իրավունքների հատուկը ռեժիմը, որը կենթադրի հայերենի ճանաչում որպես պաշտոնական ռեգիոնալ լեզու և դրա կիրառումը դպրոցներում, մամուլում և տեղական ինքնակառավարման մարմիններում: Մյուս բաղադրիչը, ըստ հեղինակի, պետք է լինի մշակութային իրավունքների ապահովումը, որը հնարավորություն կտա Լեռնային Ղարաբաղի հայերին սեփականության իրավունք ունենալ մշակութային վայրերի նկատմամբ և տնօրինել զբոսաշրջությունից ստացվող եկամուտները: Այս մոդելով ենթադրվում է, որ հայերը պիտի նաև բացառիկ իրավունքներ ունենան Լեռնային Ղարաբաղում անշարժ գույքի, ինչպես նաև տեղական հարկերի վերահսկողության նկատմամբ:

Մաքիլի-Ալիևը նշում է, որ այս իրավունքները պետք է սահմանվեն միջազգային պայմանագրի միջոցով, որի իրականացման երաշխավորները կլինեն տարածաշրջանային պետությունները: Հեղինակը հավելում է նաև, որ այդ պայմանագրով պետք է երաշխավորվի Լեռնային Ղարաբաղի ամբողջական ապառազմականացումը և չեզոքացումը: Լեռնային Ղարաբաղում չեն կարող տեղակայվել ռազմաբազաներ, ինքնավարության սահմաններում չպիտի լինի պարտադիր զինվորական ծառայություն, իսկ զենք կրելու իրավունք կունենան միայն հատուկ և ոստիկանական ուժերը:

Ադրբեջանական կամ պրոադրբեջանական փորձագետների կողմից առաջ քաշվող այս երկու մոտեցումները դիտարկելիս առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, որ դրանց միջև ինչ-որ լուրջ բովանդակային տարբերություն գոյություն ունի: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ առաջարկվող այս տարբերակներից որևէ մեկով Արցախի ապագային առնչվող որևէ հարց նույնիսկ տեսականորեն չի լուծվում: Երկու մոդելի իրագործման դեպքում հետևանքը նույնն է լինելու` Լեռնային Ղարաբաղի հայաթափում:

Առաջին հայացքից միմյանցից տարբերվող այս պատումների տարածումը հավանաբար նաև մեկ այլ նպատակ է հետապնդում: Ադրբեջանը, որդեգրելով Հական Յավուզի հոդվածի մոտեցումը որպես պաշտոնական դիրքորոշում, կարող է ինչ-որ փուլում «մեծահոգաբար» գնալ փոխզիջման և համաձայնել Մաքիլի-Ալիևի առաջարկած կամ նմանատիպ մեկ այլ մոդելի, որը, ինչպես արդեն նշեցինք, որևէ իրական խնդրի նույնիսկ տեսական լուծում չի կարող տալ: Այդ առումով ադրբեջանական ու պրոադրբեջանական վերոնշյալ և այլ փորձագետները այս փուլում ստանձնել են բարի և չար ոստիկանների դերերը:

Առավել մաքսիմալիստական դիրքորոշումներ ունեցող ադրբեջանական փորձագետների ֆոնին պարբերաբար ի հայտ են գալիս իբր ավելի կառուցողական մոտեցումներ ունեցող դեմքեր, որոնք գովասանքի են արժանանում նաև միջազգային փորձագիտական շրջանակների կողմից: Այսպես, Մաքիլի-Ալիևի հոդվածի հրապարակումից հետո բրիտանացի հայտնի հետազոտող Թոմաս դե Վաալը, որը վերջին շրջանում արդեն ակնհայտորեն հանդես է գալիս պրոադրբեջանական դիրքերից, թվիթերյան իր էջում գովեստի խոսքեր է գրել ադրբեջանցի փորձագետի հասցեին:

Սա Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ խոսույթների վերահսկման ակնհայտ փորձ է Ադրբեջանի կողմից: Քարոզչական այս հնարքներին դիմադրելու համար Հայաստանի Հանրապետությունն ու հայկական փորձագիտական շրջանակները պետք է ի սկզբանե բոյկոտեն բոլոր քննարկումները առաջարկվող այն տարբերակների շուրջ, որոնք չեն ենթադրում Լեռնային Ղարաբաղում մշտական խաղաղապահ առաքելության ու ինքնապաշտպանական ուժերի առկայություն:

Ադրբեջանը, գեներացնելով վերոնշյալ պատումները, փորձում է կեղծ երկընտրանքի պատկեր ստեղծել ղարաբաղյան համատեքստում: Քարոզչական այս ջանքերին դիմադրելու համար հայկական կողմը պետք է նաև ավելի պրոակտիվ քաղաքականություն վարի` պարբերաբար հանդես գալով հարցի հանգուցալուծման սեփական իրատեսական տարբերակներով:

Մեկնաբանել