Ռուսաստանցիները փոխում են Գյումրիի ռիթմը․ OC Media-ի անդրադարձը

Gyumri

Արմինե Ավետիսյան, OC Media

Պատերազմը Ուկրաինայում Ռուսաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիների ստիպեց Հայաստան տեղափոխվել: Թեև նրանց մեծ մասը բնակություն է հաստատել Երևանում, մայրաքաղաքում բարձր վարձավճարները ստիպել են ոմանց այլ տարբերակներ փնտրել:

Պատերազմի սկզբից ի վեր Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը զբաղված է ավելի, քան երբևէ։ Ներգնա թռիչքները, սակայն, բերում են ոչ միայն զբոսաշրջիկների, որոնք ցանկանում են հանգստանալ Հայաստանի գեղատեսիլ լեռներում, այլև հազարավոր ռուսաստանցիների, որոնք մտադիր են բնակություն հաստատել երկրում։

Պաշտոնական տվյալներով՝ տարվա առաջին եռամսյակում սահմանը հատել է շուրջ 142 000 ռուսաստանցի, ինչը զգալի աճ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված համեմատաբար չնչին 43 000-ի համեմատ: Եկածներից ոմանք որոշ ժամանակ անց վերադառնում են, իսկ մյուսներն օգտագործում են Հայաստանը որպես տարանցիկ երկիր՝ Ռուսաստանից և դեպի Ռուսաստան ուղիղ թռիչքների արգելքները շրջանցելու համար, բայց տասնյակ հազարավոր մարդիկ էլ նախընտրում են մնալ:

Մասնագիտությամբ ծրագրավորող, 48-ամյա Վիտալի Սիցինը երկու ամիս առաջ է Ռուսաստանի Պերմ քաղաքից տեղափոխվել Երևան։ «Մեր ընկերությունը փակվեց [Պերմում], և գործառնությունները տեղափոխեցին Երևան։ Ես աստիճանաբար հարմարվում եմ այստեղի կյանքին»,- ասում է Վիտալին OC Media-ին։

Վիտալիի գործատուն բնակարան է վարձակալում նրա և նրա գործընկերների համար, որոնք ժամանակավորապես հաստատվել են Հայաստանի մայրաքաղաքում։ Ըստ Վիտալիի՝ իր վարձավճարը գերազանցում է ամսական 1000 դոլարը, և ուրախ է, որ ինքը չէ այն վճարողը։

Փետրվարի 24-ին սկիզբ առած պատերազմից ի վեր Հայաստանի մայրաքաղաքում որոշ բնակարանների վարձավճարները կրկնապատկվել են:

«Ես շատ ընկերներ ունեմ, որոնք ինձ պես տեղափոխվել են Հայաստան, բայց ոչ բոլորն են մնացել Երևանում,- ասում է ծրագրավորողը։- Շատերը նախընտրում են տեղափոխվել այլ քաղաքներ, որտեղ կյանքը համեմատաբար մատչելի է»։

Այդպիսի քաղաքներից է Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Գյումրին՝ իր 100 հազար բնակչությամբ: Զարգացած և մատչելի՝ այն դարձել է նախընտրելի ուղղություն մարդկանց համար, որոնք չեն կարող իրենց թույլ տալ բնակվել թանկ մայրաքաղաքում: Անգամ Վիտալին է մտածում այնտեղ տեղափոխվելու մասին, եթե որոշի ավելի երկար մնալ Հայաստանում։

Մենք սիրում ենք այս քաղաքը

Ilya and Irina, a Russian couple from Moscow, thought long and hard about where to go after the war started before settling on Gyumri. Ilya is a programmer, who could easily do his work remotely, while his wife, a carpenter, can take her craft wherever she goes.

Նախքան Գյումրիում հաստատվելը՝ մոսկվացի ռուս ամուսիններ Իլյան և Իրինան երկար են մտածել՝ ուր գնալ պատերազմն սկսվելուց հետո: Իլյան ծրագրավորող է, կարող է հեշտությամբ կատարել իր աշխատանքը հեռավար, իսկ նրա ատաղձագործ կինը կարող է իր արհեստը տանել՝ ուր էլ գնա։

«Գիտե՞ք, մենք հարմարվել ենք այստեղի կյանքին, մենք սիրում ենք այս քաղաքը»,- ասում է Իլյան OC Media-ին: «Այստեղ ռուսաստանցիներ շատ կան, քաղաքում կան բարեր, որոնք հատկապես երեկոյան ժամերին լի են ՌԴ քաղաքացիներով»։ Զույգը վճարում է մոտ 500 դոլար՝ քաղաքի կենտրոնում գտնվող չորս սենյականոց բնակարանի համար, ինչը էապես էժան է Երևանում բնակարան վարձակալելու աստղաբաշխական գներից։

Առաջին հայացքից թվում է, թե զույգի մոտ ամեն ինչ հիանալի է ընթանում. նրանք հաստատվել են, ընկերներ են ձեռք բերել և մտադիր են քաղաքում մնալ առաջիկա մի քանի տարիներին: Այժմ նրանց միակ մտահոգությունը 12-ամյա որդու՝ Դանիլի կրթությունը շարունակելն է։

«Մեզ ռուսական դպրոց է պետք։ Մենք դեռ փնտրում ենք,- ասում է Իրինան։- Եթե այստեղ լավ դպրոց չգտնենք, գուցե Թբիլիսիում էլ նայենք, թեև կարծում ենք՝ կգտնենք։ Մենք նոր ենք, դեռ ամեն ինչ լավ չգիտենք»։

Հին Գյումրի․ Լուսանկարը՝ Անահիտ Հարությունյանի, OC Media

«Ռուսաստանի քաղաքացիները փոխել են մեր կյանքի ռիթմը,- ասում է Գյումրիում գործող տուրիստական ընկերության աշխատակից Լիզա Գասպարյանը։- Կային խնդիրներ, սկզբում նույնիսկ արհեստական գնաճ կար անշարժ գույքի շուկայում։ Հարցը լուծվեց, թեև ոչ այնքան արագ»։

Գասպարյանը նշում է, որ չնայած ռուսաստանցիների ժամանումից բխող սկզբնական գնաճին՝ նրանց ժամանումը և քաղաքի հաստատություններ հաճախելը նաև տնտեսական օգուտ է բերել՝ Գյումրին ավելի, քան երբևէ լի է ամենօրյա աշխույժ կյանքով։

Գասպարյանը կարծում է, որ իրենց ջերմ ընդունելության շնորհիվ հյուրերից ոմանք կարող են նույնիսկ մտածել Գյումրիում մշտական բնակության մասին։

Կացության իրավունք

Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանի 1600 քաղաքացի դիմել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Բազմաթիվ մարդիկ էլ դիմել են կացության թույլտվության համար, մասնավորապես՝ փետրվարի 24-ից ապրիլի 13-ն ընկած ժամանակահատվածում կացության համար դիմել է ՌԴ մոտ 350 քաղաքացի։

Հայաստանում կացության երեք կարգավիճակ կա, պարզաբանում է Հայաստանի միգրացիոն ծառայության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը։

«Ցանկացած օտարերկրացու կացության կարգավիճակ է տրվում, եթե նա փաստերով հաստատում է, որ կան հանգամանքներ, որոնք հիմնավորում են Հայաստանի տարածքում իր մեկ կամ ավելի տարի մնալը։ Նման հանգամանք կարող է լինել կրթությունը, աշխատանքը, բիզնեսը կամ Հայաստանի քաղաքացու ընտանիքի անդամ լինելը»,- ասում է Դավթյանը։

Դավթյանի խոսքով՝ մինչ այժմ հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմել է ՌԴ մոտ 200 քաղաքացի։

Հայաստանում փախստականի դիմումի քննարկումը սովորաբար տևում է երեքից վեց ամիս: Եթե անձը ճանաչվում է փախստական, ապա նա իրավունք ունի անորոշ ժամանակով օրինական ապրելու Հայաստանում, սակայն իրավունք չունի ունենալ հողատարածք կամ քվեարկել։ Եթե նրա դիմումը մերժվի, նա կհամարվի անօրինական ներգաղթյալ և ստիպված կլինի հեռանալ Հայաստանից։

«Ապաստանի իրավունքը հիմնարար իրավունք է. մենք բաց ենք բոլոր օտարերկրացիների համար, որոնք ցանկանում են փախստականի կարգավիճակ ստանալ: Բոլորի պահանջները դիտարկվում են անհատապես»,- ասում է Նելլի Դավթյանը։