2022-ի առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է երկնիշ տնտեսական աճ

Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է երկնիշ տնտեսական աճ: 2022-ի հունվար-հունիսին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 11,8%:

Համաձայն Վիճակագրական կոմիտեի հրապարակած սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ տվյալների` այս տարվա հունիսին 2021-ի հունիսի նկատմամբ ՏԱՑ-ը կազմել է 18,5%:

Տևական ժամանակ աճի նվազ դինամիկա գրանցած արդյունաբերության ոլորտը (հիմնականում Թեղուտի հանքավայրի չաշխատելու պատճառով) կտրուկ աշխուժացել է` հունիսին գրանցելով 19% աճ, իսկ կիսամյակի տվյալներով հասնելով շուրջ 6% աճի: Հանքաարդյունաբերության ոլորտի նվազման ֆոնին արդյունաբերության 19% աճը, ըստ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ պայմանավորված է մշակող արդյունաբերության զգալի աճով։

Կիսամյակի կտրվածքով երկնիշ աճ են գրանցել հետևյալ ոլորտները` շինարարություն (12,7%), առևտրի շրջանառություն (10,7%), ծառայությունների ոլորտ (26,9%), էլեկտրաէներգիայի արտադրություն (14,8%) և արտաքին առևտրաշրջանառություն (44%): Ընդ որում, արտահանումն աճել է 36,3%-ով, իսկ ներմուծումը` 48,7%-ով:

Չնայած արտահանման ծավալների տպավորիչ աճին, որը միայն հունիսին կազմել է 68,1%, գյուղատնտեսության ոլորտն արձանագրել է բացասական դինամիկա. անկումը` 5,5%:

Գնաճը հունիսին կազմել է 10,3%` կիսամյակի կտրվածքով հասնելով 8,1%-ի: ԱՄՆ դոլարի վեց ամսվա միջինացված փոխարժեքը հաշվարկվել է 468 դրամ:

Մեկնաբանել