ԱԽ քարտուղարի խնդրահարույց հայտարարությունը և դրա հնարավոր հետևանքները

Հուլիսի 19-ին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Արմենպրես» գործակալության հետ հարցազրույցում մի շարք հայտարարություններ է արել Արցախում Հայաստանի զինված ուժերի ներկայության վերաբերյալ: ԱԽ քարտուղարը, ակնհայտորեն արձագանքելով վերջին շրջանում Ադրբեջանից հնչող սպառնալիքներին, մասնավորապես, նշել է.

«Ճշգրիտ լինելու համար արձանագրենք: Պատերազմի բերումով ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ ՊԲ-ին օգնելու նպատակով մուտք են գործել ԼՂ: Հրադադարի հաստատումից հետո նրանք վերադառնում են Հայաստանի Հանրապետություն: Այս գործընթացը մոտ է ավարտին և սեպտեմբերին կավարտվի: Ինչ վերաբերում է Պաշտպանության բանակին, այն Լեռնային Ղարաբաղում է եղել և շարունակում է այնտեղ մնալ»:

Գրիգորյանի այս հարցազրույցին նախորդել էր Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում Հայաստանի ռազմական ներկայության թեմայով հերթական ակտիվացման ալիքը: Այսպես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 15-ին մեղադրել էր Հայաստանին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 4-րդ կետը չկատարելու մեջ և նշել էր, որ եթե Երևանը չի ցանկանում դուրս բերել իր զորքերը Լեռնային Ղարաբաղից, ապա այդ մասին պետք է բաց տեքստով հայտարարի, որպեսզի Բաքուն իմանա իր անելիքը:

Այս թեման վստահաբար քննարկվել է նաև հուլիսի 16-ին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև Թբիլիսիում տեղի ունեցած հանդիպման ընթացքում: Հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարարության կողմից տարածված հաղորդագրության պարբերություններից մեկում հերթական անգամ ներկայացված էր Լեռնային Ղարաբաղից Հայաստանի զինված ուժերի դուրսբերման պահանջը: Այդ հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը հավանաբար նաև սպառնացել է Հայաստանին ռազմական նոր էսկալացիայով և վերջնագրեր դրել Երևանի առաջ:

Ակնհայտ է, որ Արմեն Գրիգորյանն այս հարցազրույցով փորձել է նվազեցնել ռազմական նոր էսկալացիայի վտանգը կամ կանխել այն: Այնուամենայնիվ, Գրիգորյանի վերոնշյալ հայտարարությունը չափազանց խնդրահարույց, վտանգավոր և հղի է անկանխատեսելի հետևանքներով: Այդ հայտարարությունը ոչ միայն չի կարող զսպել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, այլև միմիայն նպաստելու է դրա հաջողությանը և նոր խնդիրներ է ստեղծելու հայկական կողմի համար:

ԱԽ քարտուղարի այն պնդումը, որ Լեռնային Ղարաբաղում դեռ շարունակում են Հայաստանի Հանրապետության զինված ստորաբաժանումներ տեղակայված լինել, մեծ հաշվով լեգիտիիմացնում է Ադրբեջանի հետպատերազմական շրջանի ապակառուցողական և ագրեսիվ պահվածքը հակամարտության գոտում: Ադրբեջանն ագրեսիվ գործողությունները մշտապես հիմնավորում է այն փաստարկով, թե Հայաստանը չի կատարում նոյմեբերի 9-ի հայտարարության 4-րդ կետը, ինչն էլ հիմք է տալիս Բաքվին ուժի կիրառման միջոցով տարբեր խնդիրներ լուծել: Ադրբեջանական այս պատումը, օրինակ, ակտիվորեն տարածվում էր մարտի 24-ին Փառուխ գյուղի և Քարագլուխ տեղանքի հատվածում ռազմական էսկալացիայի ընթացքում և դրանից հետո:

Արմեն Գրիգորյանի պնդումը հարցականի տակ է դնում նաև Հայաստանի կողմից հնչեցվող տեսակետների ու դիրքորոշումների արժանահավատությունը: Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո ՀՀ արտգործնախարարությունը և պատկան այլ մարմիններ հետևողականորեն հերքում էին Բաքվի այն մեղադրանքները, որ Լեռնային Ղարաբաղում շարունակում են ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ տեղակայված լինել: Հայաստանի այս դիրքորոշմանը համահունչ գնահատականներ էին հնչեցնում նաև Ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող միջազգային հեղինակավոր կազմակերպությունները: ԱԽ քարտուղարի այս անհաջող ձևակերպված հայտարարությունը զրոյացրել է հայկական դիվանագիտության հետպատերազմական փուլի բոլոր ջանքերը: Ադրբեջանը վստահաբար օգտագործելու է այս դեպքը ապագայում, որպեսզի ցույց տա, որ հայկական կողմի հայտարարություններին չարժե լուրջ վերաբերվել:

Արմեն Գրիգորյանի պնդման մեջ ամենահակասականն այն է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Արցախում իրականում ՀՀ ԶՈւ որևէ ստորաբաժանում չկա: ՀՀ Զու ստորաբաժանումներ ասելով` ԱԽ քարտուղարը հավանաբար նկատի է ունեցել Հայաստանից Լեռնային Ղարաբաղ զորակոչված ժամկետային զինծառայողներին, որոնց վերջին խումբը զորացրվելու է մոտ ապագայում:

Այնուամենայնիվ, միամտություն է կարծել, թե Բաքուն բավարարվելու է ժամկետայինների այդ խմբի զորացրմամբ ու Հայաստանից դեպի Արցախ զորակոչի բացակայությամբ: Ակնհայտ է, որ այս փուլում Բաքվի նպատակները շատ ավելի լայնածավալ են: Ադրբեջանի իշխանությունները չեն թաքցնում, որ փորձում են հասնել Պաշտպանության բանակի զինաթափմանը և դիտարկում են այն որպես ՀՀ ԶՈւ մաս:

Այդ առումով Արմեն Գրիգորյանի հայտարարությունը ոչ միայն չի նվազեցրել ռազմական նոր էսկալացիայի վտանգը, այլև ամրապնդել է Ադրբեջանի դիրքորոշումը: Այս հայտարարությունը հնարավորություն է տալու Բաքվին մոտ ապագայում ակտիվ գործողություններ ձեռնարկել Պաշտպանության բանակի զինաթափման իր ծրագիրը իրագործելու ուղղությամբ: Ամենայն հավանականությամբ, Գրիգորյանի հայտարարության մեջ նշված ժամկետից հետո Ադրբեջանը կրկին ակտիվանալու է այս հարցում և փորձելու է նորանոր զիջումներ կորզել հայկական կողմից:

Մեկնաբանել